‘
Հայաստանը մերժել է Երևանի Կապույտ մզկիթում նամազ անցկացնելու վերաբերյալ թուրքական կազմակերպության պահանջը, հաղորդում են ադրբեջանական լրատվամջոցները:
Ավելի վաղ ASIMDER («Հայերի անհիմն պահանջների դեմ պայքարի միություն») կազմակերպությունը, հղում կատարելով Աղթամար կղզում անցկացվող ամենամյա պատարագներին, որոշել էր նամազն անցկացնել Երևանի Կապույտ մզկիթում: Կազմակերպությունը դիմել է Հայաստանում Վրաստանի և Իրանի դեսպանություններին, որպեսզի դիվանագիտական ներկայացուցիչների միջոցով ստանա հայկական կողմի թույլտվությունը, ինչպես նաև «անվտանգության երաշխիքները»:
Հաղորդվում է, որ ստանալով մերժում, այդ կազմակերպության ղեկավար Գյուկսել Գյուլբեյն խոստացել է «ցանկացած գնով հասնել իր նպատակին, մինչև անգամ դիմելով Կոնստանտինոպոլի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին»: Ընդր որում, Հայաստանի տարածքը Գյուլբելն անվանում է «իր նախնիների հայրենիք»: Թուրքական կազմակերպության զառանցանքներին է միացել նաև ադրբեջանական Beynelxalq կենտրոնը, որի ղեկավար ոմն Սամիր Ադիգյոզալին, իր հերթին, հայկական տարածքները «միացրել է» Ադրբեջանին, Երևանն անվանելով «հին» Ադրբեջանի պատմական հող:
‘