‘Հայաստանը շահագրգռված է հարևան Իրանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում ‘

702

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորած պատվիրակությանը:

Ըստ President.am-ի, Սարգսյանը ողջունել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Մաջիդ Նամջուի գլխավորած պատվիրակությանը՝ ընդգծելով, որ իր խորին համոզմամբ, հանձնաժողովը մեծ դերակատարություն ունի երկու երկրների միջև բոլոր ոլորտներում՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ մշակութային, համագործակցությունը զարգացնելու գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է հարևան Իրանի հետ հարաբերությունները խորացնելու, փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հարցում, որը կնպաստի նաև երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների աճին: Նա նշել է, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններն առաջընթաց են ապրում, և համագործակցության օրինակների շարքը շուտով կհամալրի Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքը:

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն  Սարգսյանին տեղեկացրել է, որ համաժողովի երևանյան նիստը հաջող ընթացք է ունեցել, և երկկողմ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են հատկապես էներգետիկայի ոլորտում հաջողությամբ զարգացող փոխգործակցությունը: Մաջիդ Նամջուն վստահեցրել է, որ որպես միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ջանք չի խնայի երկու բարեկամ երկրների նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի բնագավառներում առանցքային նախագծերի իրականացումն առաջ մղելու գործում: 

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան vs Սերժ Սարգսյան’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալի» երկրպագուների կայքը ներողություն խնդրեց Մեսիից’