‘
Հայաստանի շախմատի ֆեդերացիան, որը գլխավորում է Սերժ Սարգսյանը, որոշում է ընդունել չմասնակցել սեպտեմբերի 1-ին Բաքվում մեկնարկող տղամարդկանց համաշխարհային շախմատային օլիմպիադային: «Ֆեդերացիայում քննարկել ենք այս հարցը եւ որոշել. մեր հավաքականը չի մասնակցելու օլիմպիադային, չի մեկնելու Բաքու: Որոշումը վերջնական է», — հայտարարել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:
Հիշեցնենք, որ շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականն օլիմպիադայի եռակի չեմպիոն է, 3 անգամ էլ նվաճել է բրոնզե մեդալներ, մշտապես համարվել է մեծ մրցաշարերի ֆավորիտներից մեկը: Անցյալ տարի հայ շախմատիստները՝ Լեւոն Արոնյանի գլխավորությամբ, մասնակցեցին Բաքվում կայացած աշխարհի գավաթի խաղարկությանը, հայ մարզիկները մասնակցեցին Բաքվում կայացած Եվրոպական 1-ին մարզական խաղերին ինչը միանշանակ չընդունվեց Հայաստանում: Բայց հիմա մեր շախմատիստների մեկնելը Բաքու շատ ավելի անհասկանալի եւ ռիսկային կլիներ:
Բաքվում, ընդհանրապես, չեն լինի հայազգի շախմատիստներ. մի քանի հայեր այլ երկրների հավաքականների կազմերում մշտապես մասնակցում էին աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, օլիմպիադաների: Մասնավորապես, ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի որոշմամբ այս երկրի հավաքականի կազմում ընդգրկվել են Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Եեյ Ռոբսոնը եւ Սամուել Շենկլենդը: ԱՄՆ-ի կազմում երկար տարիներ անփոփոխ հանդես եկած Վարուժան Հակոբյանը, ինչպես նաեւ երիտասարդ եւ հեռանկարային Սամուել Սեւյանը չեն ընդգրկվել ԱՄՆ հավաքականի կազմում:
‘