‘Հայաստանը տիեզերքում գործող հեռահաղորդակցության արբանյակ կունենա’

1070

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն օրերս աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ հանդիպում է ունեցել \”Ռոսկոսմոս\” Դաշնային տիեզերական գործակալության տնօրեն Վլադիմիր Պոպովկինի հետ:

Կապի եւ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Գագիկ Բեգլարյանը նշել է, որ հուլիսի 9-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և \”Ակադեմիկոս Մ.Ֆ.Ռեշետնյովի անվան\” Տեղեկատվական արբանյակային համակարգերե ԲԲԸ-ի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրով Հայաստանը սկիզբ է դրել ՀՀ կապի և հեռուստահեռարձակման  տիեզերական ապարատի ստեղծման և գեոստացիոնար կապի արբանյակային  71.4 E ուղեծրային դիրքում տեղադրման գործընթացին:

Կողմերը համաձայնել են սեղմ  ժամկետներում ռուսական \”Գեյզեր-Տելեկոմ\” ՍՊԸ-ի հետ ստորագրել պայմանագիր`  նախապատրաստելու ՀՀ կապի ու հեռահաղորդակցության սեփական արբանյակի տեխնիկատնտեսական  հիմնավորումը, որի արդյունքներով կքննարկվի արբանյակի ստեղծման նախագիծը:
Ըստ աղբյուրի, այս համաձայնությունների արդյունքում Հայաստանը առաջին անգամ կունենա տիեզերքում գործող  հեռահաղորդակցության իր արբանյակը: Հայկական հեռահաղորդակցության առաջին արբանյակի գործարկումը տիեզերքում խոստումնալից հեռանկարներ է բացում Հայաստանի անվտանգության, գիտության, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման և կատարելագործման բնագավառներում, նոր հնարավորություններ ստեղծում կապի ոլորտի ընդլայնման և ամենաժամանակակից տիեզերական տեխնոլոգիաների ընդգրկման համար:
 

Նախորդ հոդվածը‘Գիդո Վեստերվելլե. Հանդուրժողականությունն ու հարգանքը ազատության որդիներն են’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչը բնակվելու է Սարկոզիի հարեւանությամբ’