‘Հայաստանի բանկերում աճել են ժամկետանց վարկերը’

888

Ընթացիկ տարվա հուլիս ամսվա վերջի դրությամբ հայաստանյան բանկերում ժամկետանց վարկերը կազմել են 26,2 մլրդ ՀՀ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի 1.41%-ը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ժամկետանց դասակարգված վարկերի կառուցվածքում գերակշռել են կարճաժամկետ վարկերը:

B24.am-ի փոխանցմամբ, միևնույն ժամանակ, հաշվետու ամսվա վերջի դրությամբ երկարաձգված վարկերը կազմել են հայաստանյան բանկերի վարկերի համախառն ծավալի 6.08%-ը կամ 112,82 մլրդ ՀՀ դրամ: Երկարաձգված դասակարգված վարկերի կառուցվածքում ևս գերակշռել են կարճաժամկետ վարկերը:

Հուլիս ամսվա վերջի դրությամբ բանկերում վարկերի համախառն ծավալը կազմել է 1856,8 մլրդ ՀՀ դրամ:

Համեմատության համար նշենք, որ 2013 թվականի դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ հայաստանյան բանկերում ժամկետանց վարկերը կազմել էին 21,3 մլրդ ՀՀ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի 1.20%-ը, իսկ երկարաձգված վարկերը՝ համապատասխանաբար 96,52 մլրդ ՀՀ դրամ և 5.43%:

2013 թվականի ընթացքում բանկերը գրանցել էին ինչպես ժամկետանց, այնպես էլ երկարաձգված վարկերի ծավալի աճ, որին նպաստել էր նաև մայիս ամսին տեղի ունեցած կարկտահարությունը:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիները դիմում են ՃՈ-ին՝ արագաչափ տեղադրելու խնդրանքով. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիք. Սարգսյան-Ալիև բանակցությունները հաջող են անցել’