‘Հայաստանի դիմորդները Ռուսաստանի լավագույն բուհեր ընդունվելու հնարավորություն կստանան’

1067

Հայաստանի երիտասարդները Ռուսաստանի լավագույն բուհեր ընդունվելու հնարավորություն կստանան: Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը հայտարարում է 2015-2016 ուսումնական տարում Ռուսաստանի բուհեր ընդունվելու համար թեկնածուների հավաքագրման մասին` Ռուսաստանի դաշնային բյուջեի հաշվին:

Ինչպես փետրվարի 6-ին մամուլի ասուլիսում պատմել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական Օլեգ Շապովալովը, 2015 թվականին Հայաստանի համար ավելացվել է ուսուցման քվոտան: Այսպես, եթե նախորդ տարի տվյալ ծրագրով Ռուսաստանի բուհեր էին ընդունվել 150 հայեր, ապա այս տարի կընտրվեն արդեն 223-ը: «2014 թվականին հայաստանցի ուսանողները շատ լավ արդյունքներ են ունեցել: Ընդունվածների 75%-ը սովորել են Ռուսաստանի լավագույն բուհերում, այդ թվում` Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում», — նշել է նա:

Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինն իր հերթին տեղեկացրել է, որ կենտրոնում փաստաթղթերի ընդունումն իրականացվում է մինչև փետրվարի 16-ը` աշխատանքային ժամերին: Փետրվարի 17-20-ը ներառյալ կանցկացվի ռուսերենից թեստավորում, այնուհետև ընտրությունը կիրականացնի հատուկ աշխատանքային խումբը:

Բուհեր ընդունելությունն իրականացվում է բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, ինչպես նաև բժշկական մասնագիտությունների համար օրդինատուրայի ծրագրերով: ՀՀ ԶՈՒ ծառայության տարկետումը կկանոնակրագվի կառավարության հատուկ որոշմամբ: «Ծրագիրը միանգամայն անվճար է` բոլոր մակարդակներում», — ընդգծել է նա:

Կալինինը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ փետրվարի 24-28-ը Հայաստանում կընթանա մաթեմատիկայի միջազգային օլիմպիադա` «Ռուսաստանում ուսանելու ժամանակը», որի հաղթողները հնարավորություն կստանան ընդունվել Ռուսաստանի լավագույն տեխնիկական բուհեր: 

Նախորդ հոդվածը‘Սահմանամերձ շրջանները չքաղաքականացնելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Սպանություն Փարաքար գյուղում. Կինը դանակի մոտ 30 հարված է ստացել’