‘Հայաստանի երկու տասնյակից ավելի բնակավայրեր կանվանափոխվեն’

930

Աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովը պատրաստվում է Ազգային ժողով նոր փաթեթ ներկայացնել` կապված 24 բնակավայրերի անվանափոխման հետ: Ինպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց հանձնաժողովի քարտուղար Արթուր Ավդալյանը, հանրապետությունում մոտ 50  բնակավայրի անվանափոխման անհրաժեշտություն կար, որից համայնքների ղեկավարիների եւ մասնագիտական հանձնաժողովի անդամների փոխհամաձայնության արդյունքում ընտրվել են 24-ը: «Անվանափոխումների իմաստն օտարամոլ, անբարեհունչ, կրկնվող անվանումներից ազատվելն է: Անվանափոխման հիմքում ընկած է մեր պատմական  անվանումների վերականգնումը»,-ասաց նա:

Ավդալյանը նշեց, որ անվանափոխման անհրաժեշտություն հիմնականում առաջանում է ժամանակաշրջանի «պահանջով»: Անվանափոխման առաջարկություններով կարող է ներկայանալ ցանկացած ֆիզիկական եւ իրավաբանական անձ: «Անվանափոխման առաջարկը ստանալուց հետո այն համաձայնեցվում է  հանձնաժողովի հետ: Դրական եզրակացության դեպքում` ներկայացվում է կառավարությանը, ապա Ազգային ժողովին: Ընդունվելու դեպքում փոփոխություն է կատարվում վարչատարածքային բաժանման մասին օրենքում»,-ասաց նա:

Հանձնաժողովի քարտուղարի խոսքով` պատմության մեջ գրանցվել են դեպքեր, երբ անվանափոխումը բնակչությանն այնքան էլ չի գոհացրել: «Խորհրդային տարիներին միապետերի անվանումներով անվանափոխվեցին մի շարք  բնակավայրեր, բացի Վաղարշապատից: 1945- 1995 թվականներին Վաղարշապատն անվանափոխվեց եւ կոչվեց Էջմիածին: 1995  թվականին նորից վերականգնվեց բնակավայրի Վաղարշապատ  անվանումը, չնայած, ցավոք սրտի, այդ անվանումն այսօր շատ քիչ է օգտագործվում»,-ասաց Ավդալյանը:

Իսկ այն հարցին, թե օրենքի ընդունումից հետո հասարակությունն ինչպե՞ս է իրազեկվում նոր անվանման մասին, Ավդալյանը նշեց, որ փոփոխությունը կատարվում է օրենքում, իսկ օրենքին ծանոթանալը եւ հարգելը բոլորիս պարտավորությունն է: «Թե տեղական ինքնակառավարման մարմինները, եւ թե այն գերատեսչություները, որոնք որ շփվում են անվանումների հետ, պետք է տեղեկացված լինեն, եւ համապատասխան միջոցներ ձեռնարկեն, որպեսզի օրենքի սահմաններում ընդունված նոր անվանումը կիրառության մեջ մտնի»,-ասաց նա:

ՀՀ կառավարության կողմից ստեղծված Աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովը ստեղծվել է 2001 թվականին: Հանձնաժողովի  կազմում ընդգրկված են աշխարհագրության, լեզվի, պատմության եւ այլ մասնագետներ, ովքեր որ առնչվում են տեղանունների հետ; Գործունեության մեկ տասնյակից ավելի տարիների ընթացքում հանձնաժողովը անվանափոխման առաջարկով  երկու անգամ է հանդես եկել, որի արդյունքում բնակավայրի 58 անվանափոխում է իրականացվել:

Նախորդ հոդվածը‘Էստոնիայում պատանիներին «գեյ-մոծակների» եւ «սեքսուալ մկնիկի» պարերն են սովորեցնում’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը` «Սպարտակում»’