‘Հայաստանի էլեկտրական ցանցերում էլեկտրաէներգիայի կորուստները գրեթե երկու անգամ գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշը ‘

1024

Հայաստանի էլեկտրական ցանցերում էլեկտրաէներգիայի կորուստները գրեթե երկու անգամ գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշը: Այդ մասին հաղորդել է բելգիական Tractebel Engineering ընկերության նախագծերի մենեջեր Վինսենթ Լամբիոնը Երևանում էներգետիկ սեմինարի ընթացքում:

Նա իր ելույթում նշել է, որ հանրապետության էլկետրական ցանցերում կորուստները կազմում են շուրջ 12-15 տոկոս, մինչդեռ համաշխարհային միջին ցուցանիշը 8 տոկոս է: Եվրոպայում այդ ցուցանիշն ավելի ցածր է, օրինակ, Բելգիայում կազմում է 5-7 տոկոս: Սեմինարի ընթացքում մասնագետը կիսել է կորուստների կրճատման համաշխարհային փորձը և ներկայացրել մի շարք ինժեներային տեխնիկական լուծումներ, մասնավորապես, ծանրաբեռնվածության օպտիմալ բաշխման, ծախսերի օպտիմալացման, պահանջարկին համապատասխան արտադրող հզորությունների փոփոխման վերաբերյալ և այլն:

ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Վինսենթ Լամբիոնը նշել է, որ էլեկտրաէներգիայի կորուստներին առնչվող իրավիճակը Հայաստանում գրեթե նույնն է, ինչ Վրաստանում և Ադրբեջանում, և փոքր-ինչ ավելի լավ` քան Ռուսաստանում: Բարձր կորուստները պայմանավորված են մի քանի գործոնով: Առաջին հերթին, նշել է փորձագետը, հանրապետության ցանցերը շատ հին են: Երկրորդ պատճառն այն է, որ հարկավոր է ստեղծել նոր ենթակառուցվածքներ, հաշվի առնելով էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը: Եվ երրորդ պատճառն էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ավելի արդյունավետ և օպտիմալ կառավարման անհրաժեշտությունը, ասել է նա: Վինսենթ Լամբիոնը հավելել է, որ կա դիսպետչերական կենտրոնում առավել օպերատիվ և օպտիմալ կառավարում կազմակերպելու հնարավորություն:

Նրա խոսքով, Tractebel Engineering-ն այժմ Հայաստանում իրականացնում, է հաղորդիչ և բաշխիչ ցանցերի և էլեկտրաենթակայանների վերականգնման երկու նախագիծ, ինչը կորուստների կրճատմանն անռչվող առաջին լուծումներից մեկն է: Ընկերությունն անցկացնում է տեխնիկատնտեսական հետազոտություններ և տրամադրում խորհրդատվություններ, որոնք տրամադրվել են նաև Հայկական ԱԷԿ-ում Stress Test անցկացնելիս:

Մասնագետը, միևնուն ժամանակ, չի կարողացել պատասխանել թղթակցի այն հարցին, թե որքանով, ինչպիսի ժամկետում և ինչ ներդրումներով կարելի է նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները Հայաստանում: Նրա հավաստմամբ,  Tractebel Engineering-ը Հայաստանում նման հետազոտություններ չի անցկացրել:

Նշենք, որ 2014 թվականի հուլիսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը նշել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ խոշոր ներդրումներ է իրականացրել էլեկտրաէներգիայի որակը բարձրացնելու և կորուստները նվազեցնելու համար: Այսպես, նրա խոսքով, 2003 թվականին կորուստները ցանցում կազմել են 17 տոկոս, իսկ այժմ հասցվել են մինչև 11,2 տոկոսի:

Նախորդ հոդվածը‘Հրապարակվել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը’
Հաջորդ հոդվածը‘«Քուրդիստան» կոմիտեն բողոքի ակցիա է անցկացրել ՄԱԿ-ի Երևանի ներկայացուցչության դիմաց’