‘Հայաստանի թռչնաշխարհը լեռնահանքային ընկերությունների գործունեության զոհ է դառնում’

782

Հայաստանի թռչնաշխարհը լեռնահանքային ընկերությունների գործունեության զոհ է դառնում: ԱրմԻնֆո-ի հետ զրույցում «Թռչնասերների կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը նշել է կենդանիների և թռչունների միգրացիայի խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով, շահագործվող հանքավայրերից 10 կմ հեռավորության վրա գտնվող գոտում բնակվող փետրավորները հանքերի պայթեցման և աղմկային սթրեսի պատճառով ստիպված լքում են բնակատեղիները: «Լեռնահանքային գործունեությունն ազդում է կենսաբազմազանության վրա նույնիսկ հանքից 50 կմ շառավղով: Դա անվիճելի փաստ է: Փակ եղանակով շահագործումը կարող էր նվազագույնի հասցնել կենդանական աշխարհի վրա բացասական ազդեցությունը, սակայն իր թանկության պատճառով այն Հայաստանում գործնականում չի կիրառվում»,- ընդգծել է փորձագետը:

Որպես օրինակ`նա նշել է Մելիք գյուղի ոսկու հանքավայրը, որը պատկանում է «Գլոբալ Գոլդ» ընկերությանը. տվյալ պահին հանքի չաշխատելու հետևանքով բնապահպանները հարակից տարածքներում փետրավոր գիշատիչների թվաքանակի ավելացում են արձանագրել: Ադամյանի խոսքով, մոտակայքում գտնվում են կարտոֆիլի, հացահատիկի դաշտեր: «Այստեղ մեծ քանակությամբ կրծողներ կան, որոնցով էլ սնվում են գիշատիչ թռչունները, իսկ դա նշանակում է, որ փետրավոր գիշատիչների պոպուլյացիայի ավելացումից գյուղատնտեսությունն զգալիորեն շահում է»,- նշել է էկոլոգը:

Կենդանիներից և փետրավորներից բացի, լեռնահանքային գործունեության զոհ են դառնում նաև միջատների կարմիրգրքյան տեսակները: Տարբեր երկրների միջատաբանները, ժամանելով Հայաստան, զարմանում են այստեղ հանդիպող միջատների կարմիրգրքյան տեսակների մեծ քանակությամբ: Մենք ունիկալ երկիր ենք, բայց չենք կարողանում գնահատել ու պահպանել այն, ինչ ունենք□,- ասել է նա:

 

Նախորդ հոդվածը‘Յոլյանը վերանշանակվեց Իշխան Զաքարյանի տեղակալի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Ռաչինսկի. Միգուցե ԱԳ երկրներն ի վիճակի չէին մասնակցել այն նախագծին, որն ի սկզբանե առաջարկվում էր’