‘Հայաստանի իրական օլիգարխները’

4098

Ուկրաինական իրադարձություններից հետո Սերժ Սարգսյանն ու իր փեսա Միքայել Մինասյանը սխալ հետևություններ են արել։ «Պոչները» քաշելու փոխարեն` որոշել են է՛լ ավելի ագրեսիվորեն «պարտադիր կուտակային» պլաններ մշակել։

Հաշվի առնելով այն հրապարակումները, որոնք տարածվում են «ազատ, անկախ և խիստ պատասխանատու»  կայքերի ու թերթոնների միջոցով՝ Միքայել Մինասյանի ախորժակը գրգռվել է (պետք է ազնվություն ունենալ և խոստովանել, որ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը` Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի համեմատ, շուկայական տնտեսության և ազատական արժեքների քայլող խորհրդանիշ է, պարզապես Սաշիկին են դեմ տալիս հանրությանն ու փչացնում):

Մ. Մինասյանն, իր խմբագիրների միջոցով, վերջին օրերին ինտենսիվորեն կոչ է անում Հայաստանում գնալ խոշոր բիզնեսի կուլակաթափման ճանապարհով՝ հղում անելով ուկրաինական դեպքերին ու դրան հաջորդած միջազգային արձագանքին։

Դեռ մի կողմ թողնենք այն հարցը, որ ոչ մի երկրում սեփականության վերաբաշխումը բարեկեցություն չի ապահովել տվյալ երկրի քաղաքացիներին։ Բոլշևիկներն էլ էին խոստանում կուլակաթափությունից հետո գործարանը տալ բանվորներին, իսկ հողը՝ գյուղացուն, որին պետք է հաջորդեր կոմունիստական դրախտի կառուցումը, սակայն սկսվեց սով, իսկ դժգոհներին պարզապես գնդակահարեցին կամ քշեցին ազատազրկման վայրեր։

Կուլակաթափման գաղափարախոսությունը շրջանառության մեջ դրած Սերժ Սարգսյանն ու իր փեսան որպես օլիգարխ ներկայացնում են բոլոր փողատերերին կամ խոշոր սեփականատերերին, որոնցից նպատակ ունեն խլելու փողը կամ սեփականությունը։ Բայց Հայաստանի իրական օլիգարխիան հենց իրենք են՝ Սերժ Սարգսյանն ու իր ընտանիքի անդամները, Տիգրան Սարգսյանն էլ` վրադիր, ինչի մասին «մոռանում են» գրել մեր «ազատ, անկախ և խիստ պատասխանատու» կայքերի ու թերթոնների խմբագիրները։

Հիմա, եթե Սերժ Սարգսյանի փեսան խաչակրաց արշավանք է քարոզում, նշանակում է` Բաղրամյան 26-ում որոշել են ինքնասպանություն գործել կամ ավելի հստակ՝ խարակիրի անել։ Քրիստոնեությունն, իհարկե, թույլ չի տալիս խարակիրի, բայց եթե մեռելոցների սիրահարներն, անդուհանդերձ, որոշել են այդ ձևով պայքարել օլիգարխիայի դեմ, ապա մենք նրանց ոչնչով չենք կարող օգնել։ Ընդամենը կարող ենք քաղաքականապես աջակցել, որ շուտ հեռանան ու չդիմեն խարակիրիի։

Արմեն Հովսեփյան

Նախորդ հոդվածը‘Ձմեռային համահայկական առաջին խաղերը շարունակվում են (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Հայտարարություն. Սումգայիթյան կոտորածը Ադրբեջանի հայության բռնագաղթի առաջին արարն էր’