‘Հայաստանի կաթոլիկները դեռ լռում են’

1265

Այսօր Ավանի բնակիչները բաց նամակով դիմել էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, ոստիկանապետին ու կրթության եւ գիտության նախարարին՝ իրենց անհանգստությունը հայտնելով Ավան վարչական շրջանում գտնվող Մխիթարյան ճեմարանի գործունեության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ բնակիչների խոսքով՝ հիշյալ ճեմարանում անչափահասներին ծեծում են, ան դեղեր խմեցնում և սովամահ անում:

iLur.am-ի թղթակիցները մեկնեցին Մխիթարյան ճեմարան՝ մեկնաբանություն ստանալու և նամակում տեղ գտած վկայությունների իսկությունը պարզելու համար: Ճեմարանի անվտանգության աշխատակիցը, կապ հաստատելով Մխիթարյան ճեմարանի տնօրեն Սերոբ վարդապետ Չամուրլյանի հետ՝ ասաց, որ վերջինս տեղում չէ  և խնդրել է թողնել կոնտակտային տվյալներ: Ըստ անվտանգության աշխատակցի՝ ազատ լինելուն պես հայր սուրբը կապ կհաստատի iLur.am-ի հետ:

Հայաստանի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդարանի  քարտուղարուհի Աղավնին  iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Արեւելյան Եվրոպայում կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանն այժմ գտնվում է արտասահմանում և չի կարող որևէ մեկնաբանություն տալ:

Սրբազանի քարտուղարուհին, տեղեկանալով նամակի գոյության և բովանդակության մասին, նախ բացականչեց՝ «Օ՜», ապա նույնպես խնդրեց թողնել կոնտակտային տվյալներ և սպասել մինչև երեքշաբթի: Ըստ նրա՝ բոլոր հայրերը երկրից բացակայում են և կվերադառնան միայն երեքշաբթի օրը: Նա խոստացավ մինչ այդ խոսել նաև Մխիթարյան ճեմարանի տնօրեն Սերոբ վարդապետ Չամուրլյանի հետ:

Նախորդ հոդվածը‘Սերդյուկովի կարգավիճակը քրեական գործում կարող է փոխվել’
Հաջորդ հոդվածը‘Իկեր Կասիլյաս. Մոուրինյոն ինձ չի բացատրել իր որոշումը’