‘ Հայաստանի կործանումը՝ վերարտադրման երաշխիք’

1522

Որքան էլ իշխանությունները փորձեն ներկայացնել, թե արդեն միանշանակ է, որ նախագահական ընտրություններն անցնելու են Բաղրամյան 26-ում նախապես պատրաստված սցենարով, որտեղ քվեարկության արդյունքում պիտի «հաղթի» իշխանական թեկնածուն, այդուհանդերձ, ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Իհարկե, այս հաղթանակին չէ , որ նախապատրաստվել էր ողջ համակարգը: Սերժ Սարգսյանի՝ ընդդիմության նկատմամբ վերջնականապես հաղթանակ տանելու ցանկությունը չիրականացավ: Ընդդիմությունը նրան այդ հնարավորությունը չտվեց: Ընդդիմադիր ուժերը ուղղակի հայտարարեցին ընտրություններին չմասնակցելու մասին՝ այդպիսով երկրում ստեղծելով նոր քաղաքական իրավիճակ:

Միևնույն ժամանակ, շատ են շտապում հայտնի այն շրջանակները, որոնք իրենց հայտարարություններում ու վերլուծություններում արդեն իսկ կանխատեսում են Սերժ Սարգսյանի մոտալուտ «կարգումը»՝ որպես լեգիտիմ նախագահ: Այդ տեսակետը պաշտպանողների տրամաբանությունը հետևյալն է. եթե Սերժ Սարգսյանը կարողանում է առանց տեսանելի կեղծիքների, թեկուզ և առանց մրցակցության «վերընտրվել», ապա նրա լեգիտիմությունը այլևս ոչ Հայաստանում, ոչ Հայաստանից դուրս չի կարող կասկածի տակ դրվել: Իսկ ընդդիմությունն արդեն ստիպված պիտի ընդունի Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը և հրաժարվելով նրա պաշտոնանկության պահանջից՝ ուղղակի վերածվի իշխանություններին զսպող ու հակակշիռ հանդիսացող ուժի:

Բանն այն է, որ իսկապես 2013 թ. ընտրությունները կարող են 1991-ից հետո լինել ամենահանգիստ և «օրինական» ընտրությունները: Այս անգամ իշխանություններն ուղղակի չունենալով մրցակից՝  զերծ կմնան ընտրկան պրոցեսներին կոշտ միջամտությունից՝ լցոնում, ընտրակաշառք, ահաբեկում և այլն: Կգործարկվեն միմիայն անտեսանելի, այսպես ասած «նուրբ» ընտրակեղծիքները՝  կրկնակի քվեարկություն, պետական ծառայողների քվեարկության վերահսկում և այլն: Միջազգային կազմակերպությունների դիտորդներն էլ, իրենց հերթին, ամենայն հավանականությամբ՝ բարձր կգնահատեն անցկացված ընտրությունները, իսկ թեկնածուներից ոմանք էլ հաղթանակի կապակցությամբ անպայման կսեղմեն Սարգսյանի ձեռքը: Սակայն սրանից հետևություն անել, թե Սերժ Սարգսյանը կարող է դառնալ լիգիտիմ նախագահ՝ ճիշտ չէ:

Ամբողջ խնդիրն այն է, որ նրա ոչ լեգիտիմության հիմքերը շատ ավելի խորն են, և գալիք ընտրությունների արդյունքները որևէ ազդեցություն դրանց վրա թողնել չեն կարող: Իսկ ավելի կոնկրետ՝ գալիք ընտրությունների կանխատեսելի ընթացքը ամբողջովին պայմանավորված է Սերժ Սարգսյանի հենց ոչ ընտրյալ լինելու հանգամանքով:

Պետք չէ մոռանալ, որ Սերժ Սարգսյանը իշխանության է եկել  ոչ օրինական ճանապարհով: Նախագահի աթոռին նստելու համար նա խախտել է երկրի սահմանադրությունը, կազմակերպել է սպանդ սեփական ժողովրդի նկատմամբ, տարիներ շարունակ իր անձնական հարստացմանն է ծառայեցրել պետական ողջ համակարգը, իրականացրել է ժողովրդի տոտալ թալան ու ահաբեկում, իրականացրել է սպիտակ ցեղասպանություն՝ միտումնավոր նպաստելով արտագաղթի ծավալների մեծացմանը: Նա արել է առավելագունը՝ սեփական ապօրինի իշխանությունը ամրապնդելու, հնարավորինս շատ ռեսուրսներ իր ձեռքերում կուտակելու և ժողովրդի շրջանում վախ ու հուսահատություն տարածելու նպատակով:  Եվ այս կարգավիճակում եթե անգամ Սերժ Սարգսյանը «հաղթի» նաև գալիք 10 ընտրություններում էլ, չի կարող համարվել լեգիտիմ նախագահ:

Չի կարելի կտրվել այս իրողությունից և հայտարարել, որ քվեարկությունների օրը կեղծիքներ չլինելու պարագայում ընտրվողը կարող է համարվել լեգիտիմ:  Սա անհնարին է մի շատ պարզ պատճառով. 2013 թվականի նախագահական ընտրությունների ընտրակեղծիքները մեկնարկել են դեռևս 2008 թ.  Մարտի 1-ից : Հետևաբար՝ Սերժ Սարգսյանի «հաղթանակը», անկախ՝ ընտրությունների սահուն ընթացքից, ցանկացած պարագայում պետք է դիտարկվի որպես հանցագործություն Հայաստանի նկատմամբ, որպես  Հայաստանի քաղաքացիների դեմ ուղղված հանցավոր գործողությունների շարունակություն:

Հ. Գ. Միակ ընտրությունները, որոնցում հաղթելով՝ Սերժ Սարգսյանը կարող է հավակնել լեգիտիմ նախագահ կոչվելու՝ արտահերթ ընտրություններն են: Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի սպանդի բացահայտման ուղղությամբ ռեալ քայլեր կատարելուց հետո պիտի հայտարարի իր հրաժարականի մասին: Սակայն այդ պարագայում էլ նա կհայտնվի ոչ թե նախագահի թեկնածուների, այլ ճաղերի ետևում զբոսնող պետական դավաճանություն գործած պետական պաշտոնյաների ցուցակում:

Արեգ Գևորգյան

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Իրաքում ահաբեկչական գործողությունների հետևանքով մարդիկ են զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Տիտո Վիլանովա. Եթե Մոուրինյոյի արդյունքներն իմը լինեին, ինձ կհեռացնեին աշխատանքից’