‘Հայաստանի հեթանոսական տաճարում կուռք է հայտնաբերվել (լուսանկարներ)’

1183

2013թ. օգոստոսի 7-ին Հողմիկի հեթանոսական տաճարում վերսկվել էին հնագիտական աշխատանքները: Դրանք շարունակվեցին հուշարձանի արևմտյան համալիրում: Հնագետներին հաջողվեց բացել նոր քառակուսիներ, գտնվեցին նոր սենյակների հիմքեր, հիմնական, ինչպես նաև ավելի ուշ շրջանում կառուցված պատերի ճակատային մասեր, խեցեղենի հարուստ նյութ, կենդանիների ոսկորներ։ Համալիրների շրջակա տարածքից պեղավայր է բերվել նաև մոտակայքից գտնված կուռքը, որը մարմնավորում է միաժամանակ մի քանի պաշտամունքային կենդանիներ ներկայացնող գերբնական էակի: Կուռքի վերևի մասում աչքի է ընկնում գեղեցիկ, փարթամ բաշը:

Նշենք, որ նախորդ տարվա հետաքրքիր գտածոների շարքում հատկապես ուշագրավ են արևմտյան պեղավայրի հարավարևմտյան մասում գիտական արշավի վերջին օրերին անընդմեջ բացվող եղջերուի գանգի և մարմնի այլ մասերի ոսկորների հայտնաբերումը սենյակների անկյունային մասերում գտնված խեցեղեն նյութի հետ միասին:

2012թ.-ին հիմնական պեղավայրից բավական հեռու հետախուզվեց և բացվեց դամբարանադաշտ: Բացվեցին 6 դամբարաններ:

Պեղումների առաջին երկու տասնամյակներին բացվել են հյուսիսից հարավ ձգվող համալիրներ, որոնք երկու կողմից իրարից անջատվում են փողոցով և ներքին բակերով: Այժմ պեղված են մի քանի համալիրներ: Դրանցից երկուսը ընդգրկում են 1 հա տարածք, և պեղված են մոտ 50 սենյակներ, միջանցքներ, սրահներ, բակեր։ Սրանցում գտնված են զոհասեղաններ և տաճարական գույքեր, ամենուրեք զոհաբերված կենդանիների մնացորդներ են:

Այս համալիրում առանձնահատուկ նշանակություն ունեն կենտրոնական սյունազարդ սրահները: Դրանք 3–ն են և ունեն մոտ 13մ երկարություն, 9-10մ լայնություն՝ յուրաքանչյուրում 8 սյուն: Այս 3 սրահները նվիրված են հայ հեթանոսական պանթեոնի 3 գլխավոր աստվածներին՝ Արամազդին, Անահիտին և Միհրին: Առանձնահատուկ նշանակություն ունեն նաև հայտնաբերված զահասեղանները, որոնք բաժանվում են 3 տեսակի՝ բուն զոհասեղաններ (քարե սալերից սեղաններ, որոնց վրա սպանում էին զոհաբերվող կենդանուն), սրահների կենտրոններում դրված սեղաններ (նվերներների համար) և ուղղաձիգ կանգնեցված տարբեր չափի քարի կոթողներ՝ հեթանոսական սիմվոլիկայի բազմազան պատկերներով:

Համառոտ պատմական ակնարկ

Հողմիկի հնավայրը հայտնաբերվել է 20-րդ դարի վերջում` ՀՀ հյուսիս-արևմուտքում` Ամասիայից մոտ 4-5 կմ հեռավորության վրա, և արդեն իսկ առաջին տասնամյակների պեղումները ցույց տվեցին, որ գործ ունենք մի մեծ տաճարական համալիրի հետ, որպիսիք Հայաստանում կամ պեղված չէին, կամ վերաիմաստավորված չէին որպես այդպիսին: Հողմիկի հնավայրի մի կարևոր առանձնահատկությունն այն է, որ լինելով հեթանոսական տաճարական կենտրոն՝ չի ավերվել պետության կամ բնակչության կողմից, այլ հատուկ ծեսով ծածկվել է, ու հնագետները հնարավորություն ունեն պարզելու և՛ ծեսի, և՛ հեթանոսական կրոնի, և՛ ճարտարապետության մանրամասները:

Արշավախմբի ղեկավար, հնագետ Հայկ Հակոբյանը կարծում է, որ տաճարային համալիրը կոնսերվացվել է: Սկզբում զոհաբերություն մատուցելուց հետո փակվել են ներքին սենյակների դռները, ապա ծեսը տեղափոխվել է հաջորդ սենյակներ: Եվ, ի վերջո, կոնսերվացվել են համալիրի բոլոր սենյակները: Այդ տեսարանը հին և համաժամանակյա Հռոմն է հիշեցնում։

Այն բանից հետո, երբ քրիստոնեությունը հավասարվեց և իր կարգավիճակով առաջ անցավ հեթանոսությունից, կարճ ժամանակ հետո՝ Կոնստանտին Մեծի օրոք, հռոմեական Միթրային նվիրված տաճարները քրմերը ողբով փակում էին՝ հույս ունենալով, որ Միթրան մի օր վերադառնալու է: Այդ գաղափարը տեղ է գտել նաև մեր ազգային էպոսում` «Սասունցի Դավիթ»-ում, ուր նկարագրված է, թե ինչու հայոց գերագույն աստվածներից մեկը՝ Մհերը, մտնում է Վանի ժայռը՝ հայտնվելով Մհերի դռնից ներս՝ մի օր կրկին դուրս գալու հույսով:

Շատ ժլատ գրավոր սկզբնաղբյուրներից ելնելով՝ Հ.Հակոբյանը նաև պարզել է, որ Հողմիկի համալիրը պատկանել է Աշոցյան իշխաններին, որոնք Մեծ Հայքի պետական վերնաշենքում, մասնավորապես արքունիքում, գրավում էին շատ բարձր դիրք: Վերջին 4 տարիների ընթացքում 70 կմ հիմնական կամ արևելյան պեղավայրից արևմուտք բացվում է երրորդ համալիրը: Սա վերը նշված արևմտյան տեղամասն է: Այստեղ գործ ունենք բացօթյա սրբազան կառույցների՝ բագինների հետ, որոնք հայ հնագիտության մեջ բացվում, ուսումնասիրվում և նույնացվում են առաջին անգամ:

Լուսնիե Հարությունյան, «Հողմիկ 2013» արշավախմբի անդամ

Նյութի սկզբնաղբույրը և լուսանկարները՝ 7or.am

Նախորդ հոդվածը‘ALDE կուսակցության նախագահ. Սարգսյանը պետք է փորձի երկու գործարքներից հավաքել բալենու ամենալավ պտուղները’
Հաջորդ հոդվածը‘Սեպտեմբերի վերջին նախատեսված է Նեթանյահուի և Օբամայի հանդիպումը’