‘Հայաստանի ՀՆԱ-ն 2014 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 27.3 տոկոսով. ԱՎԾ ‘

4945

Հայաստանի ՀՆԱ-ն 2014-ի երկրորդ  եռամսյակում կազմել է 952.106 մլրդ դրամ, իսկ առաջին կիսամյակում` 1,703 տրլն դրամ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների այս ցուցանիշն աճել է 2.3%, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 27.3%:

Համեմատության համար նշենք, որ 2013-ի երկրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ կազմել է 900,7 մլրդ դրամ, եռամսյակային աճը կազմել է 24,7%, իսկ տարեկան աճը` 2.5%:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի ՀՆԱ 2013-ին կազմել է 4,267 տրլն դրամ (շուկայական գներով): Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն ավելացել է 3,5%, 2012-ի 7.2% աճի համեմատ: Այսպես, 2013-ի առաջին եռամսյակում ՀՆԱ կազմել է 722.5 մլրդ դրամ, երկրորդ եռամսյակում աճելով մինչև 900,7 մլրդ դրամ, երրորդ եռամսյակում` մինչև 1.3 մլրդ դրամ, IV եռամսյակում` մինչև 1,4 մլրդ դրամ: Դրանից մեկ տարի առաջ (2012 թ.) ՀՆԱ կազմել է 3.982 տրլն դրամ, առաջին եռամսյակում աճելով մինչև 657,6 մլրդ դրամ, երկրորդ եռամսյակում` մինչև 878,8 մլրդ դրամ, երրորդում` մինչև 1.1 տրլն դրամ և չորրորդ եռամսյակում աճելով մինչև 1.2 տրլն դրամ:

2011 թվականին ՀՆԱ-ն կազմել 3,776 տրլն դրամ, տարեկան աճը 4.7%, 2010-ին` 3,460 տրլն դրամ, տարեկան աճը`2,2%, 2009-ին` 3,142 տրլն դրամ, տարեկան անկումը`14.1%, 2008-ին կազմել է 3.568 տրլն դրամ, տարեկան աճը`6,9%, 2002-2007 թվականների երկնիշ աճի համեմատ: Ընդ որում, առավելագույն երկնիշ աճն արձանագրվել 2003-ին և 2005-ին (14%), իսկ նվազագույնը`2004-ին (10.5%): Մեկ տրիլիոն դրամի շեմը Հայաստանի ՀՆԱ հաղթահարել է 2000 – ին, ապահովելով տարեկան 5.9% աճ:

ՀՆԱ ինդեքս-դեֆլյատորը 2013-ին կազմել է 103.2%, հավասարվելով 2005-ի ցուցանիշի հետ (103.2%): 2012 — ին ՀՆԱ — ի դեֆլյատորը կազմել է 98.8%, 2011-ին` 104.3%, 2010-ին` 107.8%, 2009-ին` 102.6%, 2008-ին` 105.9%:

Համաշխարհային տնտեսության հեռանկարների մասին Համաշխարհային բանկի 2014 թվականի հունվարի զեկույցում կանխատեսվում է, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2014-2017 թվականներին կկազմի 5-5.5%: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար  Համաշխարհային բանկի կանխատեսումն ընդհանուր առմամբ, դրական է, իսկ 2014-2016 թվականներին սպասվում է տնտեսական աճի վերականգնում: Սակայն, ըստ ՀԲ զեկույցի, Ռուսաստանում տնտեսական աճի կտրուկ անկումը կարող է խանգարել նաև ԱՊՀ երկրների մի շարք երկրների տնտեսական աճին, հատկապես այն երկրներին, որոնք զգալի չափերով են կախված Ռուսաստանից` ներմուծման, դրամական փոխանցումների և օտարերկրյա ներդրումների առումով (օրինակ, Հայաստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը և Ուզբեկստանը) ասված է զեկույցում: Ըստ ԱՄՀ գնահատականների, 2014-ին համաշխարհային տնտեսական աճը կազմել է 3.7%, իսկ Հայաստանի ՀՆԱ — ի 2014 — ին նվազել է մինչև 3,2-4,3% (նախկինում կանխատեսված 4.6-4.8% համեմատ): ԵԱԶԲ գնահատականներով, ՄՄ-ին միանալուց հետո Հայաստանի ՀՆԱ տարեկան կունանա լրացուցիչ 4% աճ:

Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, առաջնորդվելով ՀՀ կառավարության 25.01.2011թ. որոշմամբ, տնտեսական ակտիվության ամենամսյա  ցուցանիշները հրապարակում է տոկոսներով, իսկ ՀՆԱ-ի եռամսյակային և տարեկան բացարձակ մեծությունները հրապարակում է հաշվետու ժամանակահատվածից  90 օր հետո:

Նշենք, որ ԱՎԾ-ի տվյալները բազմիցս կասկածի տակ են դրվել անկախ փորձագետների կողմից: Նրանցից ոմանք նույնիսկ կարծիք են հայտնում, որ ԱՎԾ-ն զբաղված է թվանկարչությամբ և ապահովում է իշխանությունների համար ձեռնտու տնտեսական և ֆինանսական ցուցանիշներ։ 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ. «Իսլամական պետության» գրոհայինները հանցանք են գործում ընդդեմ մարդկության’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիան նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Ռուսաստանի դեմ’