‘Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցում է ԱՊՀ երկրների ՊՆ խորհրդի նիստին’

983

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նիստին մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Նիստի ընթացքում կամփոփվեն 2014 թվականին ԱՊՀ ՊՆԽ աշխատանքային մարմինների գործունեության արդյունքները  և կորոշվեն Խորհրդի 2015 թվականի խնդիրները: Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն մինչև 2020 թվականը ռազմական համագործակցության հայեցակարգի նախագիծը, կլսեն առաջարկություններ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների համատեղ նախապատրաստման վերաբերյալ:

Նախարարները կքննարկեն նաև համագործակցությունը աշխարհատարածքային տեղեկատվության փոխանակման բնագավառում` ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի շահերին համապատասխան: Բացի այդ, Համագործակցության երկրների ՀՕՊ միավորված համակարգի կատարելագործման համար կնախանշվեն 2015 թվականի համատեղ միջոցառումները, ինչպես նաև ԱՊՀ օդատիեզերային պաշտպանության զարգացման նկատմամբ հայեցակարգային մոտեցումները:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը չի մասնակցի ԼՂՀ անկախության ճանաչման օրինագծի քվեարկությանը ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյան. Եռյակը Սերժ Սարգսյանի հայտարարությանն իր գնահատականը կհնչեցնի վաղը’