‘Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցել քվեարկությանը’

689

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվեց Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՎՕԿ)  հերթական` 41-րդ վեհաժողովը: 49  երկրների մասնակիցների թվում էին նաև Հայաստանի պատվիրակներ,  ՀՀ   սպորտի և երիտասարդության հարցերի  նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և ՀԱՕԿ-ի բաժնի պետ Գաբրիել Ղազարյանը: 

Հռոմի միջոցառման մասին Գ. Ղազարյանը ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությանն հետևյալն է ասել: 

 «Օրակարգում ընդգրկված էին բազմաթիվ հարցեր: Քննարկվեցին Լոնդոնում ամռանը տեղի ունեցած օլիմպիական խաղերի  ընթացքն ու արդյունքները, ԵՎՕԿ-ի հովանու ներքո անցկացվող երիտասարդական մարզական փառատոները,  Սոչիում  2014-ին կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերին առնչվող հարցեր և գլխավորը` առաջին անգամ կայանալիք Եվրոպական առաջին  խաղերը:  Բանն այն է, որ աշխարհամասերից միայն Եվրոպան չի անցկացնում իր մարզական ստուգատեսը:

Ենթադրվում էր, որ Հռոմում կորոշվի միայն խաղերի անցկացման ժամկետը: Բայց, գոնե մեզ համար անակնկալ, հայտնի դարձավ  նաև խաղերի մայրաքաղաքի անունը: Միակ հայտը ներկայացրել էր Բաքուն: Փակ քվեարկությամբ, 38 կողմ, 8 դեմ  և երկու ձեռնպահ  արդյունքով Բաքուն ընտրվեց  եվրոպական խաղերի  անցկացման առաջին քաղաքը:

Ինչ վերաբերում է մեզ, ասեմ, որ նախապես հայտարարեցինք, որ քվեարկությանը չենք մասնակցի  և այդպես էլ վարվեցինք:

ԵՎՕԿ-ի  խաղերի ծրագրում  նախատեսվում է ընդգրկել այն մարզաձևերը, որոնց միջազգային ֆեդերացիաները կտան իրենց համաձայնությունը: Առայժմ  ցանկություն են հայտնել    նետաձգություն, բադմինթոն, բռնցքամարտ, կանոե,  սուսերամարտ, ձյուդո, հրաձգություն, հանդբոլ, ռեգբի, վոլեյբոլ, եռամարտ, սեղանի թենիս մարզաձևերի կառույցները: Հնարավոր է նաև աթլետների և լողորդների մասնակցությունը:

Ոչ օլիմպիական մարզաձևերից ուզում են հանդես գալ սպորտային պարերի և կարատեի միջազգային ֆեդերացիաները:

Հայաստանի մարզասերներին բնականաբար կհետաքրքրի մեր մարզիկների մասնակցության հարցը: Այս մասին առայժմ  ոչինչ ասել չենք կարող և մեր դիրքորոշումը  կպարզվի ավելի ուշ, մանավանդ, որ  եվրոպական առաջին խաղերը նախատեսված է անցկացնել 2015թ. Հունիսին»:

Նախորդ հոդվածը‘Գիտելիքո՞վ են հարստացել Լֆիկ Սամոն ու Սաշիկը, կամ ինչպե՞ս 5 տարում ՊԱԶ-ի վարորդից դառնալ միլիոնատեր ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՀ-ն Հայաստանի իշխանություններին տալիս է լրացուցիչ 51,43 միլիոն ԱՄՆ դոլար փոխառելու հնարավորություն’