‘Հայաստանի պոչամբարները դանդաղ գործողության ականի են նման. Բնապահպան’

262

Չնայած շրջակա միջավայրի համար լուրջ վտանգներին` Հայաստանում պոչամբարների վերամշակումն առաջվա նման իրականացվում է միայն խոսքով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաստանի կանաչների միության» ղեկավար Հակոբ Սանասարյանը:

Նրա ասելով, փակ համարվող բոլոր պոչամբարներից ծանր մետաղները ներթափանցում են շրջակա միջավայր: Արդյունքում` վտանգավոր տարրերով աղտոտվում է ոչ միայն բնահողը, այլև` ջրային պաշարները: Օրինակ, Սյունիքում Դաստակերտի պոչամբարն արդեն 35 տարի փակ է համարվում, սակայն փաստը մնում է փաստ. դրա թունավոր նյութերը խառնվում են Այրի գետի ջրերին: Ոչ պակաս վտանգված  է նաև Ողջի գետը, չէ որ ինչպես գետի, այնպես էլ դրա վտակի վրա կա մի քանի պոչամբար, որոնց մեկուսացումն անմխիթար վիճակում է:

Սանասարյանն ընդգծել է, որ պոչամբարները պետք է պատնեշված լինեն փշալարով` մարդկանց և ընտանի կենդանիների ներթափանցումը դրանց տարածք կանխելու նպատակով: Իսկ իրականում այդ պահանջը չի կատարվում: Արդյունքում` լեռնահանքային գործունեության թափոնների անմիջական մերձակայքում անասուններ են արածեցվում:

Բացի այդ, մերձակա բնակավայրերի բնակիչները չեն խորշում դեղաբույսեր հավաքել և բանջարեղեն աճեցնել վտանգավոր գոտում: Որպես օրինակ Սանասարյանը նշել է Քաջարանի պոչամբարը, որտեղ գյուղացիները կարտոֆիլ, ճակնդեղ, սոխ և սխտոր են աճեցնում: Մինչդեռ պոչամբարում կան ծանր մետաղներ, որոնց նույնիսկ ոչ մեծ խտությունը բնահողում և ոռոգման ջրում կարող են հանգեցնել այդ խտությունների բազմակի ավելացման որոշակի բույսերում և կենդանական մթերքներում:

Կուտակվելով օրգանիզմում` այդ տարրերը «հարվածում են» ժառանագականությանն ու վերարտադրությանը: Վտանգն այն է, որ սնդիկի, արճիճի մեծ պարունակությամբ մթերքների օգտագործման բացասական ազդեցությունը դրսևորվում է տարիներ, տասնամյակներ անց և, նույնիսկ, ապագա սերունդներում:

«Ես կարծում եմ, որ այդ խնդրին պետք է մեծ ուշադրություն դարձնի Առողջապահության նախարարությունը, սակայն դրա փոխարեն այն լիովին անտեսում է ստեղծված իրավիճակը: Իսկ դա լուրջ հանցագործություն է», — ընդգծել է Սանասարյանը:

Բնապահպաններն արդեն որերորդ տարին ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանում հանքավայրերի մշակումը հակասում է զբոսաշրջության և մաքուր գյուղատնտեսության զարգացմանը: Փորձագետների գնահատմամբ, ծանր մետաղներով շրջակա միջավայրի աղտոտումը տեղի է ունենում այնպիսի չափերով, որ դա հանգեցնում է դրանց ներթափանցման սննդի օղակներ: Ընդգծվում է, որ դրա արմատը օրենսդրական դաշտում առկա լուրջ խնդիրներում է, ինչպես նաև կոռուպցիայի վիթխարի ծավալներում:

Բնապահպանության ոլորտին ամենազգալի հարվածը նոր «Ընդերքի մասին օրենսգրքի» ընդունումն էր: Այսպես, թափոններ հասկացության բացակայությունը փաստաթղթում ընկերությունների առջև հարկման ենթակա հիմքն էապես նվազեցնելու հեռանկար է բացում: Բացի այդ, հանքավայրերի մշակումից հետո թափոնների համար պատասխանատվություն են կրելու ոչ թե ընկերություհնները, այլ` պետությունը: 

Նախորդ հոդվածը‘Նորություններ ապառնի ժամանակով. Գյումրու օրինակով տեխնոլոգիական կենտրոն կստեղծվի նաև Վանաձորում’
Հաջորդ հոդվածը‘Լրագրողական կազմակերպությունների կոչը`լրագրողների աշխատանքը խոչընդոտելու կապակցությամբ ‘