‘Հայաստանի սպառողական շուկայում 2014 թվականի օգոստոսին գնաճը կազմել է 0.7% ‘

1005

Հայաստանի սպառողական շուկայում 2014 թվականի օգոստոսին գնաճը կազմել է 0.7%, ինչը պայմանավորված է եղել ծառայությունների սակագների 2.2% և պարենային ապրանքների` 0.1% թանկացումներով, չնայած, որ ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0.3%:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2014 թվականի հունվար — օգոստոսին սպառողական գների ինդեքսը կազմել է 98.8%, որի կառուցվածքում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) կազմել է 96.9%, ոչ պարենային ապրանքներին` 98.3%, ծառայությունների սակագներինը`102.6%: 2014-ի հունվար-օգոստոսին 2013-ի հունվար – օգոստոսի համեմատ այս ցուցանիշները համապատասխանաբար կազմել են` 103.1%, 101.6%, 102% և 106.6%, իսկ 2014 թվականի օգոստոսին, 2013-ի օգոստոսի համեմատ` 100.8%, 100 3%, 100.7% և 101.8%: 2014-ի հունվար-օգոստոսին սպառողական գների միջին անկումը կազմել է 0.2%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.4%-ի փոխարեն:

 Պարենային ապրանքների շուկայում օգոստոսին տեղի ունեցած գնաճը (0.1%, առանց ոգելից խմիչքի և ծխախոտի) հիմնականում պայմանավորված է եղել հրուշակեղենի` 1.4%, բանջարեղենի և կարտոֆիլի` 5,9% թանկացումներով: Ուսումնասիրվող 13 խումբ ապրանքներից 9-ում հաշվետու ամսում հայտնաբերվել է 0,1-5,9% աճ, 2-ում` 8,8-0,6% անկում, իսկ մնացած 2-ում գները մնացել են անփոփոխ:

Մասնավորապես, բանջարեղենի խմբում օգոստոսին զգալիորեն թանկացել են` կանաչ լոբին-39.8%, կարտոֆիլը — 38.7%, վարունգը — 33,5%, կանաչ սոխը — 17%: Միևնույն ժամանակ, էժանացել են` սմբուկը — 63%, կանաչ պղպեղը — 41.7%, լոլիկը — 32.4%, գազար — 21.7%, սխտոր — 20.9%, սոխը — 10, 2%:

Ոչ պարենային ապրանքների խմբում գնանկումը պայմանավորված է եղել կոսմետիկայի` 1,3%, կոշկեղենի`1.1%, շինանյութերի`  0,7% էժանացումներով: Միևնույն ժամանակ, թանկացել են` կենցաղային տեխնիկան — 1,3%, խոհանոցային պարագաները — 1,2%, գրենական պիտույքները- 0.7%, արվեստի գործերը — 0.5%, տեքստիլը — 0.3%:

Իսկ ծառայությունների սակագների բարձրացումն 2014-ի օգոստոսին, պայմանավորված է եղել հասարակական սննդի ծառայությունների` 1,5%, տրանսպորտի`1.1%, հանգստի կազմակերպման ծառայությունների` 1% թանկացումներով:

Նշենք, որ ԱՎԾ-ի տվյալները բազմիցս կասկածի տակ են դրվել անկախ փորձագետների կողմից: Նրանցից ոմանք նույնիսկ կարծիք են հայտնում, որ ԱՎԾ-ն զբաղված է թվանկարչությամբ և ապահովում է իշխանությունների համար ձեռնտու տնտեսական և ֆինանսական ցուցանիշներ։ 

Նախորդ հոդվածը‘CNN.Ուկրաինայի տարածք է մտցվել 5 հազար ռուսաստանցի զինվոր’
Հաջորդ հոդվածը‘2014 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ճանապարհներին զոհվել է 133 մարդ’