‘Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Պորտուգալիային (տեսանյութ)’

1435

Րոպեներ առաջ Պորտուգալիայի «Ալգարվե» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրի շրջանակում անցկացվող՝ Պորտուգալիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականնների  հանդիպումը: Հայաստանի թիմը նվազագույն հաշվով պարտվեց Պորտուգալիային: Հաղթական գոլը երկրորդ խաղակեսի 72-րդ րոպեին  խփեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն:

Անդրադառնալով այս հանդիպմանը պետք է նշել, որ  առաջին խաղակեսում պորտուգալացիներն ունեին խաղային և տարածքային նկատելի առավելություն, բայց թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ: Մեկնարկում Պորտուգալիայի հավաքականի ճնշումը չափազանց մեծ էր, և դաշտի տերերն ունեցան մի քանի գոլային պահեր: 5 պաշտպաններով խաղացող Հայաստանի թիմն առաջին վտանգավոր պահը ստեղծեց 15-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի՝ իր վաստակած տուգանայինից կատարած հարվածից հետո Ռուի Պատրիսիուն որսաց գնդակը: Քիչ անց հայ ֆուտբոլիստներն ունեցան ևս մեկ գոլային պահ, բայց այս դեպքում էլ Մխիթարյանի գերազանց փոխանցումից հետո հարմար դիրքում հայտնված Կամո Հովհաննիսյանի հարվածը շատ թույլ էր:

Երկրորդ խաղակեսը նույնպես սկսվեց պորտուգալացիների գրոհներով:  Ընդմիջումից հետո Բեռնար Շալանդի թիմը հազվադեպ էր մոտենում մրցակցի դարպասին, իսկ դաշտի տերերը չէին կարողանում կազմակերպել վտանգավոր գրոհներ: Մի պահ թվում էր, թե Հայաստանի հավաքականը սկսել է վերահսկել իրավիճակը, սակայն Շալանդի թիմը պաշտպանությունում սխալվեց 72-րդ րոպեին, երբ Ռոնալդուն բացեց հաշիվը: Ռոման Բերեզովսկու դարպասի մոտ ստեղծված խառնաշփոթ իրավիճակում «Փյունիկի» պաշտպան Տարոն Ոսկանյանը շատ անհաջող հեռացրեց գնդակը, որը հայտնվեց «Արքայական» ակումբի ռմբարկուի մոտ: Ռոնալդուն մի քանի մետրից գրավեց դարպասը: Խաղավարտին Հայաստանի թիմը մի քանի հարված կատարեց մրցակցի դարպասին, սակայն ապարդյուն: Դաշտի տերերը ոչ մեծ դժվարությամբ խաղը հասցրեցին հաղթական ավարտի, իսկ Հայաստանի թիմին մնաց պարտությունը, որը կարող էր և չլինել:

I խմբի մյուս խաղում դանիացիները Նիկլաս Բենդտների դուբլի շնորհիվ Բելգրադում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարան Սերբիայի հավաքականի նկատմամբ: Խաղն անցկացվեց առանց երկրպագուների:

Խմբի առաջատարը 7 միավոր հավաքած Դանիան է, որն անցկացրել է 4 խաղ: Պորտուգալիան 3 հանդիպումներից հետո ունի 6 միավոր, Ալբանիան՝4, իսկ Սերբիան ու Հայաստանը՝ մեկական:

 

Եվրո-2016, ընտրական փուլ, չորրորդ տուր

I  խումբ

Պորտուգալիա  Հայաստան` 1:0  

Կրիշտիանու Ռոնալդու, 72

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Ժոզե Բոսինգվա, Պեպե, Ռիկարդո Կարվալյո, Ռաֆայել Գերերո, Ժոաո Մոուտինյու, Տիագո Մենդեշ, Դանի (Ռիկարդո Կուարեժմա, 70), Նանի (Ուիլյամ Կարվալյո, 88), Կրիշտիանու Ռոնալդու, Հելդեր Պոշտիգա (Էդեր, 56):

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Լեւոն Հայրապետյան, Արթուր Եդիգարյան (Արթուր Սարկիսով, 77), Կառլեն Մկրտչյան (Մարկոս Պիզելի, 84), Գեւորգ Ղազարյան (Էդգար Մանուչարյան, 62), Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:

Սերբիա  Դանիա՝ 1:3


Զորան Տոշիչ, 4 – Նիկլաս Բենդտներ, 60, 85, Սիմոն Կյաեր, 62

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգյան. Խոցված ուղղաթիռը հայտնվել էր դժվարին դրության մեջ եւ իրենից վտանգ չէր ներկայացնում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանից «Գրին քարտ» խաղարկության շահառուների թիվը 2014-ին կտրուկ աճել է. «Հրապարակ»’