‘
Հայաստանը 5 տեղով զիջել է դիրքերը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության վարկանիշում: Տարեկան ուսումնասիրության արդյունքներով՝ Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 79-րդ տեղը՝ վատթարացնելով վիճակը 1,59 միավորով:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանում թեեւ տպագիր լրատվամիջոցները բազմազան են եւ բեւեռացված, հետաքննող լրագրությունը զարգանում է համացանցում, բայց բազմակարծությունը մնում է հեռարձակող մեդիայի (հեռուստատեսության եւ ռադիոյի) հիմնական խնդիրը: «Թվային հեռուստատեսությանը վճռական անցման փուլում քննադատաբար տրամադրված հեռարձակողների ապագա տեղը կախված կլինի հաճախականությունների բաշխման գործընթացի անկողմնակալությունից», — նշվում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տարեկան զեկույցում:
Կազմակերպության փորձագետներն առանձին անդրադարձել են iLur.am-ի՝ լրագրողի աղբյուրի գաղտնիության համար շուրջ մեկուկես տարի տեւած պայքարի հաղթական արդյունքին:
«iLur.am լրատվական կայքը եւ «Հրապարակ» օրաթերթը 2015-ի հոկտեմբերին կարեւոր իրավական հաղթանակ տարան, երբ Սահմանադրական դատարանը վճիռ կայացրեց հօգուտ լրագրողի աղբյուրի գաղտնիության պահպանման: Սակայն լրագրողների դեմ ոստիկանութան գործած բռնությունները մինչ այժմ անպատիժ են մնում: 2016-ի հուլիսին տասնյակ լրագրողներ վնասվածքներ ստացան՝ ցուցարարների դեմ ուժի կիրառման ժամանակ հայտնվելով առաջնագծում», — նշում են զեկույցի հեղինակները:
Ի տարբերություն Հայաստանի՝ հարեւան Իրանը, Ադրբեջանը եւ Վրաստանը բարելավել են դիրքերը եւ մամուլի ազատության հարցում առաջընթաց են գրանցել, չնայած, որ միայն Վրաստանն է, որ Հայաստանից ավելի ազատ մամուլ ունի եւ զբաղեցնում է 64-րդ տեղը, Իրանը եւ Ադրբեջանը, համապատասխանաբար՝ 155-րդը եւ 164-րդն են:
Միեւնույն ժամանակ, Հայաստանն ընդգծված առաջատար է ԵԱՏՄ երկրների շարքում՝ Ռուսաստանն զբաղեցնում է 148-րդ, Բելառուսը՝ 153-րդ, Ղազախստանը՝ 157-րդ,եւ Ղրղզստանը՝ 89-րդ հորիզոնականները:
Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի երկրների թվում Հայաստանին զիջում են նաեւ Մոլդովան (80) եւ Ուկրաինան (102): Բուն Եվրամիության անդամ բոլոր երկրներում մամուլի ազատության վիճակն ավելի բարվոք է, քան Հայաստանում: Ավանդաբար՝ հենց եվրոպական երկրներն են նաեւ ամենաազատ մամուլն ունեցողները. առաջատար 20 երկրներից 15-ը եվրոպական երկրներ են: Առաջատար հնգյակում են Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Դանիան եւ Նիդեռլանդները:
‘