‘Հայաստանն ընթանում է սեփական ջրային պաշարները ոչնչացնելու ուղով’

759

«Հայաստանն ընթանում է սեփական ջրային պաշարները ոչնչացնելու ուղով», — այդ մասին հայտարարել է «Հայաստանի կանաչների միության ղեկավար Հակոբ Սանասարյանը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

Երկրի ջրային պաշարների համար գլխավոր վտանգը հանքարդյունաբերության սրընթաց զարգացումն է: «Հայաստանի բոլոր պոչամբարները, գործնականում, գտնվում են գետերի հուներում, ինչը չի կարող չկրել լուրջ ռիսկեր: Ծանր մետաղները և թունավոր տարրերը ներթափանցում են գետերի մեջ, որտեղից հոսում են դեպի ջրամբարներ և ոռոգման համակարգեր», — նշել է Սանասարյանը:

Որպես օրինակ նա հիշատակել է Ողջի գետը, ուր լցվում են լեռնահանքային գործունեության մեծ ծավալի թափոններ: «Մասնակի աղտոտված է Այրի գետը, որի ջրերը լցվում են Տոլորսի ջրամբար: Այրիի աղտոտման պատճառը Դաստակերտի չգործող պոչամբարն է, որը ողբալի վիճակում է», — ասել է փորձագետը:

Ջրի աղբյուրների աղտոտման գործում իր ավանդն ունի նաև Թուխմանուկի հանքավայրը, որի շահագործամ ժամանակ լեռնահանքային թափոնները լցվում էին Քասախ գետը, իսկ այնտեղից` Հրազդան և Արաքս գետերը` աղտոտելով ոռոգման ջրերը:

Սանասարյանն ընդգծել է, որ ծանր մետաղները կարող են հարուցել ձկների մուտացիա: Բացի այդ, ոռոգման համակարգի միջոցով թունավոր տարրերը կուտակվում են բնահողում, ներթափանցում սննդային շղթաներ: «Տարեցտարի խմելու ջուրն ավելի է արժևորվում ողջ աշխարհում, առավել տարածում է գտնում «ջրադոլարներ» տերմինը: Մինչդեռ Հայաստանը համառորեն ընթանում է սեփական ջրային պաշարները ոչնչացնելու ուղով: Եթե այդ գործընթացը չկասեցվի, մենք ապագայում կբախվենք լուրջ խնդիրների», — ընդգծել է Սանասարյանը:

 

 

Նախորդ հոդվածը‘Բոզոյան. Բոլոր քաղաքական ուժերը հասկանում են, որ չպետք է թույլ տալ Սահմանադրական բարեփոխումներ’
Հաջորդ հոդվածը‘ԿԽՄԿ երևանյան գրասենյակը կանոնավոր շփումեր է պահպանում սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ’