‘Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում արդյունաբերությունն աճել է… զրո տոկոսով. «168 ժամ»’

939

«168 ժամը» գրում է. Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշները 2014 թվականի առաջին կիսամյակի համար: Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.5%: Սա նորմալ է, և նախորդ տարվա համեմատ՝ դինամիկան գրեթե չի փոխվել: Աճ են արձանագրել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը: Այսպես, 2014 թ. առաջին կիսամյակում 2013թ. առաջին կիսամյակի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքն ավելացել է 1.4%, շինարարությունը՝ 0.4%, առևտրի շրջանառությունը՝ 5.6%, ծառայությունների ծավալը՝ 4.0%: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ բարձրացել է մարդկանց գնողունակությունը: Միջին աշխատավարձն աճել է 7.1%-ով և կազմել 160.9 հազար դրամ, իսկ սպառողական գներն աճել են 4%-ով:

Հաշվի առնելով, որ հուլիսի 1-ից բարձրացել են նաև պետական հատվածի աշխատավարձերը՝ հաջորդ ամիս այս ցուցանիշն ավելի «պլպլան» կլինի, և Հ. Աբրահամյանը կկարողանա պարծենալ գնողունակության բարձրացմամբ: Սակայն ամեն ինչ չէ, որ փայլուն է: Արդյունաբերությունը չի աճում: Չնայած արդյունաբերության զարգացմանն ուղղված ռազմավարության ընդունմանը՝ Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում արդյունաբերությունն աճել է… զրո տոկոսով (ծավալը՝ 579.3 միլիարդ դրամ): Իսկ որ ավելի ուշագրավ է՝ նվազել են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները: Այս տարվա առաջին եռամսյակում արտադրվել է 3735.4 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 3.2%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին:

 Հասկանալի է, որ սրանից տուժում են էլեկտրաէներգիա արտադրողներն ու այդ էներգիան բաշխող ՀէՑ-ը: Սակայն, ինչպես գիտեք՝ այս տարվա հուլիսի մեկից էներգիան թանկացավ 10%-ով, այնպես որ, այլևս ոչ ոք չի տուժի (բացի բնակչությունից): Իսկ ամենամտահոգիչ ցուցանիշն արտաքին առևտուրն է: Առաջին հայացքից՝ ամեն ինչ նորմալ է. արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 1.0%–ով: Սակայն, եթե նախկինում պաշտոնյաները որպես դրական միտում էին ներկայացնում արտահանման աճի տեմպերի գերազանցումը ներմուծման աճին, ապա հիմա իրավիճակը կրկին փոխվել է, և արտահանումը զիջում է ներմուծմանը: Այսպես՝ նշված ժամանակահատվածում արտահանումն ավելացել է ընդամենը 0.8%-ով, իսկ ներմուծումը՝ 1.1%-ով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Փորձագետ. Սևանից ջրի բացթողումները մինչև 270 մլն խմ ավելացնելու որոշումը մութ գործարք է’
Հաջորդ հոդվածը‘Լռում է նա, ով պետք է պատասխան տա’