‘Հայաստանում ապաստան հայցող ադրբեջանական ընտանիքը հայրենիքում հալածանքների է ենթարկվել. ԱԱԾ’

1109

Ադրբեջանցիների ընտանիքը, որ դիմել է Հայաստանում ապաստան գտնելու համար, իր որոշումը հիմնավորել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ընտանիքի հոր` 1976թ. ծնված Ջավիդ Օրուջեւի հանդեպ հայրենիքում գործածված հալածանքներով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջեւը` իր, կնոջ եւ երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով:

«Ջավիդ Օրուջեւը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոեւայի հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին՝ Ջավիդ Օրուջեւը պարտադրված համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, եւ կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի եւ Սփյուռքի վերաբերյալ:

Գիտակցելով իր եւ ընտանիքի սպառնալից վիճակը՝ Օրուջեւը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները:

Հայտնվելով նման անելանելի իրավիճակում եւ զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը՝ Ջավիդ Օրուջեւը  որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի հայաստանյան  գրասենյակը եւ ՀՀ միգրացիոն գործակալությունն այժմ զբաղվում են ընտանիքի հետագա ճակատագրով:

Նախորդ հոդվածը‘Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի գործունեության մանդատն ավարտվեց’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետաքննում է Ուկրաինայում իշխանության զավթման վերաբերյալ քրեական գործը’