‘Հայաստանում գործարկվել է հայ-կանադական գերժամանակակից կլինիկա’

994

Կանադայում ՀՀ դեսպանության անմիջական օգնությամբ, ՀՀ արտաքին գործերի և առողջապահության նախարարությունների օժանդակությամբ Հայաստանում վերջերս հաջողվել է գործարկել առաջին հայ-կանադական գերժամանակակից կլինիկան: Տորոնտոբնակ բժիշկ Վարդգես Ավագյանի ջանքերով ստեղծված բուժհիմնարկում աշխատում է ութ բժիշկ և 10 խորհրդատու: 

Panorama.am-ի փոխանցմամբ, Հայաստանում ամբողջությամբ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությամբ աշխատող առաջին կլինիկան համագործակցում է Հայաստանի լավագույն հիվանդանոցների և ապահովագրական ընկերությունների հետ և առաջարկում է բժշկական ծառայությունների լայն շրջանակ` ներառյալ ուրոլոգիա, գինեկոլոգիա, սոնոգրաֆիա, ընդհանուր ընտանեկան բժշկություն: Հատկապես մասնագիտացված է կլինիկայի ուրոլոգիայի բաժինը, որը, հագեցած լինելով լավագույն ժամանակակից սարքավորումներով, միակն է տարածաշրջանում, որ առաջարկում է ոչ-ինվազիվ ուրոլոգիական հետազոտություններ: 

Մեփլ Լիֆսը անմիջականորեն համագործակցում է Կանադայի և Գերմանիայի լավագույն կլինիկաների հետ և անհրաժեշտության դեպքում ստանում հրատապ խորհրդատվություն: 

Համագործակցելով ապահովագրական ընկերությունների հետ բուժհիմնարկը նաև շարժական բժշկական ծառայություններ է մատուցում Հայաստանի շրջանների բնակչությանը: Վերջերս կլինիկայի բժիշկները իրականացրել են Քաջարան քաղաքի 192 բնակիչների բուժզննում:

Նախորդ հոդվածը‘Password, 123456, 12345678՝ անապահով գաղտնաբառերի առաջատարներն են (ամբողջ ցանկը) ‘
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանում բացվել է աշխարհի ամենանեղ շենքը (տեսանյութ)’