‘Հայաստանում խնդրի լուծմանը չհասնելու դեպքում Էդմոնդ Խուդյանն այն կտեղափոխի ԱՄՆ ‘

754

Մաշտոցի պողոտայում 13 հարկանի շենք կառուցելու համար միլիոններ ներդրած ամերիկահայ գործարարը, որին նույն շենքից անգամ մեկ բնակարան չի հասել, ստիպված կլինի Հայաստանում ոչ մի տրամաբանական հանգուցալուծում չստացող դատական պրոցեսը տեղափոխել ԱՄՆ: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ կազմակերպված հանդիպմանը ԱՄՆ-ից հաղորդեց սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը, որին պատկանող ընկերության դեմ քրեական գործ է հարուցվել կանխամտածված սնանկության հետևանքով պետությանը խոշոր չափի` 139 300 000 դրամի վնաս հասցնելու համար: 

Այս գործով նախաքննությունն արդեն 1,5 տարի է շարունակվում է, սակայն ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանն այդպես էլ գործարար Էդմոնդ Խուդյանին տուժող չի ճանաչում, իսկ նախաքննությունն էլ ոչ մի կերպ չի ավարտվում: Իսկ այս ընթացքում Մաշտոցի 33ա և 33/1 հասցեներում գտնվող շենքերում անհայտ բնակարանատերերի քանակն ավելանում ու ավելանում է, և ուշագրավ է, որ դա տեղի է ունենում անգամ ընկերության սնանկ ճանաչվելու պարագայում:

Սփյուռքահայ  ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խմբի կողմից այսօր կազմակերպված հանդիպմանը պետք է ներկա գտնվեին ինչպես մի քանի ԱԺ պատգամավորներ, այնպես էլ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և դատախազության ներկայացուցիչներ, սակայն բացի սփյուռքահայ ներդրող Էդմոնդ Խուդյանի փաստաբաններից, ասուլիսին հարկ էին համարել ներկա գտնվել միայն ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանն ու սփյուռքի նախարարության իրավաբանական բաժնի պետ Լուիզա Ծատուրյանը: 

Սփյուռքահայ գործարարի փաստաբանները լրագրողներին ներկայացրին Էդմոնդ Խուդյանի գործով այս պահին ՙընթացող՚ ձևական նախաքննության վերաբերյալ իրենց ունեցած տվյալները, որոնցով փաստվում է, որ ՊԵԿ քննիչը, հասնելով Խուդյանի կողմից կառուցվող շենքի 12 և 13-րդ հարկերին, կանգ է առել: Ըստ փաստաբանների՝ պատճառն այն է, որ այդ հարկերում են գտնվում մի խումբ պաշտոնյաների կողմից առանց գումարի ձեռք բերված բնակարաններ, որոնք էլ թույլ չեն տալիս քննիչին ավարտին հասցնել նախաքննությունը: Ամերիակահայ գործարարի ներկայացուցիչները հույս ունեին այսօր գոնե ասուլիսի միջոցով ՊԵԿ և դատախազության ներկայացուցիչներից ինչ-որ ինֆորմացիա կորզել, թե ինչ է կատարվում այս պահին գործով, և դեռ քանի տարի է ձգվելու նախաքննությունը, սակայն անձինք, ովքեր գոնե ձևական պատասխաններ կարող էին տալ այս հարցերին, պարզապես չեկան: 

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը ԱՄՆ-ից կազմակերպված տեսակամրջի միջոցով լրագրողներին հայտնեց, որ ՊԵԿ-ի պատասխանատու պաշտոնյաները ժամանակին կաշառք են վերցրել և գործը փակել: Շենքում շարունակվում է թալանը՝ բնակիչներին պարտադրելով հավելյալ գումարներ վճարել անավարտ շինարարությունը ավարտելու համար, չնայած այդ գումարները շինարարը վաղուց է ստացել. ՙՊԵԿ-ից մեզ չեն արձագանքում, հայտնում են, որ գործը նախաքննության ընթացքում է, սակայն նրանց բազմաթիվ հարցերին ես անձամբ պատասխանել եմ դրվագ առ դրվագ: Ներկայացել եմ ՊԵԿ-ի քննիչ Տիգրան Հարությունյանի պահանջի ապրիլ 20-ի գրության համապատասխան, հարցաքննվել եմ, բայց չնայած նրան, որ քննիչը ստացել է իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, գործը նորից փակուղի է մտել: Դատարանը շարունակ մերժում է իմ տուժող լինելու փաստը: Քննիչի ձեռքերը կապված են, կամ նա անգործության է մատնել այս ամենը, չգիտեմ, թե որը: Այդ հարցով դիմել եմ ազգային անվտանգության ծառայությանը, սակայն պատասխան նորից չկա՚,- ասում է ամերիկահայ  գործարարը` հավելելով, որ իր ընկերությունից թալանել են 8 500 000: Դրանից մոտ 1 միլիոնը գործարարի մայր/անձնական գումարն է եղել, 1 500 000-ը՝ պետական հարկը. 2 000 000-ը՝ գնորդներինը, 1 800 000-ը՝ գործարարի օգուտը: 

Ամերիկահայ գործարարի ներկայացուցիչների խոսքով` այս տարվա ապրիլին Խուդյանը հարցաքննվել է ՊԵԿ-ում. դա առերես հարցաքննություն է եղել ընկերության նախկին տնօրեն Էդուարդ Եսայանի հետ, ով թալանի մասնակիցներից մեկն է: ՙԱռերես հարցաքննության ժամանակ Եսայանն ընդունել է, որ կեղծել է Խուդյանի ստորագրությունները, նա ինքը խնդրել է իրեն ձերբակալել, պարզ է, թե ինչու, բայց էլի ոչ մի քայլ՚,- ասում է Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը: Իսկ Էդմոնդ Խուդյանն իր հերթին հավելում է, որ Էդուարդ Եսայանն այստեղ ընդամենը ամենափոքր զինվորն է, գործի բացահայտմանն այլ խոչընդոտողներ կան, և հափշտակողներն էլ շատ են: ՙԵս միայն կարող եմ հաստատ ասել, որ կան անձինք, ովքեր թույլ չեն տալիս, որ այս ամենը բացահայտվի: Թող ազգային անվտանգության ծառայությունը պարզի, թե ովքեր են նրանք՚,- ասում է գործարարը: 

Ինչ կարող է այս հարցում անել սփյուռքի նախարարությունը՝ առայժմ պարզ չէ: Փոխնախարար Դավիթ Կարապետյանի խոսքով՝ իրենք կարող են միայն իրավաբանական խորհրդատվություն տալ իրենց դիմած սփյուռքահային և աջակցել մինչ այն պահը, քանի դեռ գործը չի հասել դատարան: Այնպես որ այս դեպքում նախարարությունից ոչինչ ակնկալել հնարավոր չէ. ՙՊետք է ամեն ինչ անել, որպեսզի իրավական դաշտում այս հարցն իր հանգուցալուծումը գտնի, և հանցագործները պատժվեն՚,- ասուլիսի ընթացքում նշեց փոխնախարար Դավիթ Կարապետյանը: 

Սփյուռքահայ գործարարի ներկայացուցիչները հավելում են, որ եթե ի վերջո խնդիրը Հայաստանում լուծում չստանա, Էդմոնդ Խուդյանը ստիպված կլինի այն տեղափոխել ԱՄՆ, ինչի մասին ինքը Խուդյանը ցավով է խոսում:

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանին ‘
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանում Սուրբ գիրքը պատռած երաժիշտը կպատժվի օրենքով ‘