‘Հայաստանում կյանքն էժանացել է… ըստ վիճակագիրների’

724

Civilnet.am-ի տնտեսական վերլուծաբան Արմենակ Չատինյանը անդրադառնում է Ազգային վիճակագրական ծառայության այն հաշվարկին, համաձայն որի՝ այս տարվա երրորդ եռամսյակում սպառողական նվազագույն զամբյուղը, նախորդ եռամսյակի համեմատ՝ էժանացել է 8,2%-ով.

«Ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրել է, որ այս տարվա երրորդ եռամսյակում սպառողական նվազագույն զամբյուղը, նախորդ եռամսյակի համեմատ՝ էժանացել է 8,2%-ով, ասել է թե՝ Հայաստանում ապրելն էժանացել է։

Հայաստանում ստեղծվել է բավական ուշագրավ մի պատկեր։ Գների աճի պայմաններում տեղի է ունեցել պարենային զամբյուղի և նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի նվազում։ Ազգային վիճակագրական ծառայությունը 7872 տնային տնտեսություններում իրականացրած կենսամակարդակի ամբողջացված հետազոտության արդյունքների հիման վրա ձևավորվորել է սպառողական զամբյուղ և ստացել, որ, օրինակ, եթե 2013թ. երկրորդ եռամսյակում մեկ մեծահասակի մեկ ամսում սպառած սննդամթերքի արժեքը կազմել է 28,18 հազ. դրամ, ապա երրորդ եռամսյակում դա կազմել է 25,86 հազ. դրամ։ Պարզ ասած՝ վիճակագիրները հաշվել են, որ մեկ մեծահասակի սնվելը երրորդ եռամսյակում՝ երկրորդի համեմատ, 2,3 հազ. դրամով կամ 8,1%-ով էժանացել է։

Որ իրականում Հայաստանում կյանքը ոչ թե էժանացել է, այլ, ընդհակառակը, թանկացել, ցույց է տալիս օրական սննդացանկում ընդգրկված ապրանքների գների փոփոխությունը: Օրինակ, ըստ ԱՎԾ-ի այլ տվյալների՝ 1 կգ հացի գինը հունիսին կազմել է 499 դրամ, իսկ սեպտեմբերին՝ 499,5 դրամ, տավարի մսի 1 կգ-ի գինը հունիսին եղել է 2681 դրամ, սեպտեմբերին՝ 2684 դրամ, 1 լ կաթի գինը՝ համապատասխանաբար 423 դրամ և 426 դրամ, ձվի գինը 10 հատի հաշվով համապատասխանաբար 707 դրամ և 776 դրամ։

Երրորդ եռամսյակում նվազել է ոչ միայն պարենային զամբյուղի արժեքը, այլև սպառողական նվազագույն զամբյուղը, ինչը նույնպես անհասկանալի է։ Այսպես, եթե այս տարվա երկրորդ եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմում էր 49,88 հազ. դրամ, ապա երրորդ եռամսյակում այն կազմել է 45,78 հազ. դրամ կամ 4,1 հազ. դրամով պակաս։ Գործնականում դա անհնար է, եթե հաշվի առնենք միայն այն, որ հուլիսի 7-ից 1 խմ գազի սակագինը բարձրացնել 18%-ով` մինչև 156 դրամ, իսկ էլեկտրաէներգիան թանկացել է 27%-ով՝ մինչև 38 դրամ/1կվտԺ:

 

Նախորդ հոդվածը‘Բաբկեն Պիպոյանը հրաժարվել է շարունակել աշխատանքը տրանսպորտի ուղեվարձը քննարկող հանձնաժողովում ‘
Հաջորդ հոդվածը‘Վահե Հովհաննիսյան. Բաքվի դիրքորոշումը մեղմացնելու համար պետք է զարգացնել Հայաստանի տնտեսությունը’