‘
Հայ-ամերիկյան հնագետների խումբը Հայաստանում հնագույն մարդկանց բնակավայր է հայտնաբերել:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը, ավելի վաղ Վրաստանի տարածքում հայտնաբերվել էր Դմանիսի բնակավայրը, որի տարիքը կազմում է շուրջ 1,8 մլն տարի: Դմանիսը մի շարք հարցեր բարձրացրեց, որոնք առնչվում են Աֆրիկայից նախնադարյան մարդու միգրացիային:
«Դմանիսից հետո «եկող» հուշարձանները 300-400 հազար տարեկան են: Այսինքն, ոչ ոք չգիտի, թե այստեղ ինչ է տեղի ունեցել ավելի քան միլիոն տարի առաջ: Գիտնականների շրջանում բանավեճեր են ընթանում այն առնչությամբ, թե արդյոք այստեղ բնակչությունը զարգացել է ավտոնոմ` Աֆրիկայից դուրս գալուց հետո, թե դա եղել է սոսկ դրվագ, որին հետևել է աֆրիկյան մայրցամամքից միգրացիայի նոր ալիք», — պարզաբանել է Գասպարյանը:
Չի բացառվում, որ այդ և այլ հարցերին կարող է պատասխանել Դեբետ համայնքի հուշարձանը: «Դեբետում Դմանիսի «հոտ է գալիս»: Այստեղ մենք բացում ենք հուշարձաններ, որոնք միլիոնավոր տարվա վաղեմություն ունեն, այսինքն, դրանք ժամանակակից Հայաստանի տարածքի բնակեցման ամենաառաջին փուլերն են: Մենք արդեն գտել են հոմո էրեկտուսին (ուղիղ քայլող մարդ) վերագրվող գործիքներ», — պատմել է փորձագետը:
Մինչդեռ, նրա ասելով, ավելի մանրամասն պեղումների և հետազոտությունների համար տարիներ կպահանջվեն, քանի որ հուշարձանները գտնվում են շերտանստվածքների 5 մ շերտի տակ: Սակայն արդեն այժմ Գասպարյանը չի բացառում, որ Դեբետը, ինչպես և Դմանիսը, կարող է լինել հնագույն մարդկանց բնակավայր:
Առաջին հետախուզական աշխատանքները Դեբետում իրականացվել են 2009 թվականին: Հնագիտական պետումներն իրականացվում են Հյուսիսային Կարոլինայի (ԱՄՆ) համալսարանի հետ համագործակցության պայմաններում:
‘