‘
Հակառակ նավթի գների նվազման համաշխարհային թրենդերի` Հայաստանում դեկտեմբերի առաջին տասնօրյակում նավթամթերքի գները 10 դրամով աճել են:
ԱրմԻնֆո-ի դիտարկման արդյունքները ցույց են տվել, որ «Սուպեր ԱԻ 98» ապրանքանիշի բենզինի 1 լիտրի գինն ավելացել է մինչև 510 դրամ, «Պրեմիում ԱԻ 95» ապրանքանիշի բենզինի 1 լ գինը` մինչև 480 դրամ, «Ռեգուլյար ԱԻ 91» բենզինի 1 լ գինը` մինչև 460 դրամ, դիզելային վառելիքի 1 լ գինը կազմել է 470 դրամ, իսկ 1 լ եվրադիզելը թանկացել է մինչև 490 դրամ:
Մասնագետները նշում են, որ Հայաստանում նավթամթերքի գների աճը պայմանավորված է Ռուսաստանում գների աճով, քանի որ 2014 թվականի փետրվարից Հայաստանը նավթամթերք է գնում, հիմնականում, այդ երկրից: Այն հարցը, թե ինչու են բենզինի գները Ռուսաստանում աճում, չնայած նավթի համաշխարհային գների աննախադեպ անկմանը, կարծես, մտահոգում է նաև ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին, ով կարգադրել է պարզել իրավիճակը:
Հարկ է նշել, որ հայ հասարակայնության շրջանում ակնկալում էին նավթամթերքի գների նվազում այն բանից հետո, երբ անցյալ տարի Ռուսաստանն ու Հայաստանը ստորագրեցին ՀՀ նավթամթերքի, գազի և ալմաստի մատակարարումների արտահանման տուրքերի վերացման շուրջ միջկառավարական համաձայնագիր: Համենայն դեպս, հայ պաշտոնյաները հայտարարում էին Հայաստանի համար մոտալուտ օգուտների և ներքին շուկայում բենիզնի գների նվազման մասին: Երբ Հայաստան բենզին էր ներկրվում, հիմնականում, Եվրոպայից, իրավիճակն ավելի կանխատեսելի էր, և ներքին գները փոխվում էին համաշխարհային թրենդերին համարժեք:
‘