‘Հայաստանում Ռումինիայի դեսպանը՝ դիվանագիտական սկանդալի կենտրոնում’

2047

Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն հետ է կանչվել է Բուխարեստ` խորհրդակցությունների նպատակով: Այս մասին լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատել են Ռումինիայի արտգործնախարարությունում:

Դիվանագիտական սկանդալի կենտրոնում Սորին Վասիլեն հայտնվել է այն բանից հետո, երբ Երևանում դասախոսության ժամանակ մի շարք հակասեմական եւ հոմոֆոբական հայտարարություններ է արել: Նոյեմբերի 19-ին Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն դասախոսություն էր կարդացել Հայաստանի ամերիկյան համալսարանում: Նա հրավիրված էր խոսելու երկու երկրների միջև հարաբերությունների մասին և պատասխանելու հանրության հարցերին: Հայ ուսանողներից մեկի հարցին, թե որն է ավելի կարևոր Ռումինիայի համար` Թուրքիայի հետ քաղաքական ու տնտեսական կապե՞րը, թե՞ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական հրամայականը, դեսպանը տվել էր միանգամայն ցնցող պատասխան:

Civilnet.am կայքում հրապարակված, Գիյոմ դե Շազուրնի հեղինակած հոդվածի համաձայն՝ այդ հանդիպման ընթացքում հայ ուսանողներից մեկի հարցին, թե ո՞րն է ավելի կարեւոր Ռումինիայի համար՝ Թուրքիայի հետ քաղաքական ու տնտեսական կապե՞րը, թե՞ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական հրամայականը, դեսպանը պատասխանել է. «Նախորդ դարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս, սա շատ բարդ է… Ո՞րն է բարոյականությունը, որ ընդունենք՝ սա բարոյականությունն է: Ո՞րն է բարոյականությունը նորմալ զույգի միջեւ: Երկսեռ զույգի՞։ Իսկ հոմոսեքսուալ զույգի՞: Իսկ նորմալ, տղամարդ եւ կի՞ն, այո՞: Նրանք նորմալ են, նրանք բարոյական են: Իսկ հոմոսեքսուալները բարոյակա՞ն են, թե՞ ոչ։ Այսպիսով, ինչը նույնն է, ինչ… Ամեն ինչ հարաբերական է: Սա է քո հարցի պատասխանը: Քեզ համար սա հակասական է: Միասեռական զույգի համար սա կատարյալ է, ընտանիքի մոդելն է, այո: Միասեռական»:

Ի՞նչ կապ կա Ցեղասպանության ճանաչման բարոյականության եւ միասեռական զույգի բարոյականության միջեւ: Դասախոսությունից հետո դեսպանին ուղղված գրավոր այս հարցին Վասիլեն պատասխանել է հետեւյալ կերպ. «Այժմ ամեն ինչ հարաբերական է, բավական բարդ է: Սա մաթեմատիկա չէ… Մի լավ կատակ կա հրեաների հետ կապված: Մի հրեա խոշոր բիզնեսմեն փնտրում է իր կազմակերպության համար հաշվապահ եւ առաջին թեկնածուին հարցնում է՝ ի՞նչ կլինի 10+10, սա պատասխանում է՝ 20: Հրեան նրան դուրս է հրավիրում: Հաջորդին է հարցնում, սա էլ ասում է 30, եւ հրեան սրան էլ է հեռացնում: Իսկ երրորդը այդ նույն հարցին պատասխանում է. իսկ ինչքա՞ն եք ուզում, որ լինի: Հրեան նրան ընդունում է աշխատանքի: Այսինքն, սա մաթեմատիկա չէ, որ ասես 1+1=2: Հաջորդ տարի կլինի հիշատակման հարյուրամյակը… Ես չեմ ասում՝ ով է ճիշտ, ով սխալ, քանի որ ես իրավունք չունեմ, բայց սա բավականին բարդ է»:

Հոդվածի լույս տեսնելուց հետո  դեսպան Սորին Վասիլեն հայտարարություն էր ուղարկել ՍիվիլՆեթին՝ հայցելով հայ ժողովրդի ներողամտությունը:

«Ես ցանկանում եմ փոխանցել իմ անկեղծ ափսոսանքը, որ որևէ հետին միտք անգամ չունենալով՝ իմ ասածները ողբերգական իրադարձությունների վերաբերյալ, որոնք հայ ժողովրդին անսահման տառապանքներ են պատճառել անցյալ դարասկզբին, պատճառ են դարձել հայ ժողովրդին վիրավորելու: Անհուն ափսոսանքով եմ նկատում, թե ինչպես է իմ պատասխանը տրված հարցին մեկնաբանված: Ես խորապես ցավում եմ ցանկացած դժբախտ թյուրիմացության համար,  որը կարող է ունենալ որևէ հնարավոր ազդեցություն ռումինացի ու հայ ժողովուրդների ավանդական ամուր հարաբերությունների վրա, որոնք կառուցվել են դարեր շարունակ փոխադարձ աջակցության և վստահության վրա:

Հնարավոր է, որ իմ դատողությունները համատեքստից դուրս են օգտագործվել, և եթե այդպես է, ես խորապես ցավում եմ դրա համար:

Ես հաստատապես ընդգծում եմ, որ հանձինս ինձ` Հայաստանն ունի ընկեր: Ես իրապես վստահ եմ, որ թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ հայ ժողովրդի հետ ընդհանրապես իմ գործունեությունը, իմ հայտարարությունները և հարցազրույցները վկայում են այն ամենաբարձր կարծիքի մասին, որ ունեմ Հայաստանի` որպես հարուստ պատմություն ունեցող երկրի և նրա ապագայի մասին»,- իր հայտարարությունում նշել է Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն:

Դեսպանի հայտարարությանն արձագանքել է հոդվածի հեղինակ Գիյոմ դե Շազուրնը։

«Հոդվածի արագ տարածումից հետո Ռումինիայի դեսպանը համաձայնեց ներողություն խնդրել: Չնայած կոնֆերանսի ընթացքում և մեկ շաբաթ անց էլեկտրոնային փոստի միջոցով նրան ուղարկված իր մեջբերման սղագրության և շարունակական խնդրանքներին, նա հրաժարվում էր ներողություն խնդրել։ Այս պատմությունը արտացոլում է իտալացի Անտոնիո Գրամսկիի` լրագրության դերի մասին խոսքերը. «Քաջալերեք հանրությանը դուրս գալու իր պասիվությունից` համախմբելով նրա ազատագրիչ ուժը»: Շնորհակալություն եմ հայտնում հոդվածի բոլոր ընթերցողներին և տարածողներին, քանի որ նրանք նպաստեցին դեսպան Վասիլեի` հրապարակային ներողությանը»,- գրել է Գիյոմ դե Շազուրնը:

Նախորդ հոդվածը‘Հանրահավաքի փոխարժեքը. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Ու՞մ են բանկերը այս շաբաթ վաճառել 145 մլն դոլար’