‘Հայաստանում ստի ոտքը լավ էլ երկա՞ր է’

1794

«Իսկ Իրանը չի՛  ներում ստախոսներին»…

Այաթոլլահ Խոմեյնի

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, թերեւս, թվում է, թե մեր հարեւան Իրանում է՛լ են նույնքան ստախոս եւ անպատասխանատու պաշտոնյաներ խմբված, որքան իրենց կառավարությունում: Ավելին՝ նա, հավանաբար, կարծում է, թե միջպետական հարաբերություններում եւս կարելի է գլուխն ազատել կառավարության ետնամուտքերից ճողոպրելով եւ կամ մեկը մյուսից զարմանալի ստեր հորինելով: Հակառակ պարագայում՝ նախարարն իրեն առնվազն հաշիվ կտար Ազգային ժողովի բարձր ամբիոնից հերթական սուտը գլորելիս եւ կգիտակցեր, որ եթե իրենց իսկ մեղքով հատակում հայտնված Հայաստանին նույն Իրանը դեռ լուրջ ընդուներ, հերթական այս «բլթոց»-ին՝ թե իրանական գազը մի քանի անգամ թանկ է ստացվում ռուսական գազից, անմիջապես դիվանագիտական սկանդալ կհետեւեր…

Իսկ ի՞նչ է եղել՝ կհարցնեք:

Բանն այն է, որ օրեր առաջ Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին հայտարարել էր, որ ճիշտ չեն բոլոր այն պնդումները, թե իրանական գազը ռուսական գազից մի քանի անգամ թանկ կարող է արժենալ Հայաստանի համար: Այսպիսով, դեսպանը, փաստորեն, շատ կոռեկտ ուղերձ հղեց մեր հանրությանն առ այն, որ ռուսական գազի ընտրությունը թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի համար մշտապե ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նախընտրություն է իրենից ներկայացրել: Ինչու նաեւ Քոչարյանի՞: Դե, որովհետեւ հայ-իրանական այլըտրանքային գազամուղը հենց նրա՛ իշխանության տարիներին կյանքի կոչվեց: Ավելի ճիշտ՝ ձախողվեց, որովհետեւ կառուցվեց շատ ավելի փոքր թողունակությամբ, քան  ի սկզբանե որոշված էր…

«Դժբախտաբար, երբ մենք կառուցում էինք գազամուղը, որոշվեց, որ դրա թողունակությունը պիտի մեծ չլինի: Այդ պատճառով էլ իրանական գազը չի՛կարող ամբողջությամբ բավարարել Հայաստանի պահանջարկը: Իսկ Իրանը գազի մեծ պաշարներ ունի եւ կարող էր ոչ միայն Հայաստանի, այլեւ Հայաստանի միջոցով նաեւ այլ երկրների պահանջարկը ծածկել»,- հայտարարել է Իրանի դեպանը՝ ոմանց ուղղակի քնահարամ անելով, ուրիշների մոտ էլ հերթական ստի անդիմադրելի տենչ արթնացնելով…

Իսկ իրականությունը մե՛կն է. այս մարդիկ մեզ զրկել են ոչ միայն քաղաքական այլընտրանքից եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից, այլեւ ահռելի տնտեսական վնաս են հասցրել բոլորիս՝ Հայաստանին զրկելով տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից: Իսկ եթե հաշվի առնենք, որ իրանական գազի դիմաց (Հայաստանն, ի դեպ, տարեկան ընդամենը 1.7մլրդ. խ/մ գազի պահանջարկ է ունենում) կարելի էր ոչ թե կանխիկ գումար վճարել, այլ կյանքի կոչել հենց այս պահին էլ գործող «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» տարբերակը, չես էլ հասկանում, թե սրանք ընդհանրապես ինչ երեսով են մարդամեջ դուրս գալիս եւ դեռ մի բան էլ փաստերը նենգափոխում…

Իսկ կարո՞ղ էինք Իրանին այդքան էլեկտրաէներգիա մատակարարել: Այլ խոսքով՝ ունեի՞նք նման հնարավորություն ընձեռող ենթակառուցվածքներ, կամ՝ ունե՞ր այդ երկիրը նման պահաջարկ: Միանշանակ՝ կարելի՛ էր: Ընդ որում, պատասխանը հիմնավորվում է ոչ թե արմենմովսիսյանական փուչիկներով, այլ իրանական կողմի լուրջ փորձագիտական ներկայացմամբ:

Դե ինքներդ հաշվեք. ՀՀ ջերմակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի ինքնարժեքը մոտ 22 դրամ է կազմում, ատոմակայանում արտադրվածը` 5-6 դրամ, հիդրոկայաններինը` 1 դրամից էլ քիչ (ահա թե ինչու է ՀՀԿ վերնախավը, գործարար տիկին Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, կենտրոնացած այս բիզնեսի վրա՝ սպառելով մեր ջրային պաշարները…)։ Միջինն, այսինքն, ստացվում է մոտ 11 դրամ։ Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այսպիսի ինքնարժեք ունեցող արտադրանքը, էլի՛ ռուսական Բաշխիչ ցանցերին հարստացնելով,  մեզ վաճառում են եռակի թանկ։ Բայց Իրանի պարագայում, երբ նրանց իսկ վկայությամբ՝ 1000 խմ գազի դիմաց հայկական կողմն իրանականին «վճարել» է 3000 կվտ էլեկտրաէներգիա, մի՞թե այս հաշվարկը չէր կարող ռուսական գազի դիմաց այլընտրանք դառնալ: Համենայն դեպս՝ իրանական գազը հաստա՛տ ավել թանկ չէր ստացվի, քան ռուսականը: Ընդ որում՝ նույնիսկ գազի էժանանալու՝ պուտինյան խոստման ֆոնին…

Բայց սա, իհարկե, հիմա ուշացած հաշվարկ է եւ նույնքան ուշացած ափոսանք: Սրա համար ընդամենը պետք էր ժամանակի՛ն քաղաքական կամք դրսեւորել եւ, մասամբ իրանական ֆինանսավորմամբ կառուցվող գազատարին զուգահեռ՝ կյանքի կոչել նույն Մովսիսյանի եւ Իրանի Էներգետիկայի նախարար Հաբիբոլլահ Բիթարաֆի՝ դեռ 2004-ին կնքած հուշագիրը, որով Իրանը երկու երկրների միջեւ բարձրավոլտ էլեկտրահողորդման երրորդ գծի շինարարությունն էր ստանձնում:

Ինը տարի, պատկերացնու՞մ եք, ուշացած ինը տարիներ պետք եկան քոչարյանա-սարգսյանական իշխանությանը, որպեսզի երեկ իրանական կողմը վերջապես հաղորդեր (ինչպես միշտ՝ հայկական կողմից հույս չկա. սրանք միայն սուտ ու կեղծիք տարածելիս են աչալրջորեն շտապում) այն լուրը, թե իրանական ՍԱՆԻՐ ընկերությունը վերջապես կսկսի բարձրավոլտ էլեկտրահողորդման երրորդ գծի շինարարությունը, որի առիթով, ի դեպ, մի որոշում էլ անցած տարի ԱԺ-ում կայացվեց, երբ շինարարությանն անհրաժեշտ նյութերն ու սարքավորումները ազատվեցին տուրքերից:

Այնպես որ՝ ամփոփենք. եթե այսօր Հայաստանում որեւէ բանի իսկապե՛ս այլընտրանք չկա, ապա միայն՝ իշխանափոխության: Բավակա՛ն է սրանց պատճառով թունավորենք մեր կյանքը եւ դեռ մի բան էլ՝ ամբողջ աշխարհի առաջ ամաչենք…

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘Բջջայիններ Made in Armenia (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘ԻԻՀ դեսպանը էներգետիկայի նախարարին ստախոս հանեց ‘