‘Հայաստանում օտարալեզու դպրոցներին` Ո՛Չ / ՉԷ՛ / Ո՛ՇՇ ՄԻ, no/not/none, нет/никак, non, nein/nicht, nei/niet/geen, όχι, نه, hayır/yok, कोई नही, aon, ei ole…’

1997

Լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում, յուրօրինակ զրույցի ձեւով, պարզաբանել է այն վտանգները, որոնց կբախվի հայոց լեզուն` Հայաստանում ռուսաց լեզվի գերակայման, ռուսական դպրոցների վերաբացման դեպքում: Առաջարկում ենք ընթերցել համբերությամբ:

 

[NB! Սա վերլուծություն չի, այլ բանավեճի հիմնակետերի պարզ ու տնավարի քննարկում` երևակայական հարցազրույցի տեսքով]:

A = օտարալեզու դպրոցների պաշտպան կամ համենայն դեպս այդտեղ վտանգ չտեսնող անձ
B = ես, այսինքն` օտարալեզու դպրոցների բացման հակառակորդ
A. Վերջերս շատ է խոսվում Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման հարցի մասին: Մի երկու շաբաթ առաջ էլ մեծ աղմուկ բարձրացավ ռուսալեզու գիմնազիայի շուրջ: Ի՞նչ կասես այդ մասին: Վատ կլինի՞, որ մարդկանց ռուսերենի իմացությունը բարելավվի:
B. Իհարկե, ռուսերենի իմացությունը շատ լավ է: Ռուսերենը աշխարհի կարևորագույն լեզուներից է և ներկայացնում է մի շատ հարուստ մշակույթ: Բայց եկեք հիշենք, որ սա Հայաստանն է, ու այստեղ անխտիր բոլոր կրթօջախներում ՀԱՅԵՐԵՆԸ ՉՊԵՏՔ Է ՄՐՑԱԿԻՑ ՈՒՆԵՆԱ: Որևէ հատուկ բուհ կամ բուհի նեղ մասնագիտացված ֆակուլտետ, իհարկե, կարող է լինել օտարալեզու: Բայց ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿԱՄ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ո՛չ / չէ՛ / ո՛շշ մի, no/not/none, нет/никак, non, nein/nicht, nei/niet/geen, όχι, نه, hayır/yok, कोई नही, aon, ei ole… Համ էլ` հայոց մշակույթը նույնպես շատ հարուստ է ու արժեքավոր, տեղ-տեղ էլ, հնության ու բազմաժանրության առումներով, նույնիսկ ավելի բարձրարժեք: 
A. Այդ ռուսալեզու գիմնազիան պիտի բարձրորակ լինի: Ի՞նչ վատ է, որ մեր երկրում այդպիսի բարձրորակ կրթօջախ լինի:
B. Հե՛նց այդ ԵԼԱԿԵՏՆ էլ ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻՆ է: Դա նշանակում է հե՛նց էն գլխից ունենալ ու զարգացնել համոզմունք, որ հայալեզու դպրոցը անհույս կերպով դատապարտված է «Ճ կլասի» դպրոց լինելու: Դա կառավարության ու ԿԳՆ անճարակությունն է կամ բացարձակ անտարբերությունը: Ու մարդիկ արդեն նախապես գիտեն, որ այս ռուսալեզու գիմնազիան բարձրակարգ ու «պրիսծիժնի» դպրոց է լինելու, ուստի ամեն կերպ ձգտելու են իրենց երեխաներին այնտեղ խցկել: Եթե ասեն էլ, թե (հիմնականում) դրսեցիների համար է լինելու գիմնազիան կամ էլ հատուկ նպատակներ, դես-դեն, ապա դա բան չի փոխում, աջուձախ կաշառքով ներս կխցկեն իրենց երեխաներին: Սովետական ժամանակների փորձը հո կա՛: Ինչի՞ պիտի ես հույս ունենամ, թե դիրեկցիայի ու ծնողների գիտակցությունը հիմա ավելի բարձր է լինելու: 
A. Մի ռուսալեզու գիմնազիան ի՞նչ վնաս պիտի տա:
B. Մե՛ծ վնաս: Ինչու՞ պիտի Հայաստանում որևէ հայ երեխա իր ծնողի թեթև ձեռքով զրկվի իր մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից: ՄԱՅՐ-ը` ՄԱՅՐ ԼԵԶՎԻ ԴԵ՞՜Մ… Իսկ մի օտարալեզու գիմնազիա նշանակում է հարյուրավոր (եթե չասենք հազարավոր) հայ երեխաների օտարումը հայոց լեզվից: Հայ երեխայի մտածողության լեզուն պետք է հայերենը լինի: Եվ հետո` ոչ ոք երաշխիք չունի, որ տարիներ հետո այս գիմնազիայի մասնաճյուղեր կամ նոր դպրոցներ չեն բացվելու:
A. Բայց հավատացնում են, որ մասնաճյուղեր չեն բացվելու, ուրիշ դպրոցներ էլ չեն բացվելու:
B. Փախար… Վայ, ներող կլինես: Նախ` հարցը քանակը չի, այլ` սկզբունքը. մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքից զրկվողների թիվը 100 լինի, թե 1000, թե 10.000` կարևոր չի: Երկրորդ` ես դժվարանում եմ հավատալ, թե չի տարածվելու: Երրորդ` օտարալեզու դպրոցը մասնավոր ու մեկուսացած մի իրողություն չէ, այլ համակարգի մի օղակ: Ռուսաց լեզվին պետական որևէ տիպի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ մտքերը դեռ անորոշ են, բայց դատարկ տեղում չեն: Հաճախ մարդիկ ասում են` ռուսերենը աշխատանքային լեզու հռչակելը վերաբերում է միայն ՄՄ ժողով-մողովներին: Չեմ կարծում, թե դա էդպես է, բայց լավ, դեռ առաջ չվազենք: Միայն պետք է ավելորդ կերպով ամրագրենք, որ Հայաստանի տարածքում հայերենը պետք է միակ պաշտոնական լեզուն լինի` ուսուցման, վարչական ու մնացած բոլոր առումներով: 
A. Չես կարծու՞մ, որ այս ամենը հաճախ չափազանց է ու վերածվում է մոլեռանդության, ռուսատյացության: 
B. Իհարկե, մեզանում մարդիկ սիրում են խնդիրների թացն ու չորը խառնշտել իրար և ընկնում են ծայրահեղությունների գիրկը: Ես կարծում եմ, օրինակ, որ միջազգային գիտաժողովում միանգամայն թույլատրելի է, որ օտար լեզուն լինի աշխատանքային: Իսկ եթե թեմատիկան զուտ հայագիտական չի, այլ, ասենք, իրանագիտական կամ կովկասագիտական, ապա նույնիսկ իմաստ էլ չկա, որ հայերենը լինի աշխատանքային լեզուների շարքում: Վերջերս անիմաստ աղմուկ բարձրացավ, թե ինչու էր ԵՊՀ իրանագիտության ամբիոնի կազմակերպած մի կովկասագիտական գիտաժողովում ռուսերենը հայտարարվել աշխատանքային լեզու: Այ սա՛ արդեն մոլեռանդություն է: 
A. Ի՞նչ կասես ֆիլմերի լեզվի մասին:
B. Ես չեմ կարծում, թե արտասահմանյան ֆիլմերը պիտի անպայման թարգմանվեն/կրկնօրինակվեն հայերեն: Նախ` դա շատ ծախսատար է. երկրորդ` օրիգինալի համուհոտը կորչում է. երրորդ` մերոնք վատ են թարգմանում, նույնիսկ կարելի է ասել` փչացնում են ֆիլմերը: Կարելի է բավարարվել հայերեն տիտրերով: Համ էժան կնստի, համ ֆիլմը չի փչանա, համ էլ ուսուցողական առումով շատ օգտակար է, օգնում է օտար լեզու սովորելուն, նաև հայերեն կարդալու լրացուցիչ պրակտիկա է: Իմ ու ինձ ծանոթ բոլոր ընտանիքների օրինակի վրա հավաստիացնում եմ, որ դա միայն սկզբում է դժվար. հետո շատ արագ հեշտանում է, ու կարողանում ես համ հետևել օրիգինալ հնչմանը, համ էլ` կարդալ տիտրերը: Հոլանդիան շատ բարձր է պահում հոլանդերենի հարկը բոլոր առումներով. ամբողջ կրթական համակարգը հոլանդերենի վրա է, բոլոր պաշտոնական փաստաթղթերն ու նամակները հոլանդերեն են և այլն… Բայց ես դեռ չեմ տեսել Հոլանդիայում կազմակերպված մի միջազգային գիտաժողով, որտեղ հոլանդերենը աշխատանքային լեզու լինի: Ու ֆիլմերն էլ չեն փչացնում հոլանդերենի հնչողությամբ, այլ ընդամենը տակը հոլանդերեն սիրուն տիտրեր են տալիս:
A. Օտար բառերի մասի՞ն ինչ կասես:
B. Մի մոլեռանդություն էլ օտար ծագման բառերից հուշտ լինելն է: Քանիցս ասել եմ` անանաս, բանկա, ժակետ, իմպրեսիոնիզմ, կակաո, կինո, շոկոլադ, շորտ, ռադիո, սոնետ… այս տիպի բառերին կպչելը հիվանդագին է, անընդունելի մաքրամոլություն է… Մեր Մայրենին դրանք արդեն վաղուց որդեգրել է, դրանցից շատերը` արդեն մեկուկես դար, ուստի հարգենք նրա որոշումները, սիրենք նրան առանց ավելորդ խմբագրումների ու հեղաշրջումների: Եթե դու սիրում ես քո մորը, ապա կսիրես նրան այնպես, ինպես կա, եթե անգամ ռուսական շալ է գցում, պարսկական երաժշտություն կամ նույնիսկ Զեյնաբ է լսում, դեպրեսիվ սերիալներ ու հնդկական ֆիլմեր է նայում: Հա, եթե լավ զավակ ես, տակտով ու աննկատ օգնի, որ նա ավելի զարգանա. բայց նայած, թե ինչ հարցերի մասին է խոսքը: 
A. Չմոռանանք նաև, որ գիտությունը տեղում կանգնած չէ, գրեթե բոլոր բնագավառներում արդի կարևորագույն դասագրքերը ռուսերեն, անգլերեն ու այլ օտար լեզուներով են: 
B. Իհարկե, դասագրքերի հարցն էլ մեր քննածի հետ կապ չունի: Մենք խոսում ենք Հայաստանի դպրոցներում դասավանդման լեզվի մասին: Այն պետք է լինի ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԵՆ: Իսկ դասագրքերի հարցը լրիվ ուրիշ խնդիր է: Եթե հայ ուսանողը չի կարողանում գործածել ռուսերեն կամ այլ լեզվով դասագրքերը, ապա առհասարակ անիմաստ է նրա ուսանող լինելը: Հոլանդիայում (և, անշուշտ, ոչ միայն Հոլանդիայում) բուհական դասավանդումը հիմնականում խարսխված է հոլանդերենի վրա, բայց դասագրքերը օտարալեզու են` անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն: Էլ չասեմ, որ մինչև բուհերին հասնելը` գիմնազիաներում, նաև լատիներեն ու հին հունարեն են անցնում: Ու այս ամենը` Ո՛Չ ՀՈԼԱՆԴԵՐԵՆԻ ՀԱՇՎԻՆ: Ու ամենախիստ պահանջներն էլ դնում են հոլանդերենի իմացության ու քննությունների վրա: Աղջկաս գիմնազիայում բոլոր առարկաների քննություններում, կապ չունի` բնագիտություն, փիլիսոփայություն, ֆիզիկա թե այլ բան, ուսուցիչը կարող է, ասենք, հոլանդերենի տառասխալների համար նույնիսկ բալ իջեցնել: Հոլանդացի ասելով միայն հոմոներ ու նարկոտիկ եք պատկերացնում. դե բա սրանք է՛լ իմացեք, է՛լի… Պետք է, հոլանդական համակարգի նման, բոլոր հնարավոր միջոցները կենտրոնացնել օտար լեզուների դասավանդման բարելավման հարցի վրա, բայց ո՛չ երբեք հայերենի իմացության հաշվին: 
A. Լա՛վ, վերադառնանք ռուսալեզու գիմնազիային: Ինչու՞ ես վախենում, թե այնտեղ երեխաները հայերեն վատ կսովորեն: Ասում են այդ գիմնազիայում հայերենին էլ են պատշաճ ուշադրություն հատկացնելու: 
B. Նախ` ինչքան էլ ուշադրություն հատկացնեն, ռուսալեզու գիմնազիայում հայերենը, անկասկած, լինելու է ուշադրության գլխավոր առանցքից դուրս: Դա նշանակում է, որ աշակերտների մտածողության լեզուն ռուսերենն է լինելու: Եվ հետո` ինչու՞ պիտի լավատես լինեմ, երբ իմ առջև ունեմ դառը փորձը: Մեր` հայկական դպրոցից ընդամենը մի 100 մ հեռու ռուսական դպրոց կար, որտեղ բազմաթիվ ընկերներ ունեի, ու նրանցից մի քանիսը միայն գիտեր հայերեն վարժ գրել, էն էլ` շատ տառասխալներով: Ու նույնիսկ նրանք էլ, չնչին բացառություններով, անտեղյակ էին հայ գրականությունից, անգամ Թումանյանից: Այդ դպրոցը քիմիայի թեքում ուներ և շատ ուժեղ էր ոչ միայն քիմիայից ու մյուս ճշգրիտ գիտություններից, այլև` անգլերենից: Իսկ հայերենի վիճակը հեչ լավ չէր: Մի՞թե հանդուրժելի է, որ Հայաստանում ապրող հայ երեխան բոբիկ կամ կիսագրագետ լինի հայերենից ու հայ գրականությունից: 
A. Անհանգստությունն անհիմն է, քանի որ երեխաները տարրական դասարաններում պիտի հայալեզու կրթություն ստանան և միայն ավագ դպրոցական տարիքում են անցնելու ռուսալեզու կրթությանը:
B. Հա՛, փաստորեն մխիթարվենք այն բանով, որ երեխան ունենալու է հայերենի տարրական իմացություն` ընկերների հետ խաղալու, հարազատների հետ շփվելու, խանութ ու շուկա գնալու… Իսկ դե գիտությունն արդեն հայերենի բանը չի, չէ՞: Ավագ տարիքում ԼՈՒՐՋ բաներ են անցնելու` ֆիզիկա, աստղագիտություն, քիմիա, փիլիսոփայություն, ծրագրավորում և այլն, և այլն, ու ա՛յ այս լուրջ բաներն էլ կանցնեն լուրջ լեզվով` ռուսերենով… Հայերենի խելքի բանը չի, չէ՞… Բայց ոչի՞նչ, որ սկսած 5-7-րդ դարերից հայոց լեզվով ծաղկել են գրական բոլոր ժանրերը` պատմագրություն, վարքագրություն, մեկնողական երկեր, փիլիսոփայական երկեր ևն, ուսումնասիրվել և հայոց լեզվով ուսուցանվել են պրակտիկորեն բոլոր գիտաճյուղերը` փիլիսոփայություն, քերականություն, ճարտասանություն, մաթեմատիկա, չափագիտություն, տիեզերագիտություն, տոմարագիտություն և այլն. ստեղծվել են ոչ միայն բարձրարժեք պատմագրական երկեր, այլև անթիվ քանակությամբ վիմագիր արձանագրություններ, ձեռագիր հիշատակարաններ, մանր ժամանակագրություններ, միջնադարյան զրույցներ, երգեր, հանելուկներ և այլն, և այլն: Ու հիմա ես հրաժարվում եմ հասկանալուց, թե ինչու՛ պիտի որևէ հայ պատանի մաթեմատիկա, աստղագիտություն, բնագիտություն, քերականություն, աշխարհագրություն, հին աշխարհի պատմություն, փիլիսոփայություն ու մնացած բաները սովորի ռուսերեն կամ այլ օտար լեզվով: 
A. Բոլոր քաղաքակիրթ երկրներում էլ կան օտարալեզու դպրոցներ. դա ո՞ր երկրի համար է խնդիր:
B. Դա բացարձակապես համեմատելի չի Հայաստանի դեպքի հետ: Օտար երկրներում, գոնե իմ իմացության սահմաններում, օտարալեզու դպրոցը հիմնականում ծառայում է օտարներին: Իհարկե, գուցե կլինեն նաև տեղացիներ, որ կգերադասեն օտարալեզու դպրոց տալ իրենց երեխաներին: Բայց սրանք հատուկենտ օրինակներ են, ու այս դեպքում դեր կխաղա կրթության լեզվի ընտրության զուտ պրագմատիկ տեսանկյունը, ոչ թե դպրոցի ավելի բարձրորակ և/կամ «պրիսծիժնի» լինելը: Հոլանդիայում հոլանդական դպրոցները շատ հարգի են, ու էնպիսի բան չկա, թե որևէ օտարալեզու դպրոց ավելի բարձր կարգ կամ համարում ունի, քան հոլանդականները: Իսկ եթե նույնիսկ մի որևէ երկրում գտնեք այդպիսի աննորմալ իրողություն, ապա դա ի՞նչ մի օրինակելու բան է… Հայաստանում, ինչպես ասացինք, կասկած չկա, որ այս գիմնազիան լինելու / համարվելու է «պրիսծիժնի» դպրոց, էնպես որ էստեղ խոսելու բան էլ չկա: 
Ի դեպ` էս երկու օրը մանրամասն զրուցեցի իմ գերմանացի հարևանուհու հետ: Նրա տղան ու աղջիկը տարբեր փուլերում տարբեր դպրոցներ են հաճախել այստեղ` Հոլանդիայում, էնպես որ էս բոլոր հարցերը նա իր կաշվի վրա է զգացել: Հավաստիացնում է, որ 1980-90-ականներին, երբ իր տղան հաճախում էր միջազգային` ոչ հոլանդական դպրոց, հոլանդացի երեխաներն առհասարակ մուտք չունեին այնտեղ: Նա նաև ասում է, որ Գերմանիայում գերմանացիները գուցե երբեմն միջազգային` անգլիական դպրոցները համարում են ավելի բարձրորակ, սակայն. 1) դա միայն այն պատճառով, որ դրանք մասնավոր են, իսկ մասնավորները միշտ էլ բարձրորակ են լինում կամ համարվում, անկախ նրանից` գերմանական են, թե միջազգային. 2) նրանք, այդուհանդերձ, իրենց երեխաներին տալիս են գերմանական դպրոցներ:
Ի վերջո` նորից հիշենք, որ Հայաստանի դեպքում հարցն ավելի սուր է, քանի որ ունենք Սովետական շրջանի փորձը, և որ մեր երկրում զգալի տեղ ունեն ինչպես քաղքենիությունը, այնպես էլ կարգուկանոնի բացակայությունը, ուստի ծնողը միշտ էլ ձգտելու է իր երեխային խցկել էլիտար դպրոց: Ու չմոռանանք նաև, որ նրանք որոշ հիմք ունեն այդպես վարվելու, քանի դեռ մեր կառավարությունում ու ԿԳՆ-ում կան մարդիկ, որ մտածում են, թե կրթության որակը բարձրացնելու համար պետք է բացել օտարալեզու էլիտար դպրոցներ: 
A. Եթե ճիշտ եմ հասկանում, Դուք սկզբունքորեն դեմ չեք լինի օտարալեզու դպրոցներին, եթե ամուր երաշխիք լինի, որ այնտեղ կհաճախեն ՄԻԱՅՆ օտարները:
B. Այո: Բայց նման երաշխիք ոնց որ թե չեն էլ տալիս: Ու եթե տան էլ, ես չգիտեմ` արդյո՞ք այն վստահելի կլինի: 
A. Լավ, կառավարությունը մեկ է ձեզ չի լսելու և բացելու է ռուսական գիմնազիան, դրանից հետո էլ շարունակելու է իր ուզած ձևով: Ի՞նչ կարող եք դուք անել: 
B. Եթե, չնայած մեր ջանքերին, դպրոցները բացվեն, ապա մնում է անել միայն մեկ բան. ԱԶԳՈՎԻ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԲՈՅԿՈՏ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ: Հայ երեխաներին չտանել ռուսական դպրոց, ճղել դեն նետել ռուսերեն ֆորմուլյարները, հանել տալ ռուսալեզու ռեկլամները կամ ազդագրերը, բողոքի ակցիաներ կազմակերպել և բազմաթիվ այլ բաներ: Պետք է լրջորեն քայլեր մշակել: 
A. Անհնար է, իզուր է: Նախ` հա է՛լ լինելու են հազարավոր ծնողներ, որոնք նարդու կամ քեֆի սեղանի շուրջ ճամարտակելու են Նարեկացուց ու Քուչակից, բայց իրենց երեխաներին տանելու են էդ օտարալեզու դպրոցը: Եվ հետո` մարդիկ որ համերաշխ ու ակտիվ պայքարող լինեին, չէին թողնի դպրոցը բացվի: Ոնց որ մյուս բողոքի ակցիաներում են անհամերաշխ, էնպես էլ էստեղ կլինեն… 
B. Դե ինչ ասեմ: Քանի որ օտարալեզու դպրոցների հարցն ենք քննարկում, ապա թույլ տվեք ավարտել օտար լեզվով` Ջոն Լենոնի խոսքերով` մեկ բառի փոփոխությամբ.
You may say I’m a dreamer,
But I’m not the only one
I hope some day you’ll join us
And ARMENIA will live as one.
Հ.Գ. Հանկարծ այնպիսի մեկնաբանություն չգրեք, որից պարզ կլինի, որ կիսատ-պռատ կամ անուշադիր եք կարդացել:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի օգնականը դարձավ ՍԴՀԿ ատենապետ’
Հաջորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ-ն տուգանել է մի շարք ընկերությունների` գովազդային պայմանները խախտելու համար’