‘Հայաստան – Դանիա՝ 0-1. Հոգնած’

2593

ԱԱ 2014-ի ընտրական «B» խմբում տեղի ունեցան 8-րդ տուրի հանդիպումները, որոնք պետք է որոշեին, թե որ թիմը, կամ թիմերն են շարունակելու պայքարել բուլղարացիների հետ երկրորդ տեղի համար. բուլղարացիները, ինչպես բոլոր հավակնորդ հավաքականները, բնականաբար, Մալթայից վաստակելու էին 6 հնարավոր միավորից 6-ը՝ ի տարբերություն մեզ:

Երբ հանդիպումից առաջ դանիացիների ավագ Դանիել Ագգերն ասաց, որ իրենք մոռացել են Հայաստանի հավաքականից կրած 0-4 հաշվով պարտության մասին, հարց էր առաջանում՝ իսկ արդյո՞ք  մենք մոռացել ենք այդ հաղթանակի մասին: Գուցե ավելի լա՞վ, եթե չէինք մոռացել, որովհետև այդ դեպքում մեր հիշողության մեջ կարող էր զարթնել այն, թե Դանիայում ինչպես նվաճվեց 3 միավորը: Թե ինչպես մի հավաքական, որն ընդամենը 4 օր առաջ էր սեփական հարկում 0-1 հաշվով պարտվել Մալթային. Կոպենհագենում արդեն 25-րդ վայրկյանին Մովսիսյանի «պատահական»  գոլի շնորհիվ փոխվեց նոր մեկնարկած հանդիպման սպասվող տրամաբանությունն ու տրամադրությունը: Ընդհանրապես, եթե ընդունենք պատահականության գոյությունը, ապա մեր օրերի ֆուտբոլում խաղի ելքը հաճախ որոշվում է նման մանր՝ առաջին հայացքից չնշմարվող պատահականություններով, բայց սրան դեռ կվերադառնանք: Հիմա՝ հանդիպման մասին:

Մեր թիմի կորուստների առկայությունը հանդիպումից առաջ ստիպում էր ավելի շատ մտածել մեկնարկային կազմի մասին: Ո՞վ է փոխարինելու Մովսիսյանին, կաշխատի՞ արդյոք Հարոյան-Մկոյան զույգը, պատրա՞ստ է արդյոք Օզբիլիսը ամբողջովին, և ինչպիսի՞ն կլինի Կասպարովի բախտն այս անգամ:

Մինասյանը, կազմի հետ կապված, զարմացրեց միայն Մարկոսին Մովսիսյանի դիրքում խաղադաշտ դուրս բերելով՝ որպես «կեղծ 9», որը բավարար չմեկնաբանված լինելու պատճառով սխալ դրսևորումներ է գտնում այն կիրառողների շրջանում: Մնացած ամեն ինչ պարզ էր, ինչպես միշտ՝ խաղում ենք «4-2-1-3-ով»՝ երկու հենակետային և մեկ կառուցող:

Հանդիպման սկիզբ

Առաջինը, ինչ հիշվեց հանդիպման մեկնարկում, 2-րդ րոպեին տուգանայինն էր մեր դարպասների մոտ: Դանիացիները, ինչպես և 4 օր առաջ՝ չեխերը, որևէ լուրջ դիմադրություն չեն ստանում մեր հենակետային գոտում, և Հարոյանը պարզապես փակում է Նիլսենի ճանապարհը՝ կանխելով դանիացու՝ Կասպարովի հետ «մեն-մենակ» դուրս գալը: Այդ պահին շատերը նման բացթողումը կարող էին վերագրել մեկնարկային լարվածությանը, բայց մեր տուգանայինի մոտ անմիտ խաղը դարձավ հանդիպման գլխավոր տենդենցը: Բացի դրանից՝ պարզ երևում էր մեր խաղացողների հոգնածությունը՝ բացառությամբ, երևի թե, Օզբիլիսի, Հարոյանի և Մխիթարյանի: Հատկապես հոգնած տեսք ունեին եզրայիններն ու հենակետայինները. վերջիններս, բացի նրանից, որ սովորականի պես չէին կարողանում գրոհի մեկնարկային փոխանցում կատարել, ինչի արդյունքում ստիպված չափազանց շատ էր նահանջում Մխիթարյանը, ինչից էլ, իր հերթին, տուժում էր նաև մեր «10» համարի գոտին, չէին կարողանում նաև գնդակ խլել Էիկսենից, Կվիստից կամ կենտրոն տեղաշարժվող Բրայտվայտից:

Հենակետային գոտու խնդիրն արդեն իսկ ուրվագծվում էր չեխերի դեմ խաղում (Ռոսիցկու գոլային հարվածը հենց այդ գոտուց էր): Երեկ էլ առաջին խաղակեսում հյուրերի՝ 3 ամենավտանգավոր պահերն այդ դիրքից հարվածներն էին: Ընդհանրապես՝ համաշխարհային ֆուտբոլում քանդող հենակետային տեսակը մահացող տեսակ է համարվում, և մենք ևս արժե, որ մտածենք կառուցող հենակետային ունենալու մասին. Մկրտչյանը կարող է հավակնել այդ դերին, բայց երեկ Մինասյանը վնասվածքի պատճառով ստիպված էր նրան փոխարինել Սարկիսովով:

Երկրորդ խաղակես

Մինասյանի՝ արդեն երկրորդ պարտադրված փոփոխությունը՝ Սարկիսով-Ադամյան, իր հետ բերեց նաև դասավորվածության փոփոխություն: Եդիգարյանին՝ կենտրոնում, բոլոր, նույնիսկ, թվում էր՝ արդեն ո՛չ ֆուտբոլային հարցերով օգնում էր Մխիթարյանը, իսկ Մարկոսը, տեղաշարժվելով մի փոքր ավելի ձախ՝ հարձակողական զույգ էր կազմել Ադամյանի հետ, այս ամենը շատ նման էր կլասիկ «4-4-2»-ի և կարող էր դիտարկվել նաև որպես մեկնարկային տարբերակ: Մխիթարյանը կապող օղակ էր դարձել կենտրոնից դեպի հարձակման գոտի, բայց, միևնույն է, շատ հաճախ, երբ նա գնդակով էր, գրոհը չէր զարգանում՝ թիմում երկրորդ խելացի խաղացողի բացակայության պատճառով: Դանիացիների գրոհներն էլ դարձել էին միատեսակ՝ եզրից օդային փոխանցումներ, որոնք փայլուն կերպով մաքրում էր Հարոյանը: Մեր թիմի պոռթկումը տեղի ունեցավ նորից «պատահականության» արդյունքում՝ստանդարտ իրավիճակներից, որը երբեք մեր նույնիսկ 10 ուժեղ կողմերից չի համարվել: Մերոնց ոգևորվածությունն ավարվեց Կասպարովի դարպասին նշանակված 11 մետրանոցով, որի արդյունքում Հարոյանը հեռացվեց խաղադաշտից, իսկ հաշիվը դարձավ 0-1:

Եզրափակում

ԱԱ 2014 որակավորվելու տեսական շանսեր մենք դեռ պահպանում ենք: Բայց ընտրական այս խմբում մեր թիմի ելույթների վերաբերյալ որոշակի ամփոփում կարելի է անել: Չնայած խաղամակարդակի բարձրացմանը և հյուրընկալվելիս տարած հաղթանակներին՝ մեր ազգային հավաքականը շարունակում է մնալ չափազանց «հոգեբանական» թիմ: Ըստ երևույթի՝ այս ընտրական փուլում վաստակած 9 միավորներից 6-ն էլ կարելի է համարել  «պատահականություն»՝ 25-րդ վայրկյանի գոլը Դանիայում, Մկրտչյանի ոտքին «նստած» գնդակը և ավելացրած ժամանակում հակագրոհային գոլը Չեխիայում: Ցավալին այն է, որ այդ «պատահականությունները» դեռևս չեն վերածվում սովորության, իսկ հետագայում՝ նաև բնավորության:

Խաղացողների անհատական գնահատականները

Կասպարով 6.0  Մեկնարկում անվստահ «սեյվերից» հետո աստիճանաբար վստահություն է ձեռք բերում և մի քանի անգամ փրկում է թիմին: 11 մետրանոցում չի կռահում:

Հովհաննիսյան 3.0 Լինելով շատ ավելի մեղմ, քան «Հրազդանում» հավաքված երկրպագուներն էին, Հովհաննիսյանին պետք է առաջարկել նոր սպորտաձև, որը կապ չունենա գնդակի հետ: Առանց իր արագության՝ գրեթե ոչինչ չի անում, 19-ամյա Ֆիշերին թույլ է տալիս իրեն շրջանցել տուգանայինում, ինչը Հարոյանին ստիպում է նետվել դեպի գնդակը:

Հարոյան 6.5 Առաջին խախտումից սկսած՝ գործում էր ինքնավստահ և հասցնում էր մաքրել հնարավոր ամեն ինչ, փորձում էր օգնել խաղընկերներին, և հենց դրա արդյունքում էլ «ինքնահեռացվում» է: Պետք է «պատճենահանել»:

Մկոյան 5.5 Միշտ Նիլսենի կողքին էր, բայց հաճախ կորցնում էր դիրքն ու սխալվում Կրոն Դելիի կամ Բրայտվեյտի դեմ:

Հայրապետյան 4.5 Շարժվում էր շատ դանդաղ՝ գրեթե ոչ մի տեղ չհասցնելով, առջևում էլ չէր կարողանում համագործակցել Ղազարյանի հետ:

Եդիգարյան 4.5 Բազմաթիվ դիրքային կորուստներ և անմիտ տեղաշարժ Էրիկսենի շուրջը, երկրորդ խաղակեսում Մխիթարյանի կողքին որոշակիորեն կարգավորում է իր խաղը:

Մկրտչյան — Խաղամակարդակով իր խաղընկերոջից տարբերվում էր, բայց մինչև վնասվածքը՝ կենտրոնում խաղը կարգավորել չի կարողանում:

Մխիթարյան 6.5 Հենրիխին, ինչպես և Հարոյանին պետք է «պատճենահանել»: Ամենուր  փայլուն տիրապետում է մարմնի ճկունությանն ու գնդակին, նմանվում է Ինյեստային, բայց օգնության կարիք ունի:

Ղազարյան 5.0 Ինչ-որ մեկը պետք է ասի դա՝ Ղազարյանը հայ Պեդրոն է: Ինչպես և Բարսայի 7 համարը՝ կարող է մեծ օգուտ տալ, երբ թիմը լավ վիճակում է, բայց միայնակ շատ սահմանափակ է գործում: Կարծես թե՝ Մանուչարյանի հետ ընկերությունը վատ առումով ազդել է նաև աշխատասիրության վրա: Վերջում, հուսալքված, խաղընկերներին հորդորում է միանալ պրեսինգին. ապարդյուն:

Օզբիլիս 5.5 Արասը Գվարդիոլայի կարիքը ավելի շատ ունի, քան Ռոբբենը: Անցումները երբեմն ստացվում են, երբեմն՝ ոչ, բայց բացի Մխիթարյանից՝ ուրիշների կողմը չի նայում:

Մարկոս 4.0 Անցյալ ընտրական փուլի մեր ուժեղագույն խաղացողներից մեկը վերածվել է պահեստայինի: Մինասյանը նրանից հեռահար հարվածներ է գոնե ակնկալում, բայց ոչ այն դիրքերից, որտեղից նա փորձում էր:

Սարկիսով – Կարող էր շատ ավելին տար, քան Մարկոսը կամ Ադամյանը:

Ադամյան 4.0 Միշտ մեջքով է դարպասներին, տեղափոխվում է ձախ, որտեղ բավարար որակներ չունի՝ ավելին անելու համար: Դեռևս բավականաչափ հասուն չէ:

Մանոյան — 20 րոպեների ընթացքում կարողանում է ցույց տալ, որ բացի Մխիթարյանից՝ այլ ֆուտբոլիստներ էլ կարող են առաջ փոխանցում կատարել:

 

Վարդան Մինասյան 5.0 Սխալվում է՝ սկսելով առանց կենտրոնական հարձակվողի, ուղղում է ինքն իրեն՝ անցնելով «4-4-2-ի»: Պահեստայինների նստարանի կարճությունն ու վնասվածքները թույլ չեն տալիս ավելի ազդել խաղի վրա:

Գլխավոր մարզչի պաշտոնանկությունը պահանջողները շատ են, բայց քիչ են նրանք, ովքեր կարող են իրական այլընտրանք առաջարկել Մինասյանին: Գրեթե բացառվում է, որ Հայրապետյանը ֆուտբոլասերներին ծանոթ ազգանունով մեկին հրավիրի, կազոնինիների և ստոյկիցաների ժամանակաշրջանն էլ անցյալում է, իսկ Ռոսելի՝ «Տատա» Մարտինոյի վրա դուրս գալու և Բարսա հրավիրելու հետ կապված (Բարսայի նախագահը արգենտինացու հետ կապ հաստատելու համար զանգահարել էր Պարագվայի նախագահին) պատմությունն էլ մեր երկրում ֆանտաստիկա է թվում: Տեղացի մասնագետների շարքում էլ Մինասյանից ավելի հզորը չկա: 

Նախորդ հոդվածը‘Փնտրվում են արևմտամետներ’
Հաջորդ հոդվածը‘Էլինար Վարդանյան. Ուզում եմ չկորցնել մեր արդարադատությանը հավատալու վերջին հույսը ‘