‘
«Մունդիալ-2018»-ի ընտրական փուլի 8-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Դանիայի ընտրանուն: Խաղն ավարտվեց հյուրերի կամային հաղթանակով՝ 1:4 հաշվով:
Հանդիպումը մեկնարկեց մեր ընտրանու մեծ ճնշումով: 6-րդ րոպեին հեռվից կատարած փայլուն հարվածով գոլի հեղինակ դարձավ Ռուսլան Կորյանը: Սակայն Արթուր Պետրոսյանի սաների ուրախությունը կարճ տևեց: 16-րդ րոպեին աջ եզրից ստացած փոխանցումից հետո Թոմաս Դիլեյնին գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը:
Աստիճանաբար դանիացիները նախաձեռնությունը վերցին իրենց ձեռքը: 29-րդ րոպեին տուգանային հարված նշանակվեց մեր ընտրանու դարպասին: Գնդակին մոտեցավ Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը և վարպետորեն գնդակը ուղարկեց Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը՝ առաջ մղելով իր թիմին: Խաղավերջում հյուրերը ավելի մեծացրին իրենց առավելությունը: 81-րդ րոպեին կրկին աչքի ընկավ Թոմաս Դիլեյնին՝ դառնալով դուբլի հեղինակ, սակայն վերջինս սրանով նույնպես չբավարարվեց: Մրցավարի ավելացրած վերջին րոպեին Դիլեյնին դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ հաշիվը դարձնելով խոշոր:
Այս հաղթանակից հետո Դանիան վաստակեց 16 միավոր և ժամանակավորապես հավասարվեց խմբի առաջատար Լեհաստանի ընտրանուն, որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Հայաստանի ազգային հավաքականը 6 միավորով շարունակում է զբաղեցնել խմբի 5-րդ հորիզոնականը: Եթե այսօրվա խաղից առաջ մեր ընտրանին պահպանում էր 2-րդ հորիզոնականը զբաղեցնելու գոնե տեսական հնարավորությունները, ապա այս պարտությունից հետո անգամ դրանք ի չիք դարձան:
ԱԱ-2018, ընտրական մրցաշար
E խումբ, 8-րդ տուր
Հայաստան — Դանիա՝ 1:4
Ռուսլան Կորյան, 6 — Թոմաս Դելեյնի, 16, 82, 90+3, Քրիստիան Էրիկսեն, 29
Հայաստան. Գրիգոր Մելիքսեթյան, Հովհաննես Համբարձումյան, Գաել Անդոնյան, Վարազդատ Հարոյան, Լեւոն Հայրապետյան (Գագիկ Դաղբաշյան, 38), Արտակ Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Կամո Հովհաննիսյան, Հենրիխ Մխիթարյան (ավագ), Ռուսլան Կորյան (Արաս Օզբիլիս, 76), Սարգիս Ադամյան (Տիգրան Բարսեղյան, 58):
Դանիա. Կասպեր Շմեյխել, Հենրիկ Դաալսգարդ, Սիմոն Կյաեր, Անդրեաս Բիյելանդ, Իենս Լարսեն, Թոմաս Դելեյնի, Վիլիամ Կվիստ, Կրիստիան Էրիկսեն, Պիոնե Սիստո (Վիկտոր Ֆիշեր, 67), Անդրեաս Կորնելիուս (Լասե Շյոնե, 78), Նիկոլայ Յորգենսեն:
‘