‘Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը կարող է ստորագրվել մոտ ապագայում’

2995

Եվրամիության եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների ամբողջ փաթեթը տեղ է գտել Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրում, որը կողմերը կարող են ստորագրել արդեն մոտ ապագայում: Այս մասին Բրյուսելից «Ամերիկայի Ձայն»-ի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Եվրոպական Հանձնաժողովի՝ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով խոսնակ Մայա Կոսիանչիչը:   

Նրա խոսքով, մասնավորապես, նոր համաձայնագիրը Հայաստանի հետ սերտ համագործակցության հիմք է ստեղծում մի շարք ոլորտներում, այդ թվում էներգետիկ, տրանսպորտի, շրջակա միջավայրի, առեւտրի եւ ներդրումների ընդլայնման հեռանկարներ: Համաձայնագիրը կբացի նաեւ համագործակցության նոր դռներ հայ արտադրողների համար:

«Ինչպես գիտեք, Եվրամիությունն արդեն իսկ Հայաստանի առեւտրային հիմնական գործընկերն է՝ Հայաստանի առեւտրաշրջանառության 26 տոկոսը ԵՄ-ի հետ է: Հավատացած ենք, որ առեւտրի ոլորտում այս համագործակցությունը նույնպես կընդլայնվի։ Հայ արտադրողները նոր արտոնություններ կստանան Հայաստանում արտադրված ապրանքները Եվրամիություն ներկրելու համար: «Մենք չենք պահանջում մեր գործընկերներից ընտրություն կատարել Եվրամիության եւ այլ գործընկերոջ միջեւ: Մենք իրոք հետաքրքրված ենք Հայաստանի պետականության ամրության եւ կայունության մեջ»,- հայտարարել է Կոսիանչիչը:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը ևս 25 տարով երկարացրել է «Դարի պայմանագիրը»’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնի մետրոյում պայթյուն է որոտացել’