‘
Հայաստան համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնը` Հիմնադրամի երկրորդ խոշոր դրամահավաք միջոցառումը, այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-18-ը, հայտնում է Հիմնադրամի պաշտոնական էջը:
Հայ եւ այլազգի ավելի քան 700 կամավոր Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից եւ Բելգիայից այս օրերի ընթացքում 12 ժամ շարունակ Ֆրանսիայի հինգ քաղաքներից` Փարիզ, Լիոն, Մարսել, Նիցցա եւ Տուլուզ, կզանգահարի հայազգի ընտանիքների եւ կազմակերպությունների` առաջարկելով իրենց նվիրատվություններով մասնակցել Հայաստանի ու Արցախի վերաշինությանն ուղղված դրամահավաքին: Ֆրանսիայից դուրս նախաձեռնությանը կմիանան նաեւ Հոլանդիան, Հունաստանը, Շվեդիան, իսկ Եվրոպայից դուրս` Բրազիլիան եւ Արգենտինան:
Հեռախոսամարաթոնի նվիրատվությունները կուղղվեն Արցախի գյուղերում համայնքային կենտրոնների կառուցմանը, Հայաստանի Տավուշի մարզում գյուղատնտեսության զարգացման ծրագրերին եւ սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:
Որպես միջոցառման կնքահայրեր, ովքեր հայրենաշինությանը մասնակցելու կոչով կդիմեն հանրությանը, հանդես կգան Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկայեֆը եւ Ֆրանս հեռուստաընկերության սպորտային ծրագրերի տնօրեն Դանիել Բիլալյանը:
Նախորդ տարի հավաքագրված գումարներով ջրամատակարարման ծրագրեր իրականացվեցին Արցախի ու Հայաստանի (Տավուշի մարզ) 10 գյուղերում, հիմնանորոգվեց եւ սարքավորումներով համալրվեց Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աուդիո-վիզուալ կենտրոնը, հիմնանորոգվեց Գյումրիի մանկատունը, կառուցվեց ջրամատակարարման համակարգ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղում, իրականացվեցին Տավուշի մարզի գյուղատնտեսությունը խթանող մի շարք ծրագրեր:
Եվրոպայում Ֆրանսիայի գլխավորությամբ հեռախոսամարաթոններ անցկացվում են սկսած 2000թ.ից : Համաեվրոպական հեռախոսամարաթոնի պատմության ընթացքում ընդհանուր առմամբ արվել է շուրջ 411.285 զանգ, եւ 20.800 նվիրատուի կողմից նվիրաբերվել 9.938.000 եվրո: Հավաքագրված գումարը ներդրվել է Հայաստանի եւ Արցախի ենթակառուցվածքների բարեկարգման ոլորտում:
‘