‘Հայաստան-Ջիբրալթար. Խաղից առաջ ‘

2432

Հոկտեմբերի 13-ին, ժամը 20-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի երրորդ հանդիպումը կանցկացնի: Մրցակիցը Ջիբրալթարի հավաքականն է: 

Հենց սկզբից ասենք, որ այս երկրի հավաքականը ոչ միայն Եվրոպայի, այլև աշխարհի ամենաթույլ հավաքականներից մեկն է: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Ջիբրալթարը 209 հավաքականների շարքում 198-րդն է: Հայաստանի հավաքականի մրցակիցը նաև ՈՒԵՖԱ-ի անդամ ամենափոքր բնակչություն ունեցող երկիրն է. այստեղ բնակվում է շուրջ 30 հազար մարդ:

Ջիբրալթարը ՖԻՖԱ-ի անդամ է դարձել 2016 թվականի մայիսին: Առաջին պաշտոնական մրցաշարը, որին մասնակցել է, 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլն էր: Ֆուտբոլային գաճաճ հավաքականը ընդգրկված է եղել H ենթախմբում՝ Բելգիայի, Հունաստանի, Բոսնիայի, Էստոնիայի և Կիպրոսի հավաքականների հետ միասին: 10 խաղում կրելով նույնքան պարտություն՝ Ջիբրալթարը խփել է 3 և բաց թողել 47 գնդակ: Ի դեպ, Բելգիայի հավաքականին հյուրընկալվելիս այս երկիրը զիջել է 9:0, իսկ հյուրընկալելիս՝ 6:0 հաշվով: Կիպրոսը միակ հավաքականն է, որի հետ մրցավեճեում Ջիբրալթարին հաջողվել է պարտվել ոչ խոշոր հաշվով: Մասնավորապես, Կիպրոսը հաղթել է 3:1 և 2:1 հաշիվներով:

Ի դեպ, այս տարի Ջիբրալթարը տարել է պատմության ընթացքում առաջին հաղթանակը: Մարտի 25-ին այս հավաքականը ընկերական խաղում սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության է հասել Լատվիայի նկատմամբ:

Գլխավոր մարզիչ Խուլիո Ռիբասի գլխավորությամբ Ջիբրալթարի հավաքականը արդեն մեկ շաբաթ է՝ հավաք է անցկացնում՝ նախապատրաստվելով Հայաստանի հավաքականի հետ խաղին: Նշենք, որ Ջիբրալթարի հավաքականում չկան լեգեոներներ: Ջիբրալթարի Պրեմիեր դիվիզիոնում ընդգրկված են 8 թիմեր, և հենց այդ թիմերից է կազմավորվել հավաքականը: Առաջիկա հանդիպումներին Ռիբասը 11 ֆուտբոլիստ հրավիրել է Ջիբրալթարի գործող չեմպիոն «Լինքոլն Ռեդ» թիմից: Վերջինս այս տարի մասնակցել էր Չեմպիոնների լիգայի խաղարկության նախնական փուլին, որտեղ նախ՝ առավելության էր հասել Սան Մարինոյի չեմպիոն «Լա Ֆիորիտայի» նկատմամբ, այնուհետև զիջել Կոսովոյի չեմպիոն «Դրիտային»: Հայտնվելով Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փուլում՝ «Լինքոլն Ռեդը» երկու հանդիպումների արդյունքում 3:2 հաշվով զիջել էր Ուելսի ՏՆՍ թիմին:

Այսօր Հայաստանի ազգային հավաքականը ավելի քան մոտիվացված է: Ջիբրալթարի հետ հանդիպումը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի համար լավ առիթ է ուժերը ստուգելու և Մակեդոնիայի հետ հանդիպումից առաջ եզրահանգումներ անելու: Անշուշտ, ցանկալի կլինի, եթե Ջիբրալթարին հաղթենք համոզիչ հաշվով: Խփած և բաց թողած գնդակների տարբերությունը ևս կարևոր է այս մրցաշարում: Բայց Ազգերի լիգայի կանոնադրության համաձայն՝ հավասար միավորների դեպքում առաջին հերթին հաշվի է առնվելու անձնական հանդիպումների արդյունքը: Այսինքն՝ Ջիբրալթարին հաղթելու դեպքում հոկտեմբերի 16-ին «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլային ճակատամարտ: Միայն Մակեդոնիային գոնե 2:0 հաշվով հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականը իրական հնարավորություն կստանա փլեյ-օֆի ուղեգրի համար պայքարելու:

Տեսականորեն Հայաստանի հավաքականը հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն կարող է ունենալ Մակեդոնիայի, Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ մրցավեճերում միավոր կորցնելու դեպքում: Բայց դա քիչ հավաքական է, և ստեղծված իրավիճակում ճիշտ կլինի, որ հույսներս միայն մեզ վրա դնենք:

Վարդան Մինասյանի հեռանալուց հետո երկրպագուները սպասում են փոփոխությունների, որոնք կլինեն մասնավորապես որակի և արդյունքի տեսքով: Բացառությամբ Յուրա Մովսիսյանի վերադարձի՝ մեր հավաքականում կազմի հետ կապված մեծ հաշվով էական փոփոխություններ չկան: Բացառությամբ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի և դարպասապահ Անատոլի Այվազովի՝ մյուս բոլոր ֆուտբոլիստները խաղացել են Հայաստանի ազգային թիմում: Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավոր խնդիրը պետք է լինի տակտիկական փոփոխությունները՝ լճացմանը վերջ դնելու համար:

Ընդունենք, որ իրականում բավական դժվար է գտնել մարտավական այն լուծումը, որը կստիպի ֆուտբոլիստներին ցուցադրել թիմային՝ գրագետ խաղ: Արմեն Գյուլբուդաղյանցը հաճախ կիրառում է 4-2-3-1 դասավորությունը: Մեր հավաքականի ներկայիս վիճակի համար խաղային այդ սխեման, կարծում ենք, ամենաօպտիմալն է: Պաշտպանությունում առկա խնդիրների պատճառով 2 հենակետային կիսապաշտպանով խաղալը անհրաժեշտություն է թվում:

Փորձենք հասկանալ, թե վաղվա խաղում ինչ մեկնարկային կազմ կընտրի Արմեն Գյուլբուդաղյանցը: Հավանական է՝ դարպասում կլինի «Բանանցի» ներկայացուցիչ Արամ Հայրապետյանը, որը վերջին շրջանում վստահ հանդիպումներ է անցկացրել: Պաշտպանության ձախ եզրում կխաղա Գագիկ Դաղբաշյանը՝ «Ալաշկերտից»: Պաշտպանության կենտրոնում կգործեն Տարոն Ոսկանյանը՝ «Ալաշկերտից», և Վարազդատ Հարոյանը՝ «Ուրալից»: Պաշտպանության աջ գոտում էլ կխաղա Հովհաննես Համբարձումյանը՝ կիպրական «Էնոսիս Պարալիմնիից»:

Հիշեցնենք, որ վերջին պահին ազգային թիմ էր հրավիրվել «Լոռիի» կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովը: Վերջինս լավ մարզավիճակում է, և չի բացառվում, որ Հարոյանի կողքին տեսնենք նաև Խաչատուրովին: Հենակետային գոտում կխաղան Գոռ Մալաքյանը՝ «Արարատ-Արմենիայից», և Ռումյան Հովսեփյանը՝ «Փյունիկից»: Այս ֆուտբոլիստները տեխնիկապես հագեցած ֆուտբոլ են ցուցադրում և ավելի շատ հակված են գործել դեպի մրցակցի տուգանային հրապարակը: Ջիբրալթարի պես հավաքականի հետ խաղում Մալաքյան-Հովսեփյան խաղային զույգը, կարծում ենք, լավագույն լուծումը կլինի:

Կիսապաշտպանության ձախ եզրում հավանաբար կտեսնենք Գևորգ Ղազարյանին, որը հավաքականի նախորդ հանդիպումների համեմատ զգալի բարելավել է մարզավիճակը: Հիշեցնենք, որ Պորտուգալիայի առաջնությունում Ղազարյանի դուբլի շնորհիվ «Շավիշը» 2:2 խաղաց հեղինակավոր «Բենֆիկայի» հետ:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կլինի կիսապաշպանության աջ եզրում, իսկ ենթահարձակվողի դիրքում կգործի ղազախական «Ակտոբեի» առաջատար Մարկոս Պիզելին: Որպես նոմինալ հարձակվող կխաղա Յուրա Մովսիսյանը:

Մեկնարկային այս կազմը կարծես թե լավագույն տարբերակներից մեկն է, սակայն չի բացառվում, որ Գյուլբուդաղյանցը պայքարի այլ կազմով և մարտավարությամբ: Մասնավորապես, հավաքականում կան ևս երկու հենակետայիններ, որոնք պատրաստ են օգնել հավաքականին: Խոսքը «Փյունիկի» ներկայացուցիչ Կառլեն Մկրտչյանի և «Ալաշկերտում» ելույթ ունեցող Արտակ Գրիգորյանի մասին է: Վերջինս, կարծում ենք, հավաքականին ավելի շատ օգուտ կարող է տալ հոկտեմբերի 16-ին կայանալիք Մակեդոնիայի հավաքականի հետ մրցավեճում: Գրիգորյանն ավելի շատ մրցակցի գրոհներ քանդող «կիսապաշտպան» է, իսկ արագ փոխանցումներ կատարելիս երբեմն խնդիրներ են առաջանում:

Սպասվում է, որ Ջիբրալթարի հետ մրցավեճում խաղաժամանակ կստանա «Փյունիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը: Վերջինիս նորամուտը ազգային թիմ տարբեր պատճառներով շարունակ հետաձգվել է: Եթե Պիզելիի մոտ խնդիրներ եղան, ապա կարծում ենք՝ Ավետիսյանի տարբերակը լավագույնն է: Չմոռանանք նաև Իվան Յագանին, որը առջևի հատվածում աչքի է ընկնում սուր գործողություններով: Վերջին շրջանում Յագանը մարզավիճակի հետ կապված խնդիրներ ունի և, կարծում ենք, 90 րոպե պատրաստ չէ պայքարելու:

Խաղադաշտում կարող ենք տեսնել նաև ղազախական «Ժետիսուի» ներկայացուցիչ Կամո Հովհաննիսյանին: Նա կույրաղաքի վիրահատության պատճառով նախորդ երկու հանդիպումները բաց էր թողել: Ապաքինվելուց հետո Հովհաննիսյանն արդեն երեք հանդիպում է անցկացրել Ղազախստանի առաջնությունում: Հոկտեմբերի 6-ին կայացած Կարագանդայի «Շախտյորի» հետ մրցավեճում, սակայն, նա մնացել է պահեստայինների շարքում:

«Տղաները մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ են մարզվում: Վնասվածքներ չունենք, միայն փոքրիկ վնասվածքներ ունեն Մարկոս Պիզելին և Հրայր Մկոյանը: Հույս ունեմ, որ մինչև հանդիպումը նրանք էլ կապաքինվեն: Այս հանդիպումը ազգի պատվի խաղն է, պետք է քաջալերենք: Վստահ եմ՝ տղաներն էլ ամեն ինչ կանեն, որ հասնենք մեր ուզած հաղթանակին»,- ՀՖՖ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում ասել է մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից հետո՝ հոկտեմբերի 16-ին, Ջիբրալթարը սեփական հարկի տակ մրցելու է Լիխտենշտեյնի հետ: Մակեդոնիայի հավաքականն էլ Երևան ժամանելուց առաջ հոկտեմբերի 16-ին Սկոպյեում մրցելու է Լիխտենշտեյնի հետ:

Առաջիկա խաղում կարևոր է նաև դրական էներգետիկայի առկայությունը: Հուսանք, որ վաղը «Հանրապետական» մարզադաշտը լեփ-լեցուն կլինի:

Նախորդ հոդվածը‘Շանհայ. Ֆեդերերը հաղթեց Նիսիկորիին և դուրս եկավ կիսաեզրափակիչ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն կրեց՝ պատմական հաղթանակ նվիրելով Ջիբրալթարին (տեսանյութ)’