‘Հայացք Մոսկվայից. Արևմուտքի և Ռուսաստանի միջև սառը պատերազմում փոքր երկրները պետք է առավելագույնս չեզոքություն պահպանեն’

1109

Նոր սառը պատերազմն արդեն ընթանում է: Բոլորը ձևացնում են, թե դա այդպես չէ, բայց փաստացի հակասությունների վերացման համար գոյություն ունեցող հարթակները չեն գործում, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնի /Ռուսաստան/ փոխնախագահ Դմիտրի Պոլիկանովը:

«Ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ «յոթնյակը» չեն կարող կարգավորել գոյություն ունեցող ճգնաժամերը, չեն գործում որպես պայմանավորվածությունների ձեռք բերման գործիք: Տարբեր բևեռների միջև մրցակցությունը միմիայն կուժեղանա: Ըստ էության, գոյություն ունի երեք մեծ բևեռ: Մի բևեռում ԱՄՆ-ը ու վերջինիս դաշնակիցներն են, որոնք պնդում են բարոյական սկզբունքների որոշակի ընտրություն և այդ սկզբունքների հիման վրա համաշխարհային արդարադատություն իրականացնելու իրենց իրավունքը: Մյուսում՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԲՐԻԿՍ մյուս մասնակիցներն են, որոնք ավելի պահպանողական, ավանդական արժեքների կրողներ են: Երրորդում իսլամական աշխարհն է` ԻԼԻՊ-ը, սիրիական արմատական ընդդիմությունը, որոնք հանդես են գալիս իրենց որոշակի բարոյական կոդեքսի օգտին, որն ինչ-որ բանում համընկնում, ինչ-որ բանում չի համընկնում առաջին երկուսի հետ»,- նշել է նա:

Պոլիկանովն ընդգծել է, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև սառը պատերազմում փոքր երկրները պետք է առավելագույնս չեզոքություն պահպանեն: Նրա կարծիքով, այդ առումով հատկանշական է Ուկրաինայի հետ կապված պատմությունը: «Բոլորին գոհացնում էր ստատուս-քվոն, երբ Ուկրաինան կարող էր կամուրջի դեր խաղալ Արևմուտքի և Արևելքի միջև: Հենց որ այդ փխրուն հավասարակշռությունը խախտվեց, կտրուկ դիմակայություն սկսվեց»,- հիշեցրել է նա: Ըստ Պոլիկանովի, փոքր երկրների համար ևս մեկ շահեկան մարտավարություն է խոշոր խաղացողների միջև դիմակայության հաշվին սեփական խնդիրների լուծումը:

Փորձագետը նաև սառեցված հակամարտությունների սրում է սպասում հետխորհրդային տարածքում: «Ուկրաինայի ճգնաժամը ցույց տվեց, որ ԵԱՀԿ հարթակում գործող մեխանիզմները, որոնք թույլ կտային նման հակամարտությունների փոխընդունելի հանգուցալուծումներ գտնել, այդպես էլ ի հայտ չեկան: Վախենում եմ, որ Ղարաբաղում հնարավոր չի լինի դրանից խուսափել: Արտաքին սադրիչներից նույնպես չես կարող զերծ մնալ, ԵԱՏՄ հաջողություններին և այդ միությանը Հայաստանի անդամակցությանը ևս  Արևմուտքում խեթ են նայում: Նշանակում է` փորձելու են ապակայունացնել իրադրությունը»,- համոզված է Պոլիկանովը:

Մամուլի ասուլիսը կազմակերպվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ` «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախագծի շրջանակներում, հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթր Սիթի» — «Բավարիա». Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘SMS ուղարկելը դարձել է վիճաբանության պատճառ, ինչն ավարտվել է դանակահարությամբ. Քրգործ ՔԿ-ում’