‘Հայացք Մոսկվայից. Թուրքիայի «էրդողանյան» ապագան բացառում է առաջընթացը հայ-թուրքական երկխոսությունում’

643

Հայ-թուրքական երկխոսությունը ոչ միայն Անկարայի և Բաքվի միջև «հատուկ» հարաբերությունների, այլ նաև Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի պատանդ է դարձել, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը:

«Թուրքիան այսօր երկընտրանքի մեջ է գտնվում, ինչը հստակ ցույց տվեցին երկրում վերջերս տեղի ունեցած հուզումները: Եվ նման իրավիճակում արտաքին քաղաքականությունում կտրուկ քայլերի գնալը, ռիսկային որոշումներ ընդունելը, իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ռիսկային որոշում է, և ոչ միայն Բաքվի էներգետիկ շանտաժի պատճառով, անզգույշ կլիներ: Այդ պատճառով ակնհայտ է, որ Ահմեդ Դավութօղլուի վերջին հայտարարությունները հռետորական բնույթ են կրում»,- ընդգծել է քաղաքագետը:

Այս համատեքստում Սկակովը գտնում է, որ հայ-թուրքական երկխոսությունում որևէ առաջընթաց չի լինի, քանի դեռ չի հստակեցվել, թե ինչ ուղեգիծ է որդեգրել  Թուրքիան: Եվ եթե Թուրքիայում ապագան դեպի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կողմնորոշված ուժերինն է, նման տեղաշարժ հետագայում ևս չի լինի:

 

 

 

Նախորդ հոդվածը‘ԿԲ-ն գրանցել է առաջին կենսաթոշակային կառավարչին’
Հաջորդ հոդվածը‘Երևանում գայլ էր թափառում’