‘Հայդատական ավանտյուրաներ. ԼԵՈ. «Գում Գափուի ցույցը» (1890 թ.)’

6034

Ինչպես խոստացել էինք,  «Հայդատականության ավանտյուրաներ»

խորագրով ներկայացնում ենք շարքի առաջին նյութը ՝ըստ մեծանուն պատմաբան Լեոյի։ 

iLur.am։

«Այս սրտապնդիչ գեղգեղանքների մեջ ամեն դիրք կարող էր ճիշտ լինել, բացի միայն մեկից` Եվրոպայից: Էրզրումի կոտորածը միայն «ի տեղեկություն» առնվեց Եվրոպայի դիվանագիտության կողմից: Այդ պատճառով Հնչակյան կուսակցությունը մի ցույց էլ Կ.Պոլսում կազմակերպեց` բողոքելու համար այդ անտարբերության դեմ: Այդ ցույցը տեղի ունեցավ Էրզրումի դեպքից 3 շաբաթ հետո` հուլիսի 15-ին, Կ.Պոլսում, որ հռչակված է Գում-Գափուի ցույց անունով:

…. Այս մանրամասն պատճառաբանությունները մեր առաջ են հանում մի կուսակցություն, որ իր ձեռքն էր առել մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը, նրա ֆիզիկական գոյության հարցը, բայց իր այդ ահագին դերին վերաբերվում էր թեթեւամտությամբ եւ տհասությամբ: Թուրքահայ ժողովուրդն այնպիսի դրության մեջ էր, որ ամեն մի խնամք եւ հոգածություն նրա մասին պիտի լիներ` պաշտպանել նրա գոյությունը: ….Կարծում էին, թե Թուրքիայի ամենահեշտ խոցելի տեղը Կ.Պոլիսն էր, ուր կենտրոնացած էին եվրոպական չափազանց խոշոր շահերը: Մտածում էին, թե Եվրոպան այնքան վտանգված կտեսներ իր շահերը Կ.Պոլսի մեջ կատարած հայկական ցույցերից, որ կհարկադրեր սուլթանին բավարարել հայերին: Չէին կարողանում մտածել, որ, ընդհակառակը, հենց Կ.Պոլսում վտանգված եվրոպական շահերը պիտի հարկադրեին պետություններին` ուժեղացնել սուլթանին, որպեսզի նա ճնշի հայկական շարժումը եւ այդպիսով պաշտպանի եվրոպական շահերը:

….Բայց ամենից ծանր, մղձավանջային հանգամանք դուք տեսնում եք այն բանի մեջ, որ հնչակյանները գիտեն, թե իրենց շարժումներով պիտի կոտորածներ առաջացնեն ասիական Թուրքիայի հայ ազգաբնակչության մեջ, սակայն, այս կոտորածներն են,  որ պիտի առաջ բերեն եվրոպական միջամտություն  եւ Հայոց հարցի բարեհաջող լուծում: Թշվա՜ռ ժողովուրդ, որի արյունը ոչինչ արժեք չուներ նույնիսկ իր միջից դուրս եկած գործիչների համար, որոնք միայն աշխատում էին, որ այդ կոտորածներն անծանոթ չմնային Եվրոպային կամ սխալ մեկնաբանություններով չլուսաբանվեին: Աշխատում էին, որ կոտորածները տեղի ունենային Եվրոպային մոտիկ տեղեր, նրա դեսպանների քթի տակ: Դրվում էր թուրքահայ ժողովրդի մահան դատավճիռը: Համիդը վճռեց կոտորածներով պատասխանել հեղափոխականներին, իսկ հեղափոխականները չեն սարսափում, չեն փախչում այդ կոտորածներից, այլ վճռել են նրանցով դրդել, հարկադրել Եվրոպային, որ նա գործի:

Եւ այսպիսով դանակը դրվում էր հայ ժողովրդի կոկորդին:

Այս մեղքերը, տղայական անհեթեթությունները միայն Հնչակյաններին չէին հատուկ: Նրանք դարձան ամբողջ հայ հեղափոխության տխուր սեփականություն: Կարելի էր միայն այն հավանակության վրա հույս դնել, որ ժամանակի ընթացքում հայ կազմակերպությունները կզգաստանան, կբուժվեն ռոմանտիզմից, կսկսեն բազմաթիվ փորձերով խրատված մտքի լրջությամբ ըմբնել քաղաքական դասավորումների, ուժերի փոխհարաբերությունների ռեալ պահանջները եւ դրանց համեմատ էլ գործողության այս կամ այն եղանակի փոփոխումներ կտանեն: Բայց, ի դժբախտություն հայ ժողովրդի, այդ հույսերը չարդարացան: Ինչպիսի սկզբնական մեղքերի մեջ ծնվեցին այդ կազմակերպությունները, նույնպիսի մեղքերով էլ գնացին մինչեւ իրենց կատարյալ կործանումը:

1890 թ. ամռանը մեծ խոսք ու զրույց տարածվեց Կ. Պոլսում տեղի ունեցած արյունալի դեպքի մասին, որի նմանը սուլթանների մայրաքաղաքը դեռ չէր տեսել: Լրագրերը տեղեկություններ էին բերում, հետաքրքրությունը աճում էր հետզհետե:

Ինչ ասել կուզի, որ հուլիսի 15-ի ցույցը պատճառում է ավելի եւս մեծ հրճվանք, քան Էրզրումի կոտորածը. Հայոց դատը շատ մեծ հաջողության էր հասնում: Կասկած չէր մնում, որ այս անգամ Եվրոպան այլեւս լուռ չէր մնա: Հե՞շտ էր ասել: Դեռ երեկ ստրկության մեջ անասնացած հայությունը Թուրքիայում այսօր այնքան էր առաջ գնացել ազատասիրության ճանապարհին, որ տակնուվրա էր անում ամբողջ Կ.Պոլիսը մահմեդական շատ խոշոր տոնի` Գուրբան-բայրամի օրը, այն միջոցին, երբ Օսմանյան ամբողջ բարձր պաշտոնությունը, հավաքված Ելդըզի պալատում, համբուրում էր Աբդուլ- Համիդի քղանցքը: Դեռ երբեք`Կ.Պոլիսը նվաճելու օրից չէր տեսնված այսքան հանդուգն մի արարք քրիստոնյա որեւէ ժողովրդի կողմից:

Այս ճիշտ է`գործողությունը հերոսական էր: Բայց պատվելով հանդերձ հերոսական անձնուրացությունն ամեն մի ազատագրական հեղափոխական շարժման մեջ` նայենք այն արդյունքներին, որոնք անհատական հերոսություններից ստացվում են մի ժողովրդի, մի մեծ դատի համար:

Գում-Գափուի ցույցն այս էր գծագրում. Հնչակյան կուսակցության կողմից խմբագրվել էր մի պահանջագիր, որի մեջ պահանջվում էր վերացնել հայ ժողովրդի վրա ծանրացած կացության դժոխային պայմանները: Հնչակյան գլխավոր գործիչներից երկուսը, իրենց հետ վերցնելով հնչակյան զինված հայդուկներ, հուլիսի 15-ի առավոտյան, կիրակի, պիտի գնային Գում-Գափուի պատրիարքարանի Մայր եկեղեցի, եւ այդտեղ մեկը ժամերգության միջոցին պիտի բարձրանար սեղանին եւ կարդար հնչակյան պահանջագիրը, իսկ մյուսը, բռնելով այնտեղ գտնվող Աշըգյան պատրիարքին, պիտի հարկադրեր նրան գնալ իր հետ Ելդըզի պալատը, ուր այդ պահանջագիրը պիտի հանձնվեր սուլթան Աբդուլ-Համիդին: Երկու գլխավորներն էին՝ Հարություն Ճանկյուլյան` վանեցի խանութպան Կ.Պոլսում, եւ Համբարձում Պոյաճյան`ուսանող, որ կրում էր Մուրադ կեղծանունը: Եկեղեցու մեջ գլխավոր կարգադրողի դերն իր ձեռքն էր արել Ճանկյուլյանը, իսկ Մուրադը նրա օգնականի պես մի բան էր:

Ճանկյուլյանը երկար մանրամասնություններով պատմել է այդ օրվա իր «հերոսությունները», եւ մենք այդ մանրամասնությունների մեջ տեսնում ենք, թե որքան շատ երեխայական գծեր կային այդ ցույցի մեջ: Ճանկյուլյանը ցատկում է սեղանին, սկսում կարդալ «պահանջագիրը»: Քահանաներից մեկը, աննկատելիորեն մոտենալով նրան հետեւից, հանկարծ խլում է թուղթը նրա ձեռքից եւ փախչում սեղանի հետեւը: Ճանկյուլյանը ռեւոլվերը բռնած վազում է նրա հետեւից, բայց խաչկալի դուռը փակված էր, եւ նա իջնում է ցած` տեսնելու, թե ինչ եղավ Աշըգյանը, որ փախել էր եկեղեցուց: Ողորմելի պատրիարքին նա գտնում է պարտեզի ճաղերի մոտ կծկված: Տեսնելով ատրճանակը հաղթական հնչակյանի ձեռքին`թշվառականը սկսում է աղաչել, որ իրեն չսպանի: Իսկ հեղափոխականը բռնում է նրա մորուքից, վեր է կացնում, ու հրամայում, որ իր հետ գնա սուլթանական պալատ: Աշըգյանը հրաժարվում է այդ բանից, աղաչանքներ է անում, ուշաթափվում ընկնում է: Ճանկյուլյանը անողոք է:  ….Եւ թշվառ հոգեւորականը չի կարողանում այլեւս տանել իրեն ցնցող սարսափները, վեր է կենում եւ անձնատուր լինում: Մի անզեն եւ վախից դողացող մարդուն նվաճելը մեծ հաղթություն են համարում հեղափոխականները: Կիսաանզգա պատրիարքին դուրս են բերում փողոց: Կիտվել է մեծ բազմություն: Կանչում են. «Կեցցե՛ Հնչակյան կուսակցությունը», «Կեցցե՛ Հայաստանը», «Կեցցե՛ ազատությունը»: Պատրիարքին նստեցնում են կառքի մեջ, ինքը` Ճանկյուլյանն էլ նստում է նրա դիմաց եւ ցույցը վերջացած է հայտարարում: Ժողովուրդը ցրվում է, բայց հնչակյան զինվորները գնում են կառքի հետեւից: Հազիվ քիչ առաջ անցած` Աշըգյանը նորից ուշաթափվում է: Նրան մտցնում են մի հույնի դեղատուն ու սթափեցուցիչ դեղերով ուշքի են բերում եւ նորից կառք նստեցնում: Բայց այստեղից շատ առաջ չգնացած` երթը հանդիպում է թուրք հետեւակ եւ ձիավոր զորքերի, որոնք տանում էր Դերվիշ փաշան` հայերի ցույցը ցրելու համար: Տեղի է ունենում կռիվ զորքերի եւ հնչակյանների միջեւ: Երկու կողմից էլ ընկնում են սպանվածներ եւ վիրավորվածներ: Աշըգյանը փոխադրվում է մերձակա տունը, ուր հարցուփորձի է ենթարկվում: Ճանկյուլյանը ձերբակալվում է:

Ա՛յս էր հուլիսի 15-ի ամբողջ ցույցը: Ի՞նչ օգուտ բերեց նա Թուրքահայաստանում անսահման տառապող հայ գյուղացիությանը: Իրենք` հնչակյանները, ահագին նշանակություն էին տվել իրենց այդ գործին…. բայց կար մի ահավոր իրականություն, որի առջեւ նսեմանում էր այդ նշանակությունը: Հեղափոխական դաստիարակություն այնպիսի ուղղությամբ, ինչպիսին ընդգրկել էր հայ հայդուկային մտայնությունը, չպիտի ծառայեր ամբողջ հայ ժողովրդի փրկության: Այս արդեն շատ պարզ էր հեղափոխական բռնկումների առաջին իսկ խառն թվականին`1890-ին: Փտած էր այդ ուղղությունը հիմքից: Միտք ունենալ կարող էին այդ շարժումները միայն այն դեպքում, եթե Եվրոպան, իսկապես, իր պաշտպանության տակ առած լիներ Հայաստանը, բայց այդպիսի բան չկար, ու կռիվը ներկայանում էր իբրեւ մենամարտ հայ ժողովրդի եւ Աբդուլ-Համիդի միջեւ: Եւ պիտի հաղթեր Աբդուլ-Համիդը` իբրեւ անհամեմատ ուժեղ կողմ:

Գում-Գափուի դեպքը սուլթանը լավ պատրվակ դարձրեց կառավարական սպիտակ տեռոր տարածելու համար հայ ժողովրդի վրա: Հարյուրավոր մարդիկ նետվեցին բանտերի մեջ`մատնվելով սարսափների եւ լուռ մահվան: Թուրքական դատարանները մահվան դատավճիռ արձակեցին, 10 տարով  բանտարկություն, աքսոր նշանակեցին քաղաքական հանցավորների համար: Այս դեռ Կ. Պոլսում, ուր եվրոպացիներ կային, մեծ պետությունների դեսպաններն էին նստում, որոնց ներկայությունը որոշ չափով զսպում էր Համիդին եւ համիդականներին: Իսկ գավառներում այդպիսի հանգամանք չկար, եւ կառավարության ահաբեկիչ կամայականություններին վերջ ու սահման չկար: Անգլիական «Կապույտ գրքերը», սակավաթիվ եվրոպացի ճանապարհորդների նկարագրությունները լի էին քստմնելի փաստերով, որոնք անհավատալի են դարձնում, թե այդպիսի պայմանների մեջ կարող է ապրել մարդկային որեւէ համայնք:

Լեո, «Անցյալից», Երեւան, 2009 թ, էջ 90-96

 * * *

«Ռ. Խանազատը գրում է իր յուշերի մեջ.

«Ամենահետաքրքրականն այն է, որ թէ՛ մենք, Տրապիզոնում եղածներս, եւ թէ՛ այլ տեղերում այն համոզումն ունէինք, թէ Էրզրումի եւրոպական հիւպատոսներն իսկոյն ահազանգ պիտի հնչեցնեին այդ դէպքի առիթով, եւ «հայկական հարցը» պիտի հրապարակ գար եւ շուտով իր լուծումը ստանար. իսկ երբ այդ տեղի չունէցավ, ամենուրեք մեծ հիասթափութիւն առաջացավ: «Մեր վարչութեան մէջ այդ խնդրի մասին խորհրդակցելով, եկանք այն եզրակացութեան, որ եվրոպական մեծ պետութիւններն իրենց այդ քար անտարբերությիւնից դուրս հանելու համար անհրաժեշտ է մի մեծ ցոյց կազմակերպել հէնց սուլթանի մայրաքաղաքում, դեսպանների քթի տակ»:

Ասելն ու վճռելը մէկ է լինում, իսկոյն վարչութեան վարիչ Խանազատը մի քանի ընկերներով գնում է Կ.Պոլիս` ցոյցն անձամբ կազմակերպելու համար: Եւ կազմակերպվում է այդ ցոյցը, որ ստացավ Գում-Գափուի ցոյց անունը: Նա տեղի ունեցավ Էրզրումի դեպքից մի լրիվ ամիս էլ չանցած` 1890 թվականի յուլիսի 15-ին: Բայց ցոյցի գլխավորը, Խանազատը, չկար այդ օրը Կ.Պոլսում: Ամեն ինչ կարգադրելուց յետոյ նա ցոյցի նախօրեակին հեռացել էր թիւրքաց մայրաքաղաքից, երեւի երբէք  չմոռանալով իր հօրը, որ ճանապարհ դնելով որդուն յեղափոխութեան՝ խրատել էր նրան. «Զգոյշ եղիր ամէն կերպ, որ էշ նահատակ չդառնաս»: Այդպէս էլ անում էր նա` փախուստ տալով իր սարքած դժբախտ ելոյթից, այն պատրվակով, որ ինքը ռուսահայ է, որ իրեն հետեւում են թիւրքերը, եւ այդպիսով թոյլ տալով, որ ուրիշները, որքան կամենում են՝ էշ նահատակ դառնան. այդպէս էլ եղավ: Ցոյցի հետեւանքները այն եղավ, որ էշ նահատակի դրութեան մեջ ընկան ոչ միայն Հնչակյաններն, այլեւ ամբողջ թիւրքահայ ժողովուրդը:

….Իր յիշողությունները Խանազատը գրել է Հնչակյան կուսակցութիւնից հեռանալուց յետոյ, երբ արդէն հասունացած մարդ էր, եւ պէտք է հավատալ, որ յաճախ զգում էր, թէ իրեն դատաստանի են կանչում 300 հազար մորթված ու ջարդված թիւրքահայերի դիակները. ուստի այդ զգացմունքի անախորժութիւնը վանելու համար, ասում է, թէ այդ բոլորը -Հաջի-աղա սոցիալիստական արարքները, ուրիշ բան չէին, բայց միայն «երիտասարդական երազներ»: Մի ուրիշ տեղ նա այդ միեւնոյնն անվանում է «երիտասարդական մոլորութիւններ»: Որքան եւ որքան երջանիկ պիտի լինէր թիւրքահայ գյուղացիութիւնը, եթէ հայ երիտասարդութիւնն իր մոլորութեության առարկայ դարձնէր իր սեփական գլուխը` զարնելով նրան քարերին եւ այդպիսով ամենեւին զրկվէր ուրիշների ազատութեան համար երեխայական հոգածութիւններ անելու կարելիութիւնից:

 Լեո, «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը», հատոր Ա, Երեւան, 1994,  էջ 164-170

Նախորդ հոդվածը‘102-րդ ռազմաբազայի հրամանատարը ազատվել է զբաղեցրած պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիան դադարեցրել է Եմենի ռմբակոծությունը’