‘Հայերի ջարդերի մասին բարձրաձայնող գրողին Իլհամ Ալիեւը զրկել է «ժողովրդական»-ի կոչումից’

643

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չորեքշաբթի կարգադրություն է ստորագրել՝ «Քարե երազներ» վեպի հեղինակ Աքրամ Այիսլիին «ժողովրդական գրողի» կոչումից զրկելու մասին: Ըստ BBC-ի, գրողը զրկվել է նաեւ պետական թոշակից:

Բաքվում 1989-ի հայերի ջարդերը նկարագրող «Քարե երազներ» վեպը լայն արձագանք է գտել Ադրբեջանում: Գրողի հասցեին հնչեցվեցին «թշնամու ջրաղացին ջուր լցնելու», աչառու վերաբերմունքի եւ պատմական փաստերն աղավաղելու մեղադրանքներ:

Աքրամ Այիսլին BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում նշել է, որ ժողովրդական գրողի կոչումից իրեն զրկելու որոշումն անսպասելի էր եւ «դրանից 30-ականների հոտ է գալիս»:

«Այդ որոշման համար հող է նախապատրաստվել, ինչպես 1930-ականներին՝ «ժողովրդի կողմից» ուղարկված նամակներով», — ասել է գրողը:

Օրեր առաջ մի խումբ երիտասարդներ գրողի տան դիմաց այրել են նրա լուսանկարը՝ ի նշան վեպի հետ ունեցած անհամաձայնության:

«Քարե երազները» ռուսերենով լույս է տեսել անցյալ տարի՝ «ժողովուրդների բարեկամություն» ամսագրում:

 

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է երկրորդ միջանկյալ զեկույցը’
Հաջորդ հոդվածը‘Նավթի գներն աճում են Իրանի շուրջ լարվածության աճին զուգահեռ’