‘Հայերն ու բուլղարացիները դարձյալ ֆուտբոլի դաշտը չեն կիսել (տեսանյութ)’

1278

Բուլղարական «Լևսկի» և հայկական «Ուլիս» ֆուտբոլի թիմերի միջև ընկերական խաղը Թուրքիայի Անթալիա քաղաքում դադարեցվել է 61-րդ րոպեին` խաղացողների և թիմերի ներկայացուցիչների զանգվածային ծեծկռտոց պատճառով: Այդ մասին հաղորդում է sportal.bg-ը:

«Լևսկիի» ներկայացուցիչների խոսքով, հայ խաղացողները հանդիպման սկզբից բացահայտ կոշտ են խաղացել և մշտապես սադրել են բուլղարացի ֆուտբոլիստներին: Հայկական ակումբի օգտին 2:1 հաշվի պայմաններում «Ուլիսի» պաշտպանը կոպտորեն գրոհել է մրցակիցներից մեկին, ինչից հետո խաղադաշտում սկսվել է ծեծկռտոց ֆուտբոլիստների մասնակցությամբ, որոշ ժամանակ անց նրանց են միացել ակումբների ներկայացուցիչները:

Արդյունքում` մի քանի խաղացողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Երբ ծեծկռտոցն ավարտվել է, «Լևսկիի» գլխավոր տնօրեն Իվանով-Գոնզոն խաղացողներին արգելել է շարունակել հանդիպումը և թիմը դուրս է տարել դաշտից:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ: 2012 թվականի սեպտեմբերի 11-ին, 2014 թվականի առաջնության ընտրական փուլում, Սոֆիայում Հայաստանի և Բուլղարիայի միջև հանդիպման ժամանակ հարձակում էր եղել հայ ֆուտբոլասերների նկատմամբ, իսկ խաղի ընթացքում բուլղարացի երկրպագուները վանկարկել էին «գնչուներ»` հյուրերի հասցեին: Արդեն 2013 թվականի հոկտեմբերի 10-ին հայ երկրպագուները վրիժառության ակցիա էին կազմակերպել «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ Հայաստան-Բուլղարիա հանդիպման ողջ ընթացքում վանկարկել էին «գնչուներ»:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովը (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Դատավորների փոխատեղումներ’