‘
Այս օրերին հայաստանյան մամուլի լրահոսը, ինչպես Երեւանի փողոցները, հեղեղված է տրանսպորտի թանկացման դեմ ընթացող համընդհանուր բողոքի ցույցերի մասին լուրերով:
Այս օրերին, հատկապես քաղաքի կենտրոնում, նույնիսկ «թերթ չկարդացող» մարդիկ՝ հետիոտներ, վարորդներ, սրճարաններում հանգստացողներ ու գրասենյակային աշխատողներ, ականատեսն ու մասնակիցն են շարժման. ցուցարարներին ազդանշաններով ձայնակցում են վարորդները, շոու-բիզնեսի աստղերի օրինակով հարյուրավոր քաղաքացիներ իրենց մեքենաներով անվճար ուղեւորափոխադրումներ են անում: Թվում է, թե բոլորը թաթախված են շարժմամբ: Բոլորը, բայց ոչ «Հայլուրը»՝ Հանրային հեռուստաալիքի լրատվական ծառայությունը:
Երեկվա «Հայլուրի» հիմնական թողարկման մակերեսային մոնիթորինգը հետեւյալ պատկերը վեր հանեց: Նախ՝ թողարկման մեկնարկին արվող՝ գլխավոր լուրերի անոնսում որեւէ խոսք չհնչեց թանկացումների ու դրա հարուցած շարժման մասին:
Օրվա ամենակարեւոր լուրը, ըստ ծրագրի խմբագիրների, Սերժ Սարգսյանի ինչ-որ հրամանագրի համաձայն՝ պետական մրցանակ տրամադրելու աշխատանքների մեկնարկի մասին տեղեկությունն է: Ամենակարեւոր լուրերի թվում նշվում է Հալեպից Բեյրութ ընթացող ավտոբուսի վրա տեղի ունեցած հարձակման մասին, որի հետեւանքով հայեր են տուժել, բուլղարացի պատգամավորներին ցուցարարների կողմից խորհրդարանի շենքում 8 ժամ պատանդ պահելու մասին, այնուհետեւ՝ առաջարկվում է դիտել Կալինինգրադի մարզում ապրող հայերի մասին «Առաջին լրատվականի» բացառիկ ռեպորտաժը, հետո՝ Մեծ Եղեռնի 100-ամյակին ընդառաջ՝ Ցեղասպանության թանգարանի եւ հուշահամալիրի վերանորոգման մասին տեսանյութը:
Ուղեվարձերի թանկացման դեմ Երեւանում ընթացող զանգվածային ցույցերի մասին՝ լուրերի հիմնական թողարկման անոնսում՝ ո՛չ մի խոսք:
Անոնսին անմիջապես հետեւում է պետական մրցանակների հանձնման ընթացակարգի մասին չորսուկես րոպեանոց ռեպորտաժը, «Լույս» հիմնադրամի թոշակառուների եւ շրջանավարտների հետ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպման մասին լուրը: Եւս 4 րոպե թողարկման հեղինակները տրամադրում են բրենդային խանութներում Պետեկմուտների կոմիտեի անկացրած ստուգայցերին: Հատուկ շեշտվում է, որ այդ այցերն անակնկալի են բերում ստուգման ենթակա հիմնարկների աշխատակիցներին: «Անակնկալ ստուգայցի» մասին խնամքով պատրաստված տեսանյութի ցուցադրումից հետո՝ ուշադրություն, «Հայլուրի» թողարկման 12-րդ րոպեին հաղորդավարը 36 վայրկյանների ընթացքում պատմում է, որ քաղաքում շարունակվում են ուղավերձի թանկացման դեմ հասարակական ակցիաները:
Տեքստն ուղեկցող տեսաշար չկա: Տեքստին «դեպքի վայրից» ռեպորտաժ չի հետեւում, կրկնենք, ո՛չ մի կադր, որը «կմատներ» ցուցարարների քանակը, որը կարող էր, ասենք, Լոռու մարզում բնակվող հեռուստադիտողին փոխանցել Երեւանում այս օրերին տիրող մթնոլորտը: Հեռուստադիտողը երբեք չի իմանա, որ Երեւանի փողոցներում ցուցարարների վանկարկումներին միանում են վարորդները՝ իրենց ազդանշաններով, որ մարդիկ ժպտում են միմյանց, ջահել աղջիկները խոստանում են գրկել 100 դրամ վճարողներին, տարեց պապիկները բանավիճում են ոստիկանների հետ, «ոչ 150-ին» պաստառներ են փակցված մեքենաների վրա, մանկասայլակների, երիտասարդ աղջկա ակնոցի ու նրա շնիկի վրա:
Փոխարենը՝ արդեն տեսաշարի ուղեկցությամբ հաղորդավարը պատմում է այն մասին, որ տրանսպորտի եւ կապի նախարարությունը մերժել է միջքաղաքային մի քանի երթուղիների ուղեվարձերի թանկացման հայտերը: Այսքանով հանրային հեռուստատեսության լրատվական ծրագրի՝ 42 րոպե տեւողությամբ թողարկման մեջ «տրանսպորտային թեման» փակվում է:
Ընդ որում՝ Հանրայինի «պրոֆեսիոնալները» ոչ մի խոսք չեն արտաբերում բողոքի յուրօրինակ ակցիա նախաձեռնած հայտնիների մասին. չէ՞ որ դրանց թվում ոչ միայն Կարգին Հայկոն ու Վիտամինի ու «Արմքոմեդիի» տղաներն են, այլեւ սերիալներից հայտնի դերասաններ, երգիչներ, լրագրողներ: Չէ՞ որ նրանց դիրքորոշումն արդեն որոշակի տպավորություն կգործի արտաքին աշխարհի հետ կապը հեռուստատեսության միջոցով պահող հայաստանցու եւ Հայաստանի անցուդարձին արբանյակային կապով հետեւող սփյուռքահայի վրա:
Ոչ մի խոսք չի ասվում free car կամ carpull ակցիայի մասին (հանկարծ հայտնիների օրինակից կոգեւորվեն ոչ միայն երեւանցիները, այլեւ մարզերի բնակիչները, եւ կսկսեն անվճար քաղաքից քաղաք տեղափոխել միմյանց):
Հանուն արդարության նշենք, որ ծրագրի հաղորդավարը խոստանում է ուղեվարձերի թանկացման թեմային վերադառնալ մեկուկես ժամ անց եւ արդեն «Հարցազրույց» հաղորդաշարի ընթացքում, ի շարս այլ հարցերի, տրանսպորտի թանկացման շուրջ զրուցել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ:
Հակոբ Կարապետյան
‘