‘«Հայկական Ժամանակ». ՀՀԿ-ի «ուշադրությունը», կամ ինչպես մուտք գործել ԱԺ-ի տարածք’

873

Դեկտեմբերի 3-ին Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ հաշմանդամ անձանց նկատմամբ ուշադրությունն ու սերը երբեմն կարող են շատ ավելի օգտակար լինել, քան բժշկությունը, և իրենք պարտավոր են տալ այդ ամենը նրանց: «Հաշմանդամների խնդիրները գտնվում են խորհրդարանի և անձամբ իմ ուշադրության կենտրոնում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ պետք է ստեղծել հավասար հնարավորություններ, որ հաշմանդամները ինտեգրվեն հասարակությանը:

Աբրահամյանի ելույթի օրը, դրանից մի քանի ամիս առաջ և մի քանի օր հետո, Աժ-ի միակ հաշմանդամություն ունեցող աշխատակիցը «Ժառանգություն» խմբակցության փորձագետ Արման Մուշեղյանը, սայլակով Աժ տարածք մուտք գործելիս մեծ դժվարություն է կրում: Չկարողանալով տարածքը և շենքը հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի դարձնել, Մուշեղյանի համար բացառություն է արվել՝ թույլատրելով Աժ մուտք գործել Դեմիրճյան փողոցի կողմից: Այդ փողոցը հաճախ է ծանրաբեռնված լինում պատգամավորների կայանած մեքենաներով: Առանց ուղեկցորդի աշխատանքի մեկնող փորձագետը ստիպված է լինում իր մեքենան կայանել բավականին հեռու և աշխատավայր հասնել սայլակով, ինչը Աժ դարպասին հասնելու համար լրացուցիչ դժվարություններ է հարուցում:

«Պետք է զանգեմ ինչ-որ մեկին կամ անցորդներից որևէ մեկին խնդրեմ, որ սայլակը ավտոմեքենայի թափքից հանի: Բացի դա, Աժ տարածքում ճանապարհը թեք է: Ամռանն էլի ոչինչ, բայց ձմռանն ու թաց եղանակին վտանգավոր է սայլակով անցնել»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգության» փորձագետը:  Նա պատմել է, որ դեռևս սեպտեմբերի 6-ին նամակով դիմել է Հովիկ Աբրահամյանին խնդրելով թույլատրել իր կողմից վարվող մեքենայով մուտք գործել տարածք, այսինքն՝ մինչև Աժ շենքի մուտքի դուռը հասնել մեքենայով: Ըստ Մուշեղյանի՝ Աժ նախագահը նամակը մակագրել է աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին, որն, ի պատասխան գրավոր նամակի, բանավոր խոսակցություն է ունեցել «Ժառանգության» փորձագետի հետ և տեղեկացրել, որ սեփական ավտոմեքենայով իրեն Աժ տարածք թույլատրելն անվտանգության տեսանկյունից խնդիրներ է առաջացնում: Մուշեղյանը պատրաստականություն է հայտնել ստորագրել անվտանգության նկատառումներից ելնող ցանկացած փաստաթղթի տակ, միայն թե հնարավորություն տան մեքենայով մոտենալ Աժ ետնամուտքի թեքահարթակին:

Աժ կանոնակարգով սահմանված է այն պաշտոնյաների ցանկը, որոնք իրավունք ունեն խորհրդարանի տարածք մուտք գործել ավտոմեքենայով: Տվյալ ցուցակն աշխատակազմը հանձնում է ոստիկանության պետական պահպանության վարչությանը: Հենաշարժողական խնդիր ունեցող Արման Մուշեղյանին, ինչպես ինքն է փոխանցել մեր թղթակցին, Աժ ղեկավարությունը փորձում է համոզել, որ իր անունը ցուցակում ներառելը բարդ գործ է՝ իր բարդագույն հետևանքներով:

Թերթը լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում են Աժ տարածք մուտք գործած, վտանգ չներկայացնող բազմաթիվ մեքենաները, որոնք պատկանում են, օրինակ, պատգամավորներ Մանվել Գրիգորյանին (051OO01), Ռազմիկ Զոհրաբյանին (045OO01), Կարեն Կարապետյանին:

Նախորդ հոդվածը‘Երեւանյան ամանորյա ֆաունան՝ ըստ Տարոնի (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Դեպարդյեն «արտագաղթում է» Ֆրանսիայից բարձր հարկերի պատճառով ‘