‘
Ադրբեջանցի զինվորի` հայկական կողմի կրակոցից զոհվելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։ «Պաշտպանության բանակի կողմից եղել են պաշտպանական գործողություններ ադրբեջանական կրակոցներին, սակայն ադրբեջանցի զինվոր չի սպանվել»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ նախօրեին երեկոյան հրազենից մահացու վիրավորվել է ադրբեջանական բանակի 24-ամյա ենթասպա Քաինաթ Մուհամեդալի օղլու Աբդուլլաեւը: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է զինծառայողի մահվան փաստը` նշելով, թե ենթասպան զոհվել է Թարթառի շրջանի Չայլու գյուղի մոտ` «թշնամու գնդակից»:
Ի դեպ, ադրբեջանական բանակում վերջին երեք օրերին արձանագրվել է զինծառայողի մահվան եւս 2 դեպք է գրանցվել: Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Բաքվի մոտ տեղակայված քաղաքներից մեկի զորամասի զինվոր Ջավիդ Սամիր օղլու Մամեդովը հուլիսի 30-ին լճում լողալիս է խեղդվել: Իսկ երկրորդ դեպքում «զենքի հետ անզգույշ վարվելու» հետեւանքով զոհվել է ադրբեջանական բանակի 19-ամյա զինվոր Նաջաֆ Ֆազիլ օղլու Ալիեւը:
2013 թ-ի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 58 զոհ, որոնցից 50-ը` ոչ մարտական պայմաններում, 71 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
‘