‘Հայկական ուղղաթիռի խոցման խրոնիկան’

2633

Նոյեմբերի 12-ն հայտնի դարձավ, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ, ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Ավել ուշ հայտնի դարձավ, որ խոցված ուղղաթիռի անձնակազմ անդամներն են հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, որոնք զոհվել են: ԼՂՀ Պաշտպանական բանակի լրատվական ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը երեկոյան տեղեկացրեց, որ  ադրբեջանական զինված ուժերը ժամեր ի վեր կրակահերթի տակ են պահում այն տարածքը, որտեղ ենթադրաբար ընկել է  խոցված ուղղաթիռը:

ԱՐդեն այսօր Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ ԼՂՀ-ն դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին` միջնորդելու ուսումնավարժական թռիչք կատարելու ընթացքում ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմին հայկական կողմին հանձնելու հարցում:

Ադրբեջանական լրատվամիջոցները հենց սկզբից փորձեցին ներկայացնել, որ հայկական ուղղաթիռը փորձել է հարձակում գործել ադրբեջանական դիրքերի վրա: Ընդ որում՝ իրենց հապճեպ հայտարարություններում Բաքվի տարբեր գերատեսչություններ հակասական հայտարարություններ արեցին: Նախ, ադրբեջանական ՊՆ-ը հայտարարեց, որ «հայկական ուղղաթիռը խախտել է օդային սահմանը», այնուհետեւ, գիտակցելով, որ սրանով փաստացի ճանաչվում է ԼՂՀ սահմանը, Բաքվի պաշտոնյաները փոխեցին ձեւակերպումը՝ ԱԳՆ-ը հայտարարեց, որ Ադրբեջանը «օկուպացրած տարածքների օդային տարածքները» հայտարարել է թռիչքազերծ գոտի եւ դրա մասին տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի մջազգային կազմակերպության բոլոր անդամներին:

«Լարվածության պահպանման հիմնական պատճառը ադրբեջանական օկուպացված տարածքներում Հայաստանի զինված ուժերի գտնվելու հանգամանքն է։ Այդ իսկ պատճառով առանց այդ էլ լարված իրադրության,- որի մասին ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է,- սրման ամբողջ պատասխանատվությունը Հայաստանն է կրում»,- ասված է հայտարարությունում։

Բացի դրանից, Բաքվի պաշտոնական  հաղորդագրություններից մեկում ներկայացվեց, թե իբր ուղղաթիռը խոցվել է «հարձակման պահին», մինչդեռ մեկ այլ հաղորդագրությունում նշվում էր, որ ուղղաթիռի վրա կրակ է բացվել՝ կանխելով «թշնամու հարձակումը»: Ավելի ուշ հենց ադրբեջանցիների կողմից տարածված տեսանյութը փաստում է, որ հայկական ՄԻ-24-ը թռչում էր ադրբեջանական դիրքերից բավական մեծ հեռավորության վրա, ընդ որում՝ այն խոցվում է հետեւից, այսինքն, հարձակման մասին խոսք լինել չէր կարող:

Ինչեւէ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առանց հապաղելու ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողին պարգևատրեց «Մարտական սխրանքի 3-րդ աստիճանի» շքանշանով։

Տեղական եւ միջազգային լրատվամիջոցներն անմիջապես փաստեցին, որ սա 1994-ին հաստատված զինադադարից ի վեր՝ ամենախոշոր միջադեպ էր: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ «այս աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»:

Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն իր հերթին հայտարարեց, որ ԼՂՀ պատասխանը ադրբեջանական սադրանքին լինելու է խիստ եւ ցավագին: «Եթե հակառակորդը շարունակի իրեն այսպես պահել, մենք նրան խորտակիչ հարված կհասցնենք այնտեղ, որտեղ նա ամենևին չի սպասում: Մեր համապատասխան ծառայությունները մշտապես ուսումնասիրում են հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, և հարվածելու ենք այնտեղ, որտեղ թշնամու համար լինելու է ավելի ցավագին: Եվ դա չի նշանակում, որ նրա թույլ տեղին ենք հարվածելու, այլ ամենաուժեղ ու պաշտպանված տեղին, որ միանգամից մեր խնդիրները լուծենք: Մեր այդ հարվածից հետո հակառակորդը շատ երկար ժամանակ չի կարողանա ուշքի գալ»,- նշել է Հակոբյանը:

Միջադեպը դատապարտող հայտարարություն տարածեց նաեւ ՀՀ արտգործնախարարությունը՝ նշելով, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ և հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու համար բանակցային գործընթացը:

«Ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթնաժողովներում հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները», -ասվում է ԱԳՆ տարածած հայտարարության մեջ՝ իրավիճակի լարման ողջ պատասխանատվությունը դնելով ադբեջանական ղեկավարության վրա:


Միջազգային արձագանքը  

Հայտարարություններով հանդես եկան նաեւ միջազգային կառույցները՝ նման միջադեպերի համար սովորական դարձած՝ երկու կողմերին «զսպվածություն ցուցաբերելուն» ուղղված կոչերով: Մասնավորապես, ցավակցություն հայտնելով խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների հարազատներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահերն իրենց «խորը մտահոգությունն» արտահայտեցին շփման գծում բռնության սրացման կապակցությամբ:

«Համախագահները լրջորեն անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք հրադադարի մասին պայմանագրի ստորագրումից ի վեր` իր տեսակի մեջ աննախադեպ ծայրահեղ դեպքի պատճառ են դարձել: Մենք խստորեն կոչ ենք անում կողմերին խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են շփման գծի երկայնքով եւ հայ-ադրբեջական սահմանին հանգեցնել լարվածության սրացմանը: Տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ բռնության եւս մեկ փուլ, ինչին ականատես եղանք այս ամառ: Այսօրվա դեպքերը հիշեցում են մեզ ԼՂ հակամարտության փխրունության մասին, եւ անրաժեշտ է ակտիվացնել կայուն կարգավորման որոնման ջանքերը», — մասնավորապես՝ ասվում է ՄԽ համանախագահների ուղերձում:

Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զոնիերը՝ անհանգստություն հայտնելով «Լեռնային Ղարաբաղի ներսում եւ դրանից դուրս իրադարձություններով», ինչպես նաեւ նշելով, որ նման աղետները կարող են ավելի խորը ճգնաժամի հանգեցնել:

Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը նույնպես անդրադարձավ ուղղաթիռի խոցման դեպքին՝ հորդորելով կողմերին՝ զսպվածություն դրսեւորել եւ զերծ մնալ գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության գոտում սրացման: Միեւնույն ժամանակ, ԵՄ-ը կոչ է անում հետաքննել միջադեպը եւ աջակցություն հայտնում Մինսկի խմբի ձեւաչափով ընթացող բանակցություններին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հիշեցրեց, որ ընթացիկ տարվա ողջ ընթացքում ադրբեջանական եւ ղարաբաղյան զորքերի (ձեւակերպումը Բորդյուժայինն է-խմբ.) շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին գրեթե անընդհատ զինված ընդհարումներ են տեղի ունեցել: «Այսօր մենք ականատես ենք հրադադարի պայմանավորվածության նոր խախտման: Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսեւորում է: Առաջացել է հակամարտության նոր ճյուղի լարման սպառնալիք: Հարավային Կովկասում իրադրությունը գնալով ավելի սրվում է», —  հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ կոչ անելով դադարեցնել հրադադարի ռեժիմի խախտումը եւ շարունակել բանակցային գործընթացը:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն իր հերթին հայտարարեց, որ «Անկախ միջադեպի հանգամանքներից` կողմերը պետք է զսպվածություն դրսևորեն և ձգտեն հասնել հակամարտության դիվանագիտական կարգավորման»:

Մինսկի խմբի համանախագահ երկրներից միջադեպի վերաբերյալ առաջին արձագանքը եկավ Վաշինգթոնից. պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին լրագրողների հետ հանդիպմանը դատապարտեց ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղին պատկանող ուղղաթիռի խոցման փաստը: «Այսօրվա իրադարձությունները ևս մեկ անգամ հիշեցնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտության, լարումները կրճատելու, հրադադարը հարգելու կարևորության մասին», — հայտարարեց Փսակին:

Որոշակի մեկնաբանություններով հանդես եկան նաեւ համանախագահ երկրներից խորհրդարանականներ եւ հանրային գործիչներ: Մասնավորապես, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը հայտարարել է, որ այս հերթական բռնությունը «ադրբեջանական վարչակարգի ձեռքի գործն է»:

«Հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Հայաստանի իր պաշտոնակցի հետ միասին, Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ հանդիպման ընթացքում պարտավորվել էր միջոցներ ձեռք առնել «տեղում լարվածությունը նվազեցնելու համար: Այս սադրանքը ի չիք է դարձնում Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները: Մենք հույս ունեինք, որ Բաքուն առավել ռացիոնալ եւ կառուցողական վարքագիծ էր որդեգրելու Փարիզում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական հանդիպումից հետո: Խախտելով ընդամենը մի քանի օր առաջ Ֆրանսիային տրված իր խոստումը՝ ադրբեջանական վարչակազմը դրանով ցույց է տալիս, որ հուսալի գործընկեր չէ տարածաշրջանում», – նշել է ֆրանսիացի պատգամավորը:

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆն իր հերթին սադրանք է որակել ուղղաթիռի կործանումը՝ համարելով, որ դրա միջոցով Իլհամ Ալիեւի ռեժիմը նպատակ ունի շեղել հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից: «ԼՂՀ տարածքում անզեն ուղղաթիռի կործանումը ցույց է տալիս մարդկային կյանքերի նկատմամբ Ադրբեջանի արհամարհանքը և ցանկությունը՝ բռնության սադրիչ գործողություններ իրականացնել՝ ներքին խնդիրներից շեղելու համար: Այս զարհուրելի վարքը սպառնում է ապակայունացնել ողջ տարածաշրջանը», — ասել է կոնգրեսական Շիֆը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հորդորել է Ամերիկայի հայ համայնքին` դիմել իրենց սենատորներին և կոնգրեսականներին և կոչ անել նրանց՝ դատապարտել Ադրբեջանի բռնությունը: «Միացյալ Նահանգները պետք է դատապարտի այս բռնարարքը, պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումը և սահմանափակի երկկողմ հարաբերությունները, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել ուժի գործադրումը հայ ժողովրդի դեմ: Ավելին` Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի, Արցախի և Ադրբեջանի միջև հավասարության, բարոյական հավասարության նշան դնելու` թերի և ձախողված մտայնությունից: Չկա նման բան: Արցախը ժողովրդավարական պետություն է, որն իր ձեռքն է մեկնում խաղաղության կոչով, Ադրբեջանը բռնապետություն է, որը բռունցքն է թափահարում հայ ժողովրդի ուղղությամբ: Միացյալ Նահանգները պետք է կանգնի խաղաղության և ժողովրդավարության կողքին», — հավելել է նա:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է Համաժողովրդական շարժման հռչակագիր ստորագրել’
Հաջորդ հոդվածը‘Աշխատատեղերի ստեղծման համար ՀԲ-ն Հայաստանին $75 մլն վարկ է տրամադրել’