‘
ՀՖՖ մամուլի քարտուղարությունն, ըստ ժամանակագրության, առանձնացրել է 10 իրադարձություն, որոնք ավարտին մոտեցող 2012 թվականին կարևոր էին Հայաստանի ֆուտբոլային հասարակության համար:
1. Արաս Օզբիլիսն առաջին անգամ հանդես եկավ Հայաստանի ազգային հավաքականում:
2012-ի փետրվարին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց 2 ընկերական հանդիպում Սերբիայի և Կանադայի հավաքականների հետ: Հենց Կանադայի ընտրանու հետ խաղում ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշեց այն ժամանակ Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը և իր առաջին իսկ խաղում աչքի ընկավ գոլով՝ 11 մետրանոցից գրավելով Կանադայի հավաքականի դարպասը:
2. Վերաբացվեց Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտը:
2012-ի ապրիլի 29-ին հանդիսավորությամբ վերաբացվեց Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտը: Հենց այստեղ էլ տեղի ունեցավ Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը Գյումրիի «Շիրակի» և Դիլիջանի «Իմպուլսի» միջև: 1-0 հաշվով հաղթելով մրցակցին՝ գյումրեցիներն իրենց պատմության մեջ առաջին անգամ տիրացան Հայաստանի գավաթին:
3.Հայաստանի ազգային հավաքականը հանդես եկավ Adidas ֆիրմայի մարզահագուստով:
2012-ի մայիսին տեղի ունեցած Հունաստան-Հայաստան մրցավեճում Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ հանդես եկավ Adidas ֆիրմայի մարզահագուստով: Իսկ նոր մարզահագուստով առաջին հաղթանակը Հայաստանի ազգային հավաքականը տարավ հունիսի 5-ին, Երևանում՝ 3-0 հաշվով հաղթելով Ղազախստանի հավաքականին:
4.Հայաստանն առաջին անգամ իրավունք ստացավ անցկացնել ՊՐՈ արտոնագրի դասընթացներ:
Հայաստանն առաջին անգամ իրավունք ստացավ անցկացնել ՈՒԵՖԱ-ի մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացներ, որի արդյունքում այն մարզիչները, ովքեր կարժանանան ՊՐՈ արտոնագրի, հնարավորություն կստանան աշխատել եվրոպական ամենաբարձր մակարդակի թիմերում: Հենց սա է ՊՐՈ արտոնագրի հիմնական նշանակությունը Հայաստանի համար:
5. Հայկական երկու ակումբ հայտնվեցին եվրագավաթների հաջորդ փուլում:
Երկարատև ընդմիջումից հետո հայկական միանգամից երկու ակումբներ հաղթահարեցին եվրոպական ակումբային մրցաշարերից մեկի՝ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը: Այդ ակումբներն էին Գյումրիի «Շիրակը» և Կապանի «Գանձասարը»: Ընդ որում երկուսի համար էլ սա նմանատիպ առաջին հաջողությունն էր:
6. Հենրիխ Մխիթարյանը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի առաջին ֆուտբոլիստը, ով գոլ հեղինակեց Չեմպիոնների լիգայում:
2012-ի սեպտեմբերին տեղի ունեցած ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում 2 գնդակ ուղարկելով դանիական «Նորդշելլանդի» դարպասը՝ Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում գոլի հեղինակ դարձած Հայաստանի ազգային հավաքականի անդամ առաջին հայ ֆուտբոլիստը:
7. Վերաբացվեց «Հրազդան» մարզդաշտը
2012 թ. հոկտեմբերի 12-ին Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Իտալիա մրցավեճից առաջ տեղի ունեցավ «Հրազդան» մարզադաշտի վերաբացումը: «Հրազդան» մարզադաշտը՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանող նոր խոտածածկով, լուսարձակներով, տեսալուսային եւ անվտանգության համակարգերով, վերանորոգված ենթակառուցվածքներով, ընդունեց ֆուտբոլի՝ ավելի քան 30 հազար երկրպագու:
8. Սարգիս Հովսեփյանը հրաժեշտ տվեց «մեծ ֆուտբոլին»
Նոյեմբերի 14-ին՝ Լիտվայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի խաղը: 40-ամյա Հովսեփյանը, ով հավաքականում անցկացրել էր 131 հանդիպում, խաղին մասնակցեց ընդամենը 4 րոպե՝ իր տեղը զիջելով Արտակ Եդիգարյանին, իսկ ավագի թևկապը փոխանցելով Ռոման Բերեզովսկուն: Խաղի ընդմիջմանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Սարգիս Հովսեփյանին հանձնեց ՀՖՖ-ի նվերը`թանկարժեք ավտոմեքենա, իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ոսկե մեդալ:
9. ՈՒԵՖԱ—ի մարքետինգային «Կրեատիվ եւ ինովացիա» մրցանակը հանձնվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագծին:
ՈՒԵՖԱ-ի Գիտելիքի եւ Տեղեկատվության Փոխանակման Սցենարներ (Knowledge & Information Sharing Scenario (KISS)) նախագծի շրջանակներում արդեն երկրորդ տարին անցկացվող «Մարքետինգ մրցանակաբաշխության» ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մանկապատանեկան ֆուտբոլի «Դու էլ կարող ես դառնալ Հայաստանի ազգային հավաքականի անդամ» նախագիծը Պորտուգալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Շոտլանդիայի, Նիդեռլանդների, Դանիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Իսրայելի, Իսլանդիայի, Բուլղարիայի եւ Ֆինլանդիայի ազգային ֆեդերացիաների ներկայացրած նախագծերի շարքում արժանացավ «Լավագույն էլեկտրոնային մարքետինգային արշավ» (Best Digital Marketing Campaign) անվանակարգի «Կրեատիվ եւ ինովացիա» մրցանակին (Creativity and Innovation award):
10. Հայաստանը կհյուրընկալի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունը:
2012 թ. դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2013/2014 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականն ընդգրկվեց 7-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Անգլիայի, Իռլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք ստացավ կազմակերպել մրցաշարը Հայաստանում Այն տեղի կունենա 2013թ հոկտեմբերի 23-30-ը:
‘