‘Հայկ Ալումյան. Սուրիկ Խաչատրյանի գործով դատերը միտումնավոր ձգձգում են ‘

869

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Լիսկայի գործով» փաստաբան Հայկ Ալումյանի և Էմիլ Բուդաղյանի բողոքների քննությունը: Բուդաղյանների ներկայացուցիչ Հ. Ալումյանը բողոք էր ներկայացրել դատարան՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին  ազատելու որոշման դեմ և Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով:  

Ծանոթանալով նախորդ դատական նիստին քննիչի կողմից ներկայացված քրեական գործում պարունակվող նյութերի ցանկին՝ Հայկ Ալումյանը հայտարարեց, որ գործում առկա են մի շարք փորձաքննություններ, ցուցմունքներ, սխեմաներ, զննություններ, հեռախոսազանգերի վերծանումներ, որոնք քննիչը չի ներկայացրել՝ չնայած պնդում էր, որ բողոքին առնչվող բոլոր նյութերը ներկայացված են:

Փաստաբան Ալումյանը այսօր կրկին դիմեց դատարանին՝ կողմերի հավասարությունը ապահովելու նպատակով պահանջելու գործին վերաբերող բոլոր նյութերը: Ավելին՝ հայտնեց, որ պարզ է դարձել՝ չներկայացված էջերի շարքում են գտնվում նաեւ մի քանի կարեւոր ցուցմունքներ, այդ թվում՝ նաեւ Սուրիկ Խաչատրյանի կողմից տրված երկրորդ ցուցմունքը: Նշված փաստը քննիչը պատճառաբանեց շփոթմունքով՝ խոստանալով, որ անհապաղ կներկացանի բացակայող ցուցմունքները:

«Ես համոզված եմ, որ այս դատը միտումնավոր ձգձգվում է, քանի որ, ըստ օրենքի՝ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի ազատ արձակման որոշումը կայացնելուց վեց ամիս անց մենք արդեն ոչինչ չենք կարողանա անել»,- դատական նիստի ավարտին նման հայտարարությամբ հանդես եկավ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 24-ին, որի ժամանակ քննիչը կհաղորդի իր վերջնական դիրքորոշումը: 

Նախորդ հոդվածը‘Ամանորից առաջ ձվի պակասը պայմանավորված էր մատակարարման ուշացումներով. Գյուղնախարարության անարժանահավատ մեկնաբանությունը’
Հաջորդ հոդվածը‘Թուրք Ազգայնականների փողոցը վերանվանվել է Հրանտ Դինքի անունով ‘