‘Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը` նոյեմբերի 19-ին ‘

696

2012 թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող  Հայկ Խաչատրյանի գործի քննության շարունակությունը: Այդ մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Նախատեսված դատական նիստի ընթացքում ցուցմունք կտան վիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր Սևակ Շահվազյանը, բուժքույրեր Վիկտորյա Աճեմյանը և Հրանուշ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից: Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:Իսկ Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի հրամանատար, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսուա Օլանդի հանդիպել է սիրիական ընդդիմության առաջնորդի հետ (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘«Դինամո» — Զենիթ» հանդիպումն ավարտվեց սկանդալով. տեսանյութ’