‘Հայկ Կյուրեղյանը դադարեցրել է հացադուլը’

1069

2016 թվականի հունվարի 22-ին երեկոյան 20:00 սահմաններում արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը այց է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ։

Այցելության ընթացքում խմբի անդամներ Ա․ Զալյանը, Ա․ Սահակյանը ինչպես նաև փորձագետ Ա․ Սաքունցը հանդիպում են ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի հետ։ Հանդիպման ընթացքում դիտորդները և փորձագետը ներկայացրել են Հայկ Կյուրեղյանին անհանգստացնող հիմնական հարցերը և պահանջները։ Խմբի անդամները առանձնազրույց են ունեցել նաև Հ. Կյուրեղյանի հետ։

Դիտորդական խմբի միջնորդությամբ Հ. Կյուրեղյանը ստացել է ՔԿՀ վարչակազմի հավաստիացումը, որ կտեղափոխվի մենախուց, ինչով և կապահովվի նրա անվտանգությունը։ Որից հետո Հայկ Կյուրեղյանը հայտարարել է ջրադուլից և հացադուլից դուրս գալու մասին։ Հիշեցնենք, որ շուրջ 8 օր է՝ Հայկ Կյուրեղյանը հացադուլ էր հայտարարել, և 5 օր է նաև ջրադուլ։

Ավելի վաղ խումբը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպում էր ունեցել ստիկանի դեմ բռնության մեղադրանքով կալանավորված Գևորգ Սաֆարյանի հետ։ Հանդիպման ընթացքում արձանագրված իրավիճակը մտահոգություն է առաջացրել արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների մոտ։

Խումբը իր հաղորդագրությունում տեղեկացնում է, որ Սաֆարյանի հետ հանդիպել են հունվարի 21-ին երեկոյան՝ ժամը 22-ի սահմաններում՝ ահազանգ ստանալուց հետո։

«2016 թվականի հունվարի 22-ին Խումբը հրատապ հաշվետվություն է ուղարկել ՀՀ ԱՆ։ Հրատապ հաշվետվություններում ներկայացվում են քրեակատարողական ծառայությունում բացահայտված մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին փաստեր, եզրակացություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Հրատապ հաշվետվության կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են երեք օրվա ընթացքում։ Դիտորդական խումբը ԱՆ մեկնաբանությունը ստանալուն պես կհրապարակի հրատապ հաշվետվության և մեկնաբանության բովանդակությունները»,- ասված է դիտորդական խմբի հայտարարությունում։

Նախորդ հոդվածը’03/06 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին մեղադրանք է առաջադրվել’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ նախագահի ընտրությունում եվրոպական ֆեդերացիաները կաջակցեն Ինֆանտինոյին’