‘
Դերասան Հայկ Մարությանը՝ «Կարգին» Հայկոն, «Ժողովուրդի» հետ զրույցում հայտարարել է, որ քանի դեռ հստակ որոշում չկա, որ Երևանի ներքաղաքային տրանսպորտի գինը կրկին բարձրանալու է, ինքը զերծ կմնա ասեկոսեների հիման վրա մեկնաբանություն տալուց:
Թերթը հիշեցնում է, որ հուլիսին, երբ փորձ արվեց թանկացնել տրանսպորտի գինը, free car (անվճար մեքենա) կոչվող ակցիաների շրջանակներում Հ. Մարությանն իր մեքենայով մարդկանց էր տեղափոխում:
—Պարոն Մարության, տեղեկություններ կան, որ Երևանի ներքաղաքային տրանսպորտի գինը կրկին թանկանալու է: Քանի որ Դուք եղել եք տրանսպորտի թանկացման դեմ պայքարի առաջամարտիկներից, խնդրում եմ ասել, թե ինչ եք պատրաստվում անել առաջիկայում, արդյոք կա՞ն պայքարի նոր մեթոդներ:
-Տրանսպորտի թանկացման հետ կապված խոսակցություններ կան, բայց ռեալ որոշում չկա: Ավելի ճիշտ կլինի, երբ ինչ- որ որոշում լինի թանկացման մասին, նոր մենք ծավալվենք: Իհարկե, պայքարելու նոր ձևեր մշակվել են, բայց դրանք ձեզ չեմ կարող ասել, քանի որ դա գաղտնիք է, իսկ գաղտնիքը չի կարելի բացահայտել, որ պետք եղած ժամանակ սյուրպրիզ լինի մեր օպոնենտների համար (ծիծաղում Է): Այո՝ կան նոր «սյուրպրիզային» ձևեր, որոնց մասին կասենք այն ժամանակ, երբ որ ժողովրդի կամքին դեմ նոր որոշում կայացվի: Համենայնդեպս, անցած անգամ, ես կարող եմ ասել, որ այդ որոշումը ժողովրդի կամքին դեմ էր: Ու ժողովուրդն էլ ոտքի կանգնեց, քանի որ մարդիկ իսկապես չէին կարողանում այդ գումարը տալ: Կարելի է ասել՝ ճարահատյալ պայքար էր:
-Այսինքն՝ եթե հրապարակվի Երևանի քաղաքապետի որոշումը տրանսպորտի գինը 100 դրամից կրկին 150 դրամ դարձնելու վերաբերյալ, Դուք կրկին «ոտքի՞» եք կանգնելու:
-Պարտադիր, քանի որ իսկապես ժողովուրդը չի կարողանում վճարել այդ գումարը: Կարելի է ասել, որ այդ որոշումը զրկում է ժողովրդի մեծ մասին ազատ տեղաշարժվելու իրավունքից, որն ամրագրված է մեր Սահմանադրությամբ: Մենք միայն մի դեպքում պայքարի դուրս չենք գա:
Հայկ Մարությանը նաև ասել է, որ ժողովուրդը չի կարողանում ինքնակազմակերպվել, ժողովրդին պետք է ցույց տալ պայքարելու ձևը, միջոցները:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում:
‘